
Վլադիմիր Սաչկովը դիմել է Արդարադատության խորհուրդ դատավոր Բեկթաշյանին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովը դիմել է Արդարադատության խորհուրդ: Նա խնդրել է միջոցներ ձեռնարկել իր՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև դատավոր Արմեն Բեկթաշյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելով: Սաչկովի կարծիքով, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը, միտումնավոր կամ կոպիտ անփութություն դրսևորելով, դատավարական գործընթացի ակնհայտ խախտումներ է թույլ տալիս:
Սաչկովը հիշեցրել է, որ 2014 թվականի մայիսից ձերբակալվել է Բելառուսում, նոյեմբերին՝ արտահանձնվել Հայաստան, և միայն այս տարվա օգոստոսին խափանման միջոցի փոփոխություն է տեղի ունեցել՝ գրավի դիմաց:
2015 թվականի հոկտեմբերին ավարտվել է իր մասով գործի քննությունը և նույն տարվա նոյեմբերին գործը հանձնվել է դատարանին: Նոյեմբերի 27-ին Արմեն Բեկթաշյանը գործը վարույթ է ընդունել: 1,5 տարվա ընթացքում նշանակված 51 դատական նիստերից իրապես կայացել է 19-ը: Ընդ որում՝ նիստերը հետաձգվել են բացառապես դատավորի, թարգմանչի կամ մեղադրողի բացակայության պատճառով, մինչդեռ ամբաստանյալի պաշտպանները պարտաճանաչ հաճախել են նշանակված նիստերին:
Իր մասով դատաքննության ողջամիտ ժամկետների խախտման վերաբերյալ 2017 թվականի օգոստոսին Սաչկովը նամակներ է գրել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին և Դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին և մինչ օրս պատասխան չի ստացել:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մ. Մարտիրոսյանն արձագանքել է Սաչկովի դիմումին՝ տեղեկացնելով, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է: «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները:
«Ելնելով դրանից՝ տեղեկացվում է, որ Ձեր օտարալեզու դիմումում բարձրացված հարցերը քննարկման առարկա կարող են դառնալ հայերենով կազմված համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում»,- ամրագրել է Մ. Մարտիրոսյանը:
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ ես կարող եմ դիմել այն լեզվով, որին տիրապետում եմ: Կուղարկեմ նաև հայերեն, եթե իրենք կոնվենցիայի վրա թքած ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Վլ. Սաչկովը:
Այսօր նշանակված դատական նիստը կրկին հետաձգվեց թարգմանչի բացակայության պատճառով: Թարգմանչի՝ թարգմանչական ծառայությունների մատուցման պայմանագիրն ավարտվել է: Նորը դեռ չի կնքվել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին: Հավելենք, որ հետաձգվել էր նաև նախորդ՝ դեկտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը:
Հիշեցնենք. որ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´ համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով:
Մեկնաբանել