HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները Երևանի քաղաքապետարանից ստացել են իրենց հուզող հարցերից մեկի պատասխանը՝ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող, բայց կառուցապատողին փոխկապակցված մեկ այլ ընկերությանն օտարված 0,4 հա հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։

Հիշեցնենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներն ահազանգել էին, որ իրենցից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը։ Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված 0,4 հա հատված առանձնացրել էր, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ թույլ էր տվել նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված տարածքը օտարել. Ավինյանն այդ հատվածին առանձին հասցե էր տրամադրել՝ Միկոյան 64/7 հասցեով, իսկ Կադաստրի կոմիտեն իր հերթին, առանց գնորդների համաձայնությունը ստանալու, գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված հողամասի առանձնացված մասը գրանցել էր որպես առանձին գույքային միավոր։

2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչները քաղաքապետարանին հարցում էին ուղարկել։

Համաձայն ստացված գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույլտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։

Հիշեցնենք՝  «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն Անաստաս Միկոյան 64 հասցեում դեռևս 2019 թվականին էր ստացել 6 հատ 18 հարկանի շենք կառուցելու շինթույլտվությունը։ Առայսօր այն շահագործման չի հանձնվել՝ չնայած բնակիչների մի մասն արդեն ապրում է այդ շենքերում։

Քաղաքապետարանը նաև հայտնել է, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter