
Սպասվում է խոզի մսի դեֆիցիտ և գնաճ․ էկոնոմիկայի նախարարությունը զսպող որոշման նախագիծ է ներկայացրել
Այսօր Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով վերացվում է կենդանի խոզերի ներկրման ժամանակավոր արգելքը։ Հիմնավորումն այն է, որ առաջանում է խոզի մսի դեֆիցիտ, ինչն էլ կբերի գնաճի։
Նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հանրապետություն ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին Կառավարության 2024թ․ նոյեմբերի 21-ի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, 2024թ․ նոյեմբերից մինչև 2025թ․ ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ռուսական ռուբլին հայկական դրամի համեմատությամբ արժևորվել է 23,7%-ով։ Քանի որ կենդանի խոզերը ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, ապա նույնքան ավելացել է կենդանի խոզերի ներկրման ծախսերը, ինչը կենդանի խոզերի ներկրումը դարձնում է տնտեսապես ոչ շահավետ։ Վերոնշյալ հանգամանքը զգալիորեն նվազեցնում է տնտեսավարողների շահագրգռվածությունը՝ կենդանի խոզերի ներկրման առումով։
Դրան զուգահեռ, 2025թ․ հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600 գլխով, այդ թվում՝ խոզամայրերինը՝ շուրջ 1300-ով։
«Այստեղից հետևում է, որ միայն 2025 թվականին Հանրապետությունում պակաս կստացվի ավելի քան 28 հազ. խոճկոր կամ խոզի մսի ընթացիկ տարվա արտադրությունը կնվազի գրեթե 1300 տոննայով (խոզի մսի տարեկան միջին ցուցանիշից շուրջ 10%-ով պակաս)։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը ներքին շուկայում կառաջացնի խոզի մսի դեֆիցիտ, որին կհաջորդի խոզի մսի գնաճ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը, որը թույլ կտա կարգավորել Հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ - պահանջարկ համամասնությունը։
Նշենք, որ երբ 2024թ․ օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունը սահմանափակում կիրառելու մասին որոշման նախագիծ էր դրել քննարկման, այդ ժամանակ էլ հիմնավորումներում նշված էր, թե Հանրապետությունում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Հայաստանում խոզի արտադրությամբ զբաղվում են շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտներ, որոնցում առկա է Հանրապետությունում բուծվող խոզերի ավելի քան 70%-ը։
Ըստ նախարարության՝ վերլուծությունները ցույց են տվել, որ հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս, որն առավելապես ստացվում է 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի սպանդից, երբ մսեղիքի զանգվածը կազմում է մինչև 50-60 կգ, իսկ առավել ճարպոտ միսը (երբ մսեղիքի զանգվածը կազմում է 60 կգ-ից ավելի) հիմնականում օգտագործվում է վերամշակման նպատակով։
Հաշվարկվել էր, որ 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող 20-25 հազար գլուխ կենդանի խոզերի ներկման ժամանակավոր արգելքի կիրառման պարագայում քիչ ճարպաշերտով խոզի մսի պակասուրդ չի առաջանա, իսկ մսի իրացման գինը կպահպանվի նախորդ տարվա գների տիրույթում։
Մեկնաբանել