HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել են ստորագրահավաք՝ ԸՕ-ի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու

Խորհրդարանը սկսեց հերթական նիստի աշխատանքները պատգամավորների՝ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով և Ընտրական օրենսգրքի քվեարկությանն անդրադառնալով։ Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը մերժեց կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ հին ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրություններին մասնակցելը հնարավորություն է ընձեռնելու ՀՀԿ-ին ռեյտինգային ընտրակարգի միջոցով զգալի ներկայություն ապահովել խորհրդարանում։

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հակադարձեց՝ ինքը տվել է բոլոր հնարավորությունները, որպեսզի այն խմբակցությունները և պատգամավորները, որոնք հայտարարել են արտահերթ ընտրություններին աջակցելու մասին, քվեարկությանը պատշաճ կերպով իրենց մասնակցությունը ապահովեն։

«Ունենալով 69  մարդ, որոնք հայտարարել էին իրենց աջակցության մասին, մասնակցեցին ընդամենը 57-ը՝ այն էլ իմ կողմից տրված հավելյալ ժամանակի շնորհիվ։ Արդյունքում ազնիվ եղավ մի խմբակցություն՝ ՀՀԿ-ն, որն ասաց համաձայն չէ ու մինչև վերջ մնաց իր տեսակետին»,- ասաց Բաբլոյանը։

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ «Ելք» խմբակցության հետ ստորագրահավաք են նախաձեռնել, որպեսզի երկուշաբթի հրավիրեն արտահերթ նիստ՝ օրակարգում կրկին ընտրական օրենսգրքի նախագիծը։

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ, արձագանքելով Տիգրան Ուրիխանյանի խոսքերին, հիշեցրեց, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններով իրենք նպատակ են ունեցել հեշտացնել գործող ընթացակարգերը, որպեսզի նոր ձևավորվող քաղաքական ուժերն էլ հնարավորություն ունենան խորհրդարանում հայտնվելու։

Նազարյանը նաև ասաց, որ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները ներկա են եղել և կողմ քվեարկել, ի տարբերություն մյուս խմբակցությունների, ինչպես օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքի։

Հիշեցնենք, որ ԸՕ-ի քվեարկությունից բացակա էին «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանը, նույն խմբակցության պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանը և Վարդան Ղուկասյանը: Քվեարկությանը չեն մասնակցել նաև այն պատգամավորները, որոնք կողմ էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչպես՝ Արսեն Միխայլով, Ռոբերտ Սարգսյան, Արտակ Սարգսյան, Արայիկ Գրիգորյան, Հարություն Կարապողոսյան։

Լրացված. 12:20 

Հոկտեմբերի 29-ին խորհրդարանում պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվելու է արտահերթ նիստ՝ օրակարգում ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանի խոսքով՝ արտահերթ նիստ հրավիրելու պատգամավորների ստորագրահավաքին միացել է ավելի քան 27 պատգամավոր, ինչն էլ անհրաժեշտ էր նիստ հրավիրելու համար: Ստորագրահավաքին միացել են «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter