Նիկոլ Փաշինյան. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեցել են կոնկրետ փաստարկ, թե ինչու կարող են խոսել Ղարաբաղի անունից»
ԱԺ նիստում շարունակվում է վարչապետի ընտրության հարցը, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, դիմելով վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց, թե ո՞րն է վարչապետի դիրքորոշումն Արցախի հիմնախնդրի հետ կապված:
«Անընդհատ, ինչ-որ մի տեղից բոլոր իշխանությանների նկատմամբ անվստահություն է առաջանում, որ, այո, էս իշխանությունը հաստատ եկել է, որ մի բան տա, հանձնի և այլն։ Ես միայն ուզում եմ ասել հետևյալը՝ մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում չի կարող լինել մի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը, որը Ղարաբաղի հարցը լուծի առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու։ Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի` Ղարաբաղի հարցի այս կամ այն հանգուցալուծումը մեզ շահեկան է, թե՝ ոչ»,- արաձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի վստահեցմամբ՝ քանի դեռ Արցախը ներգրավված չէ բանակցություններում, նշանակում է, որ «մոտ չենք Արցախի հարցի կարգավորմանը»։
«Ղարաբաղի հարցում թաքուն լուծում չի կարող ուղղակի լինել, ես ինքս բազմիցս հայտարարել եմ, եթե բանակցային գործընթացում կձևավորվի այնպիսի տարբերակ, որն արժի ժողովրդի քննարկմանը ներկայացնել, բնականաբար, առաջին գործողությունը դա է լինելու: Քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսում, նշանակում է՝ մոտ չենք հարցի կարգավորմանը: Այդ կապակցությամբ խոսքերս նենգափոխել են, թե ես ասել եմ՝ մինչև Արցախի իշխանությունը չլինի բանակցությունների սեղանի շուրջ, չեմ մասնակցի բանակցությանը, ես ասել եմ լիազորված եմ ՀՀ անունից բանակցել, լիազորված չեմ բանակցել ԼՂ-ի և ԼՂ-ի ժողովրդի անունից, որովհետև Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է Արցախի հարցը կարգավորվել, երբ լուծման որևէ տարբերակ չի ընդունվել Հայաստանի ու Արցախի ժողովրդի, ինչու չէ նաև Ադրբեջանի ժողովրդի կողմից:
«Մենք ուզում ենք լուծման հասնել, որ նոր պայթյո՞ւն լինի, թե՞ լուծում, առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման չեմ կարող պատկերացնել լուծում: Երբ ասում եմ՝ Արցախի անունից չեմ կարող բանակցել, դա քմահաճույք չէ. Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ծագումնաբանությունը կապված է ղարաբաղյան շարժման և Ղարաբաղի հետ, այլ բան է մեզ համար ընդունելի է, թե չէ, իրենք ունեցել են կոնկրետ փաստարկ ու պատճառաբանություն, թե ինչու կարող են խոսել Ղարաբաղի անունից: Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի ընտրված նախագահ է, Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման լիդերներից է եղել, իրենք կարող են համարել, որ այդ մանդատն ունեն, անկախ դրանից դրա հետ համաձայն եմ, թե չէ, բայց իմ պարագայում նման գործոն չկա»,-ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել