HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի մահվան առիթով

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մահվան առիթով։

«Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց Ավետարանը՝ մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության,  առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաև՝ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։

․․․Առանձնակի մխիթարությամբ ենք անդրադառնում, որ Սրբազան Պապը մշտապես իր աղոթքն էր հնչեցնում պատերազմներով և անարդարությամբ վիրավորված աշխարհի, ի մասնավորի արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում։ 

Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու Վարդապետ, ինչպես և Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ Սրբազան Պապի հոգու հանգստության և խաղաղության, ինչպես և ողջ Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց մխիթարության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter