
3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել
Այսօր՝ ապրիլի 26-ին, լրանում է վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի մահվան երրորդ տարին։ Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։
Դեպքի վայրում՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում, այսօր ծաղիկներ խոնարհելով, քաղաքացիները եկել էին ոգեկոչելու Սոնա Մնացականյանի վառ հիշատակը։
Այս գործի քննությունը ընթացքի մեջ է, և որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի կրել։ Ամբաստանյալի աթոռին է մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։ Նրա նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, նա քրեական գործի սկզբից մինչև այսօր երբևէ կալանավորված չի եղել։
Սոնա Մնացականյանի հոր՝ Մնացական Մնացականյանի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ գործի քննությունն անհարկի է ձգձգվում։ «Պետական մակարդակով ամեն կերպ ազատություն էին ապահովում վարորդի համար։ Այդ ազատությունն ապահովում էին ինչի՞ համար․ որպեսզի հետագայում կարողանան ձգձգել գործի քննությունը։ Կալանքի տակ գտնվող անձի դեպքում ձգձգելը իմաստ չունի, որովհետեւ պատժի ժամկետ է գնում, իսկ ազատության մեջ գտնվող մեղադրյալի պարագայում հնարավոր է ձգձգել մինչեւ վաղեմության ժամկետի լրանալը։ Իսկ վաղեմության ժամկետը այս գործով 2027 թվականին լրանալու է»,- նշում է փաստաբանը։
Նա ասում է, որ փորձաքննություն այս քրեական վարույթով 2 անգամ է նշանակվել, 2 փորձաքննությամբ էլ արձանագրվել է վարորդի կողմից ՃԵԿ կանոնների խախտումը։ Իսկ վարորդի պաշտպանները պնդում են, որ փորձաքննությունները բավարար ծավալով արված չեն և բարձրացնում են անմեղության հարցեր։
Հարցին, թե դատարանը փորձաքննության արդյունքներին որևէ գնահատական տվե՞լ է, Րաֆֆի Ասլանյանն ասում է․ «Տվել է այն առումով, որ պաշտպանները մեկ անգամ արդեն միջնորդել են կրկնակի փորձաքննություն, դատարանը մերժել է, հիմա ևս մեկ անգամ նրանք ժամանակ են խնդրել, որպեսզի հաջորդ նիստում արդեն այլ պատճառաբանությամբ կրկնակի փորձաքննություն միջնորդեն՝ այս անգամ արդեն դատատեսաձայնագրայինի մասը կասկածի տակ դնելով»։
Ասլանյանն ասում է՝ գործով 22 վկա է հարցաքննվել, սակայն նրանց հարցաքննությունը որակում է որպես դատական ռեսուրսի վատնում։ «Անիմաստ վկաներ էին, նրանք այս գործի համար որևէ նշանակություն ունեցող ոչինչ չեն հայտնել։ Ամենաշատ դատական ռեսուրսները ծախսվեցին հենց այդ վկաների հարցաքննության վրա, ովքեր նույնիսկ դեպքը չէին տեսել»,- ասում է Րաֆֆի Ասլանյանը։ Փաստաբանը դատարանի գործողություններում անհարկի ձգձգման միտում չի տեսնում։ Ըստ նրա՝ դատավորները, հատկապես Կենտրոնի նստավայրում, շատ ծանրաբեռնված են, և դատավորն իր գրաֆիկով նշանակում է նիստերը․ «Բայց երբ անձը գտնվում է ազատության մեջ, պաշտպանության կողմը հնարավորություն ունի ձգձգելու նիստերը, և նրանք արդեն 1 տարի է՝ դատաքննությունը լրացնելու միջնորդությամբ են հանդես գալիս»,- ասում է փաստաբանը։
Այս դեպքի վերաբերյալ կա ևս մեկ քրեական վարույթ, որը դեռևս դատարան չի հասել։ Քրեական վարույթը ավտոշարասյան ղեկավար կազմի մասով է։ Դատախազությունը և քննչական մարմինը արդեն երկրորդ անգամ որոշում են, որ որևէ հանցակազմ չկա ավտոշարասյան ղեկավար կազմի արարքներում, և պետք է քրեական գործով վարույթը կարճվի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի։ Սակայն քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումները երկու անգամ էլ դատարանները վերացրել են։ Առաջին դեպքում վերաքննիչ դատարանը բեկանել է որոշումը` արձանագրելով տուժող կողմի իրավունքների խախտում, իսկ երկրորդ անգամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է գտել, որ անօրինական է որոշումը եւ դարձյալ պարտավորեցրել է վերացնել վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը, բայց վերաքննիչ դատարանը այս որոշումը դատախազության բողոքի հիման վրա բեկանել է և նորից ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության։ Դատական նիստը տեղի է ունենալու 2025 թվականի հունիսի 5-ին։
Ավտոշարասյան ղեկավար կազմի մեղավորության վերաբերյալ Րաֆֆի Ասլանյանն ասում է, որ Կառավարության որոշմամբ հստակ նշված է, որ ավտոշարասյան ղեկավար կազմը, այսինքն` շարասյան եւ կորտեժի ղեկավարները՝ ճանապարհային ոստիկանության համապատասխան գումարտակի հրամանատարը եւ պետական պահպանության ծառայության պետի տեղակալը, պատասխանատու են շարասյան արագության համար․ «Բայց դատախազությունը գտնում է, որ կառավարության այդ որոշումը իրագործելու որեւէ օրենսդրական հնարավորություն չկա, այսինքն՝ օրենսդրական մեխանիզմներ չեն ստեղծվել, թե այդ պատասխանատվությունը ինչպես պետք է արտահայտվի, հետեւաբար այդ անորոշության պայմաններում շարասյան կազմին հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել, ինչի հետ ես նախ համամիտ չեմ, բացի այդ՝ ես բազմիցս նշել եմ, որ բավարար քննություն չի արվում, այդ թվում՝ ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունը ոչնչացված է, չի տրամադրվել քննիչին, ինչով ակնհայտորեն թաքցվում են էական հանգամանքներ»,- նշում է փաստաբանը։
Րաֆֆի Ասլանյանը կարծում է, որ դեպքի վերաբերյալ պատասխանատվություն պետք է կրեն թե՛ վարորդը, թե՛ ավտոշարասյան ղեկավար կազմը, սակայն այս պահին պատասխանատվության դաշտ է բերված միայն վարորդը, եւ արդյունքում վարորդն էլ դեռեւս պատասխանատվություն չի կրել, ավելին՝ ամեն ինչ տանում են դեպի նրան, որ հնարավորություն ունենան վարորդին զերծ պահել պատասխանատվությունից։
Ավտոշարասյան ղեկավար կազմի գործով ևս փորձաքննություն նշանակվել է, սակայն փորձագետներն ասել են, որ դա իրավական գնահատման հարց է, այլ ոչ թե փորձագիտական։
Մեկնաբանել