
Ճառագայթային թերապիայի համար արտասահման մեկնելու կարիք այլևս չի լինի
Քաղցկեղի hամաշխարհային dիտարանի (GCO/Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալություն) կանխատեսմամբ մինչև 2050 թվականը աշխարհում քաղցկեղի դեպքերի թիվը կաճի 77%-ով՝ պայմանավորված բնակչության ծերացմամբ և ռիսկային վարքագծով։ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության կատարած հետազոտության համաձայն` այս աճը հատկապես արագ է լինելու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ առողջապահական համակարգերը խնդրին արդյունավետորեն արձագանքելու բավարար ռեսուրսներ չունեն։ Գործակալության տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում գրանցվել է քաղցկեղի 20 միլիոն նոր դեպք և 10 միլիոն մահ։ Կյանքի ընթացքում ամեն 5-րդ մարդու մոտ ախտորոշվում է օնկոլոգիական հիվանդություն, ընդ որում՝ յուրաքանչյուր 9-րդ տղամարդը և յուրաքանչյուր 10-րդ կինը մահանում է քաղցկեղից։
Հայաստանում քաղցկեղի ախտորոշմամբ հիվանդների 50%-ը, ըստ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանի, ունի ճառագայթային թերապիայի կարիք։ 2024 թվականի սեպտեմբերին Երևանում բացված «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը հագեցած է ճառագայթային բուժման վերջին սերնդի սարքավորումներով, ինչի շնորհիվ, բժիշկ Գեոկչյանի համոզմամբ, բուժառուները ճառագայթային թերապիայի համար այլևսարտասահման մեկնելու կարիք չեն ունենա։
Հայաստանում գործող նման կենտրոնը կարող է նպաստել երկրի առողջապահական համակարգի զգալի առաջընթացին։ Կենտրոնի հիմնական նպատակը բուժման հնարավորությունների ընդլայնումն ու ժամանակակից եվրոպական մակարդակի բուժսարքավորումներին Հայաստանի բնակչության հասանելիության ապահովումն է։ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի տնօրեն Կոնստան Ղալումյանը նշում է, որ կենտրոնն առանձնանում է առաջադեմ ռադիովիրաբուժական տեխնոլոգիաներով, որոնք հնարավոր են դարձնում ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացությունների և այլ ախտահարումների ժամանակակից և արդյունավետ բուժումը` արմատապես ոչնչացնելով ուռուցքային բջիջները։ Կենտրոնում գործում է նաև ներխոռոչային ճառագայթման բրախիթերապևտիկ սարքավորում, ինչը հնարավորություն է տալիս բուժել նորագոյացությունները տեղային ճշգրիտ ճառագայթմամբ։
Ռադիոթերապիայի կենտրոնում ներգրավված են մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից և Բելառուսից։ Կենտրոնի տնօրինությունն անփոխարինելի է համարում նաև բժշկական միջուկային ֆիզիկոսների դերը, որոնք ևս ակտիվորեն ներգրավված են կենտրոնի աշխատակազմում։
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը ոչ միայն հնարավորություն է տալիս բարձրացնել Հայաստանի առողջապահական համակարգի մակարդակը, այլև հիմքեր է ստեղծում բժշկական տուրիզմի զարգացման համար։ Ժամանակակից տեխնոլոգիաներով, միջազգային փորձառություն ունեցող մասնագետներով և եվրոպական երկրների համեմատ առավել մատչելի ծառայություններով համալրված կենտրոնն այսօր ներգրավում է բուժառուներ նաև արտերկրից։
Լուսանկարները տրամադրել է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը
Մեկնաբանել