
Սամվել Նիկոյանը «նախընտրական» խոստումներ է տալիս. դրանցից մեկը վերաբերում է ԶԼՄ-ներին
Այս պահին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ է ունենում ԱԺ նախագահի թեկնածու Սամվել Նիկոյանը: Նրան հարցեր տալու համար հերթագրվել է 4 պատգամավոր: Նրանցից 3-ը «Ժառանգություն» խմբակցությունից է, իսկ մեկը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն է:
Մինչ պատգամավորների հարցերին պատասխանելը Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում առաջին հերթին վերանայելու է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների՝ ԱԺ տարածքում գտնվելու ժամանակային սահմանափակման հարցը:
Ըստ թեկնածուի՝ լրագրողները հանրային նշանակություն ունեցող աշխատանք կատարող կարևոր անձինք են և իրավունք ունեն ԱԺ-ում գտնվել ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում ու կատարել իրենց մասնագիտական աշխատանքը: Վերջում Ս. Նիկոյանը նշեց, որ որևէ մեկին հաճոյանալու խնդիր չունի, պարզապես ավելի ճիշտ է լրագրողներին ազատություն տալը:
Նշենք, որ մինչ այս պահը լրագրողներն իրավունք ունեն ԱԺ տարածքում գտնվել միայն նիստերի օրերին և հանձնաժողովի նիստերի ժամանակ:
Հաջորդ փոփոխությունը լինելու է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, որին ևս Սամվել Նիկոյանը մեծ տեղ է տալիս:
ԱԺ նախագահի թեկնածուն նաև խոստացավ, որ ընտրվելու դեպքում առաջին պաշտոնական այցը կատարելու է Լեռնային Ղարաբաղ, քանի որ «այլ կերպ լինել չի կարող»: Էռնեստ Սողոմոնյանն էլ խնդրեց, որ Սամվել Նիկոյանն իրեն էլ Արցախ տանի: Սամվել Նիկոյանը չառարկեց և ամբիոնից հայտարարեց. «Տիկին Բախշյան առանց ձեզ էլ չեմ գնա»:
Մեկնաբանել