
Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը
Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։
Ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անձը հաստատող անվտանգ և բարձրորակ փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների և անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։
Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնում են՝ «HAYPASS» ՓԲԸ-ն մինչև 2026 թ․ երկրորդ կիսամյակը կներդնի նոր ենթակառուցվածք՝ կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով՝ ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։
«Նախատեսվում է նաև Ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների, սերվերային տնտեսության և տպագրական սարքավորումների ստանդարտացում։
Անձնագրային գործառույթների բաշխումը կազմակերպված է հետևյալ տրամաբանությամբ՝ կարգավիճակի որոշումը, անձի ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի տնօրինումն ու վարումը շարունակելու է իրականացնել ՆԳ նախարարությունը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, իսկ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու մատակարարումը շահառուներին իրականացնելու է մասնավոր գործընկերը։
Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ և մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։
Մեկնաբանել