HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գերծանր տղամարդկանց պայքարով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ +109 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեց Վարազդատ Լալայանը՝ երկամարտում գրանցելով 450 կգ արդյունք։

Մեր ծանրորդը պայքարի մեջ մտավ, երբ բոլորն ավարտել էին ելույթները։ 

Պոկում վարժությունը Վարազդատ Լալայանը սկսեց 200 կիլոգրամից և վստահությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ նա գլխավերևում պահեց 210 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդ մոտեցման համար Լալայանը պատվիրեց 218 կգ, սակայն չկարողացավ պոկել։ Առաջին իսկ մոտեցմամբ մեր ծանրորդը ապահովել էր վարժության փոքր ոսկե մեդալը։

Հրում վարժությունը ևս Լալայանը վստահ սկսեց՝ բարձրացնելով 240 կգ։ Երկրորդ մոտեցմամբ, սակայն, 250 կգ հրել չկարողացավ, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց, քանի որ արդեն նվաճել էր չեմպիոնի տիտղոսն ու երեք ոսկե մեդալները։

Վարազդատ Լալայանը երկամարտում 450 կգ արդյունք գրանցեց՝ երկրորդ տեղը զբաղեցրած Մարտ Սեյմից 35 կգ ավելի։

Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը 10 մեդալ նվաճեց՝ 2 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե։ 

Քիշնևում Հայաստանը Եվրոպայի երկու չեմպիոն ունեցավ. 109 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Գարիկ Կարապետյանը, իսկ Վարազդատ Լալայանը ուժեղագույնն էր գերծանր տղամարդկանց պայքարում։ Նախորդ երկու տարիներին 4 ոսկե մեդալ էինք նվաճել։

Առաջնության 20 արծաթե մեդալներից 6-ը գալիս են Հայաստան։ Կանանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեցին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Լիանա Գյուրջյանը (87 կգ)։ Տղամարդկանց պայքարում էլ արծաթե մեդալներ նվաճեցին Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (87 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)։ 

Բրոնզե մեդալներով էլ Մոլդովայից կվերադառնան Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։

Մեր ծանրորդների արդյունքների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter