ԱԱԾ. բացահայտվել և կանխվել են Արցախից դեպի Հայաստան անօրինական զենք տեղափոխելու մի շարք դեպքեր
Վերջին օրերին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել և կանխել է Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Ըստ ԱԱԾ-ի՝ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, որոնք համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:
«Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:
Մեկնաբանել