HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու է ԶՊՄԿ-ն դուրս մնացել առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկից. ովքեր են տասնյակում 

2025 թվականի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են մոտ 409.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Ցանկը հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն։ 

Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 22.4 մլրդ դրամով կամ 5.7%-ով։ 

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն  «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն է, որը պետական բյուջե է վճարել 19.9 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ «Գազպրոմ-Արմենիա»-ի վճարած հարկերը աճել են 9.6%-ով։ 

Երկրորդ տեղում տեխնիկայի առևտրով զբաղվող (ներմուծող, վաճառող, արտահանող) «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է։ Վճարել է 16.6 մլրդ դրամ, նվազումը՝ 16.7%: 

Երրորդ խոշոր հարկատուն ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է։ Ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 12.1 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ 8.7%-ով նվազել է։ 

Այս անգամ խոշորների ցուցակից բացակայում է հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)։ Ընկերությունը մշտապես խոշորների ցանկում բարձր հորիզոնականներում է եղել, հաճախ՝ առաջին տեղում։ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ երրորդ խոշոր հարկատուն է եղել։  

ԶՊՄԿ-ից նշում են, որ այս անգամ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի չներառվելը բացատրվում է նախորդ տարի վճարած կանխավճարներով։ 

«Դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։ ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։

2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն»,- հաղորդագրություն են տարածել ԶՊՄԿ-ից։ 

Ընկերությունից նաև ընդգծում են, որ առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ «Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։ Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»,- համոզված են ԶՊՄԿ-ում։

Հիշեցնենք, որ պետությունը ԶՊՄԿ-ից նաև շահաբաժիններ է ստացել, քանի որ հանդիսանում է ընկերության 21.9%-ի բաժնետեր։ Սակայն, այս շահաբաժինները պետք չէ շփոթել կամ նույնականացնել պետբյուջե վճարվող հարկերի հետ։

Վերադառնալով ցանկի առաջին տասնյակին՝ չորրորդ տեղում է վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊ ընկերությունը (CPS ապրանքանիշ)՝ 7 մլրդ դրամի հարկերով և 46.1% աճով։ 

Հնգյակը եզրափակում է տեխնիկայի առևտրով զբաղվող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA)։ Ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 6.5 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25.7%-ով նվազել է։ 

2025 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են նաև օնլայն առևտուր կազմակերպող  «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն, «Սիթի» ՍՊԸ-ն («Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց), ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն (նշված ընկերությունը և «Գրանդ տոբակո» գտնվում են «Գրանդ հոլդինգի» կազմում), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և շահումով խաղերի ոլորտում գործող «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն (տե՛ս ինֆոգրաֆիկան)։ 

Գլխավոր լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Քաջարան քաղաքը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter