
600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին
Հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման որևէ հայց է քննվում։ Իշխանությունները գրեթե նույն պարբերականությամբ խոսում են «թալանվածը վերադարձնելու» վճռականության մասին։ Բռնագանձման գործերով հիմնականում անցնում են 2018 թ․-ին նախորդող տարիներին պետական պաշտոններ զբաղեցրած քաղաքական և տնտեսական ազդեցություն ունեցած անձինք։
«Հետք»-ն ուսումնասիրել է միլիարդավոր դրամների պահանջով գործերից մեկը և պարզել, որ Դատախազության կազմած ցանկից դուրս է մնացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող անձի անունով գրանցված մոտ 600 հազար ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը։ Ամիսներ անց ցանկից դուրս մնացած և Երևանի փոքր կենտրոնում գտնվող այդ բնակարանը դարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու սեփականությունը։
Հակակոռուպցիոն դատարանում 2023 թ.-ի հոկտեմբերից քննվում է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մի շարք գույք բռնագանձելու՝ Դատախազության հայցը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուսումնասիրության հիման վրա Գագիկ Ծառուկյանից եւ նրա մերձավորներից պահանջվում է պետությանը վերադարձնել միլիարդավոր դրամական միջոցներ, բաժնետոմսեր, ավտոմեքենաներ, տներ եւ բնակարաններ։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ արդեն 1.5 տարի քննվում է այս հայցը։ Բացի Ծառուկյաններից, Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաեւ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ներգրավված Տիգրան Մանուկյանից։ Տիգրան Մանուկյանը Հայաստանում «Միցուբիշի» եւ «ՄԱԶ» մեքենաներ ներմուծող ընկերության՝ «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Մանուկյանը եղել է նաև «Շանգրի լա» խաղատան տնօրենը և Ծառուկյանի հետ կապ ունեցող այլ ընկերությունների բաժնետեր։ Դատախազությունը Տիգրան Մանուկյանից պահանջում է բռնագանձել հետևյալ գույքը՝
- «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը
- 21 ավտոմեքենա («Մերսեդես բենս», «Ռենջ Ռովեր», «Բի Էմ Դաբլյու» և այլ մակնիշների)
- 13 բնակարան Երեւանում (Նորք-Մարաշում)
- 10 ավտոհանգրվան Նորք-Մարաշի նույն շենքում
- 2 բնակարան Երեւանում (Աբովյան փողոցում)
Բոլոր բնակարանները գտնվում են Գագիկ Ծառուկյանի կառուցած շենքերում՝ Նորք-Մարաշի նորակառույց թաղամասում եւ Երևանի փոքր կենտրոնում կառուցված Աբովյան 9 շենքում։ Դատախազությունը պահանջում է Տիգրան Մանուկյանից բռնագանձել Աբովյան փ․ 9-րդ շենքի 36-րդ եւ 39-րդ բնակարանները։
Ուսումնասիրելով Տիգրան Մանուկյանին պատկանող եւ պատկանած գույքի ցանկը՝ «Հետք»-ը պարզել է, որ Տիգրան Մանուկյանը Աբովյան 9 հասցեում եւս մեկ բնակարան է ունեցել՝ թիվ 30-ը։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի պաշտոնավարման ժամանակ է սկսել ուսումնասիրել Տիգրան Մանուկյանի անունով գրանցված գույքը եւ բռնագանձման հայց ներկայացրել դատարան։ 2023 թ․ հոկտեմբերին ներկայացված հայցում չի ներառվել այդ ժամանակ սեփականության իրավունքով Տիգրան Մանուկյանին պատկանած «Աբովյան փողոց 9 շ․, 30 բնակարան» հասցեով գույքը։
Կասկածելի գործարք
Բռնագանձման հայցը դատարան ներկայացվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 23-ին, Տիգրան Մանուկյանը ցանկից դուրս մնացած բնակարանը նվիրել է ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող, արմատներով Էջմիածնից Եղիշ Համբարձումյանին։
Բռնագանձման գործը դատարան մուտք արվելուց 4 ամիս անց Եղիշ Համբարձումյանը նվեր ստացած բնակարանը վաճառել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին։
50-ամյա Եղիշ Համբարձումյանն Արմավիրի մարզի Դողս գյուղից է, 2015 թ․-ին համայնքի ավագանու կողմից արժանացել է Դողսի պատվավոր քաղաքացու կոչման՝ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնանորոգելու եւ կահավորելու համար։ Համբարձումյանը նաեւ ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի հայկական համայնքի անդամ է։ ՌԴ հարկային մարմնի տվյալների համաձայն՝ 2018 թ․-ին Ե․ Համբարձումյանը հիմնադրել է «Макстрой» շինարարական ընկերությունը։ Եղիշե Համբարձումյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ծանոթներ են։
ԱԱԾ տնօրենի որդու թանկարժեք գործարքը
Աբովյան փողոց 9 շենքը Երևանի փոքր կենտրոնում է՝ Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շենքը կառուցել է դեռևս 2005-2007 թթ.-ին։ Այս շենքում պատահական մարդիկ չեն բնակվում։ 2024 թ.-ի փետրվարին բարձրահարկ շենքի 9-րդ հարկի ընդարձակ բնակարաններից մեկը՝ 30 համարի, վաճառվել է։
«Հետքը» պարզել է, որ 225.8 քմ մակերեսով բնակարանը 240 միլիոն դրամով գնել է Ռոբերտ Աբազյանը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի 31-ամյա որդին։ Գործարքի պահին Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով այն մոտ 600 հազար դոլար է կազմում (593 721 USD)։ Բնակարանի 1 քմ-ը Ռոբերտ Աբազյանը գնել է 2,627 դոլարին համարժեք դրամով։
Տվյալ ժամանակահատվածում Երևանի փոքր կենտրոնում վաճառված բնակարանների 1 քմ-ի շուկայական արժեքն ավելին է եղել, քան սահմանվել է նշված գործարքում։ Ըստ անշարժ գույքի գործակալների, Երևանի փոքր կենտրոնում 2024 թ․-ին 1 քմ բնակտարածքի շուկայական արժեքը տատանվել է 3500-4000 ԱՄՆ դոլարի միջակայքում։ Այդ պայմաններով Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի շուկայական արժեքը պետք է լիներ 790- 900 հազար ԱՄՆ դոլարի սահմանում։
Գնված բնակարանի մակերեսն ավելի լավ պատկերացնելու համար նշենք, որ երևանյան միջին վիճակագրական 3 սենյականոց բնակարանի մակերեսը 75–110 քմ է։ Եթե մեծ մակերեսով երկու 3 սենյականոց բնակարան միացնենք, կստացվի այնքան տարածք, որքան գնել է Ռոբերտ Աբազյանը։
Բնակարանը ձեռք է բերվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի տրամադրած հիփոթեքային վարկով։
Ինչո՞ւ է Դատախազությունը բռնագանձման ցանկից դուրս թողել «Աբովյան 9, թիվ 30» բնակարանը
Պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որի ղեկավարած կառույցի կազմում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը եւ որի աշխատանքը մինչեւ 2024 թ․ նոյեմբերը համակարգել է Արդարադատության ներկայիս նախարար Սրբուհի Գալյանը։ Ներկայացնելով Աբովյան 9 շենքի 30-րդ բնակարանի պատմությունը՝ Դատախազությանը հարցրել ենք՝
- Ինչո՞ւ Տիգրան Մանուկյանին պատկանած «Երևան, Աբովյան փ․ 9 շ․, 30 բնակարան» հասցեի գույքը չի ներառվել ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկում, որը հետագայում անխոչընդոտ վաճառվել է (գույքի վրա որևէ արգելանք չի դրվել ո՛չ ուսումնասիրության շրջանակում, ո՛չ էլ, բնականաբար, դատաքննության փուլում)։
Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ Տիգրան Մանուկյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում Գագիկ Ծառուկյանին փոխկապակցված անձ: Տիգրան Մանուկյանի դեմ գույքի բռնագանձման պահանջը ներկայացված է՝ հաշվի առնելով այն, որ նրա անվամբ գրանցված է որոշ գույք, որի իրական շահառու է դիտարկվել Գագիկ Ծառուկյանը:
«Ինչ վերաբերում է Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված և հայցապահանջում չներառված որևէ գույքի, ապա հարկ է նշել, որ Իրավասու մարմինը Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված ոչ ամբողջ գույքի իրական շահառու է համարել Գագիկ Ծառուկյանին, վերջինը համարվել է այն գույքի իրական շահառու, որի՝ Օրենքի իմաստով Գագիկ Ծառուկյանին պատկանելությունը հիմնավորելու տեսանկյունից ստացվել են այնպիսի ապացույցներ, որոնց համակցությունը բավարար է գնահատվել Իրավասու մարմնի վկայակոչած փաստերի հաստատման տեսանկյունից:
Հետևաբար, այս պարագայում որևէ գույք ոչ թե դուրս է թողնվել պահանջվող գույքի ցանկից, այլ Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված այլ գույքի մասով պահանջ չներկայացնելը պայմանավորված է այդպիսի գույքի իրական շահառուն Գագիկ Ծառուկյանին համարելու և դրանց ձեռքբերումն ապօրինի որակելու փաստերի վկայակոչման նպատակով վերը նշված ապացույցների անբավարարությամբ կամ բացակայությամբ»,- գրավոր պատասխանել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Այսինքն՝ Դատախազությունը «Երևան, Աբովյան փ․ 9 շ․, 30 բնակարան» հասցեի իրական սեփականատեր է համարել Տիգրան Մանուկյանին, որից պահանջում է բռնագանձել Երևանում գտնվող 15 բնակարան, որից 2-ը՝ Աբովյան 9 շենքում։ Հետաքրքիր է, թե ի՞նչ անհերքելի փաստեր է ձեռք բերել Դատախազությունը, որ Աբովյան 9 շենքի 36 եւ 39 համարի բնակարանների իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, իսկ 30 համարի բնակարանի իրական շահառուն՝ ոչ։
ԱԱԾ տնօրենը՝ գործարքի մասին
Ազգային անվտանգության ծառայությունում 2 տասնամյակից ավելի տարբեր պաշտոններ զբաղեցրած, իսկ 2020 թ․-ից Ծառայությունը ղեկավարող Արմեն Աբազյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ որդու անունով կատարված գործարքի վերաբերյալ՝ ուղղելով հետեւյալ հարցերը՝
- Ինչ պայմաններով է 240 մլն դրամ վարկ տրամադրվել Ձեր որդուն, եւ ի՞նչ միջոցներով են այդ վարկի ամսական վճարումները կատարվելու (մոտ 3 մլն դրամ)։
- Արդյոք բնակարանը ձեռք է բերվել Ձեզ համա՞ր, պարզապես Ձեր որդու անունով է ձեւակերպվել վարկը։ Արդյոք Դուք կամ Ձեր ընտանիքի այլ անդամ հանդիսանում եք համավարկառու (վերը նշված վարկի համար)։
ԱԱԾ տնօրենին ուղղված մեր գրավոր հարցմանը պատասխանել է ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Վ․ Ենգիբարյանը՝ նշելով, որ հայցվող տեղեկությունը վերաբերում է քաղաքացի Ռոբերտ Աբազյանի անձնական կյանքին, այդ իսկ պատճառով չի կարող տրամադրվել։
«Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր գործունակ չափահաս անձ, անկախ իր ծնողի կարգավիճակից, քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ է և ինքնուրույն է ստանձնում քաղաքացիական իրավունքի ու պարտականությունների համապատասխան ծավալը»,- գրավոր պատասխանել է ԱԱԾ տօրենի աշխատակազմի ղեկավարը։
Արմեն Աբազյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել 2020 թ․-ի նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի Հանրապետությունում կառավարման ամենաճգնաժամային օրերին (արցախյան պատերազմի ավարտը եւ Կառավարության ղեկավարի մեկուսացումը)։
Վերը նշված գործարքների պատճառահետեւանքային կապը կարող են պարզել իրավապահները, եթե նման որոշում կայացվի։
Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել