HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, Կոնեկտիկուտի ու Իլինոյի հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 25-26-ին ելույթներ է ունեցել Յեյլի համալսարանում և ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ընթացիկ վիճակն ու ապագա անելիքները: Այս մասին հայտնում են Արցախ Միության լրատվական ծառայությունից։

Յեյլի աշխարհահռչակ համալսարանում կայացած երկու միջոցառումների ընթացքում Արտակ Բեգլարյանը անդրադարձ է կատարել վերջին տարիների զարգացումներին՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մեթոդաբանության ու օրինաչափությունների վրա:

Երկրորդ միջոցառմանը Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնյանը խոսել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, դրա հիմքերի և իրացման մեխանիզմների ու հնարավոր պայմանների վերաբերյալ: Բեգլարյանը, ներկայացնելով միջազգային մի քանի օրինակ բռնի տեղահանված ժողովուրդների վերադարձի վերաբերյալ, շեշտադրել է, որ գերտերությունների մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, ինչի համար, բնականաբար, անհրաժեշտ են առաջին հերթին ՀՀ պետական ինստիտուտների պատասխանատու և գործուն ջանքերը:

Նա ընդգծել է, որ այս ծանր իրավիճակում հայ ժողովրդի գլխավոր տեսլականը պետք է լինի հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կերտումը, որից էլ բխում է Արցախի տեսլականը, այն է՝ հավաքական վերադարձի միջոցով Արցախում անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքի ապահովումը:

Կոնեկտիկուտի օրենսդիր մարմնի շենքում (քաղաք Հարթֆորդ) և Իլինոյի հայկական համայնքում (քաղաք Չիկագո) կայացած հանրային միջոցառումներում Արտակ Բեգլարյանը հանդես է եկել հիմնական բանախոսությամբ: Նա իր ելույթներում առանձնացրել է Արցախին առնչվող յոթ հիմնական ռազմավարական նպատակներ, որոնց կյանքի կոչումն անհրաժեշտ է վերոնշյալ տեսլականին հասնելու համար: Նա այդ նպատակները ներկայացրել է անգլերեն “PERSIST» (համառել) բառի տառերով, մասնավորապես՝

1. Պահել Արցախի ժողովրդին Հայաստանում՝ ապահովելով կայուն ու արժանապատիվ կեցություն և ինքնության պահպանում նրանց համար:

2. Ապահովել Արցախի ֆիզիկական միջավայրի պահպանությունը՝ իր մշակութային ժառանգությամբ և հանրային ու մասնավոր սեփականությամբ, որոնք ակտիվորեն ոչնչացվում ու յուրացվում են Ադրբեջանի կողմից:

3. Փաստագրել բոլոր հանցագործությունները և ամրագրել Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային բոլոր հնարավոր ատյաններում:

4. Ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:

5. Նախաձեռնել ու հասնել միջազգային արդարադատության՝ պատժելով հանցագործներին և կանխելով նորանոր հանցագործությունները հայ և այլ ժողովուրդների հանդեպ:

6. Վերացնել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը և դրա արմատները, որը հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների գլխավոր գաղափարախոսական հիմքն է:

7. Վերադարձնել հայ գերիներին, որոնք Ադրբեջանում առերեսվում են ծանր զրկանքների ու կեղծ դատավարության՝ պարզապես հայ լինելու պատճառով:

Արտակ Բեգլարյանն ամփոփիչ խոսքում հորդորել է ներկաներին պատրաստ լինել հետևողական ու երկարատև պայքարի՝ հանուն համամարդկային արժեքների ու հայ ժողովրդի հարատևման:

Յեյլի համալսարանի միջոցառումները կազմակերպվել են Մաքմիլան կենտրոնի Ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Փոյնթեր ծրագրի և Եյլի հայկական ցանցի կողմից, Հարթֆորդի միջոցառումը կազմակերպվել է Կոնեկտիկուտի հայկական համայնքի կողմից, իսկ Չիկագոյի միջոցառումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Իլինոյի մասնաճյուղի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter