HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբանը ինքնաբացարկ են հայտնել դատավորին՝ կողմնակալության համար

Ապրիլի 29-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։

Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին՝ պնդելով, որ նախորդ միջնորդությունները չեն բավարարվել, և նրանց չի տրամադրվել դատական ​​նիստի արձանագրություններին լիարժեք հասանելիություն։ Նրանք պնդել են, որ դատարանը կողմնակալ է։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևն ասել է, թե իբր պաշտպանական կողմն ունի արձանագրությունները վերանայելու լիարժեք հնարավորություն, և միայն միջնորդությունների մերժումը չի կարող համարվել կողմնակալություն։ Նիստի դահլիճում գտնվող «տուժողները» կոչ են արել դատարանին մերժել միջնորդությունը։ Դատարանը մերժել է միջնորդությունը՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների բացակայությունը, որոնք հաստատում են դատական ​​կողմնակալությունը։ 

Այնուհետև գործով «տուժողները» ցուցմունքներ են տվել։ Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։ Դատարանը ներկայացրել է նաև «տուժողների» վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Հաջորդ ​​նիստը նշանակվել է մայիսի 6-ին։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter