HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է ուժեղացնել հանրային վերահսկողությունն ու հաշվետվողականությունը պետական գնումների ոլորտում

Պետական գնումների ոլորտում թափանցիկության բարձրացումը, հանրային վերահսկողության ուժեղացումը և մարզերում գնումներով զբաղվող կառույցների կարողությունների զարգացումը կարևոր ու առանցքային նշանակության հարցեր են։ 

Ապրիլի 23-ին տեղի ունեցած «Պետական գնումների խնդիրները․ վերահսկողություն և թափանցիկություն» խորագրով հանրային քննարկման ժամանակ ընդգծվեց, որ հատկապես մարզերում գնումների գործընթացների հաշվետվողականությունը և տեխնիկական կարողությունները ցածր մակարդակի վրա են, ինչն ավելի խոցելի է դարձնում համակարգը՝ կոռուպցիոն ռիսկեր նկատելու և կանխելու տեսանկյունից։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած  քննարկման հիմնական նպատակն էր՝ վեր հանել պետական գնումների գործընթացում առկա խնդիրները, ներկայացնել ոլորտի բարեփոխումների ընթացքը և խոսել կոռուպցիոն ռիսկերն առավել արդյունավետորեն նվազեցնելու ուղիների մասին։

Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացրեց գնումների ոլորտի բարեփոխումները՝ ընդգծելով ինչպես առաջընթացը, այնպես էլ համակարգում առկա բացթողումները։ Նա նշեց, որ որոշ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկը և G20-ը, նշում են, որ Հայաստանի առաջընթացն այս ոլորտում նկատելի է՝ համեմատած  տարածաշրջանի երկրների հետ, սակայն, եվրոպական երկրների համեմատ ցուցանիշները բարձր չեն։ Ըստ փոխնախարարի՝ գնումների համակարգում որոշ հասկացություններ և նորմեր ժամանակի ընթացքում կորցրել են ճկունությունը, ինչն իր հերթին հանգեցրել է բարդությունների՝ բովանդակային և իրավական իմաստով։

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշեց, որ գնումների ոլորտը պետք է դիտարկել նաև խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից։ Նա ընդգծեց, որ հանրային խոսքում հաճախ շրջանցվում է այն հանգամանքը, թե ինչպես են գնումներն իրականացվում՝ հաճախ «մեկ անձից գնում»-ը դառնում է առանցքային ու երբեմն էլ՝ ոչ տեղին, ինչը նվազեցնում է մրցակցայնությունը։ Ըստ Վարդանյանի՝ պետք է ամրապնդել ժողովուրդ-կառավարություն կամուրջը, որը կապահովի թափանցիկություն՝ քաղաքացիներին հնարավորություն տալով լիարժեք տեղեկատվություն ստանալ պետական ծախսերի վերաբերյալ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ գնումների ոլորտի հանրային վերահսկողության խնդիրներին՝ նշելով, որ շատ հաճախ նույնիսկ մրցութային եղանակով կազմակերպված գնումների հետևում կարող է թաքնված լինել կոռուպցիոն համաձայնություն։ Ըստ Իոաննիսյանի՝ պետական գնումների իրական վերահսկումը դեռևս հեռու է պատշաճ մակարդակից՝ հատկապես համայնքներում, որտեղ շատ ավելի քիչ վերահսկելի են գործարքները և ծանոթ-բարեկամ կապն ավելի տարածված է։ Նա կարևորեց կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև՝ գնումները կազմակերպող կառույցների պատասխանատվության բարձրացումը։

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ով իր խոսքում ընդգծեց, որ պետության առաջնահերթություններից պետք է լինի հարկատուների միջոցների արդյունավետ և թափանցիկ օգտագործումը։ Նրա խոսքով՝ պետական ռեսուրսների խելամիտ տնօրինումը վճռորոշ է ցանկացած երկրի կայուն զարգացման համար։

Միջոցառման եզրափակիչ հատվածում ներկաները հարցուպատասխանի միջոցով հնարավորություն ունեցան բարձրաձայնել պետական գնումների ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։ Քննարկման առարկա դարձան մտավոր սեփականության տրամադրման ընթացակարգերի բարդությունը, միջազգային փորձի ներառման սահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև՝ ուժային կառույցների գնումների գործընթացի գաղտնիությամբ պայմանավորված խնդիրները։

Բանախոսները փաստեցին, որ համայնքներում վերահսկողության մեխանիզմները հաճախ թերի են կամ բացակայում են ընդհանրապես, ինչի հետևանքով ցածր է տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը։ Շեշտվեց նաև ոլորտում տեխնիկական կարողությունների ու մարդկային ռեսուրսների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես մարզերում գործող կառույցների համար։ 

Քննարկվեց նաև գնումների պաշտոնական կայքի վերաթողարկման անհրաժեշտությունը, որը, մասնակիցների համոզմամբ, կարող է նպաստել գործընթացների թափանցիկության բարձրացմանն ու հանրային ներգրավվածության ակտիվացմանը։

Սյունե Կիրակոսյան 

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter