HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր»

Կառավարությունը տնտեսության գործող կառուցվածքը  և առաջնահերթություններ փոխելու խնդիր է դրել: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մայիսին ստանձնեցի վարչապետի պաշտոնը, մեր առաջին ռեակցիան և վերաբերմունքը տնտեսության վերաբերյալ հետևյալն էր, որ պահպանողական մոտեցում լինի, որպեսզի հեղափոխությունից անմիջապես հետո ցնցումներ չլինեն, բայց մենք հստակ արձանագրել ենք՝ այն կառուցվածքը, որն ունի մեր տնտեսությունը, մեզ համար որևէ կերպ ընդունելի չէ, որովհետև մեր տնտեսությունը պայմանականորեն հենված է երեք սյուների վրա՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և երրորդը, որքան էլ տարօրինակ թվա, խաղադրույքի ոլորտն է: Մենք խնդիր ենք դրել, որ տնտեսության այդ կառուցվածքը պետք է փոխվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝  ավանդական գյուղատնտեսությունը պետք է փոխարինվի տեխնոլոգիական գյուղատնտեսությամբ:

«Ինչը խնդրում եմ չմեկնաբանվի որպես սննդի էկոլոգիապես մաքրություն, մենք խոսում ենք ոռոգման համակարգի, հակակարկտային կայանների պաշտպանության համակարգի մասին, գյուղմթերքի բաշխման, արտահանման մեխանիզմները ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու մասին»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ հին համակարգից նոր համակարգին անցնելիս լինելու է մի ժամանակահատված, երբ հինն անկման մեջ է լինելու, նորը կայացած չի լինելու:

 «Մենք տնտեսական ցուցանիշների որոշակի անկում ենք ունենալու, որոշակիորեն նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարևորությունը դրանում է, որ քաղաքական ստաբիլ հեռանկար բացվի, որ ներդրողները վստահ լինեն, կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, երբ խորհրդարանի ու կառավարության մեջ պայմանական հակամարտություն կա, ոչ բոլոր ներդրողները նման ռիսկ կանեն, էնպես որ ընթացիկ պրոցեսներին պետք է նայենք հանդարտ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ուշադրություն հրավիրեց իր հագուստի վրա՝ վստահեցնելով, որ ամբողջը, բացի փողկապից, հայկական արտադրության է: Այդ կերպ գործող կառավարությունն ուզում է իր աջակցությունը հայտնել հայաստանցի արտադրողներին, այդ թվում՝ տեքստիլ արտադրությանը:

Վարչապետի պաշտոնակատարի համար զարմանալի է նաև այն հանգամանքը, որ նոր Հայաստանում գործարարը կարող է ցանկանալ լինել պատգամավոր:

«Մեր խնդիրն է հնարավորություն ստեղծել, որ պայմանները բոլորի համար հավասար լինեն, գործարար լինելն է գրող լինելու նման մի բան է. մեկը տաղանդավոր է, մյուսը՝ անտաղանդ, նույն պայմաններով, նույն գումարով մեկը կարող է հարստանալ, մյուսը՝ սնանկանալ: Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր, իրեն ընդհանրապես պետք չէ, մենք երաշխավորում ենք, որ բոլոր գործարարները կունենան նույն հնարավորությունները, և պատգամավորի կարգավիճակը ոչ մի բան չի ավելացնի կամ պակասացնի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter