
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա. «Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է»
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մտահոգ է գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ կատարված բռնությամբ
Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրը, որ առնչվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի հանդեպ կիրառած բռնությանը մեծ անհանգստություն է պատճառում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային:
Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոալիցիան կոչ է անում հասարակությանը աչալուրջ լինել և պահանջել ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտում և հետևողական լինել դրանց արդարացի քննության ընթացքին:
Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է, քանի որ նա հանդիսանում է հասարակական դեմք և պետք է ծառայի որպես օրինակ մյուս քաղաքացիների համար:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը այս թեմայի շուրջ և ակնկալում արդար ու անաչառ հետաքննություն, ինչպես նաև կոչ է անում մամուլին շարունակ լուսաբանել գործի ընթացքը, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի բռնության դեպքերի մասին և հետևի դրանց ընթացքին:
Հույս ենք հայտնում, որ բարձրադիր իշխանական օղակները համապատասխանաբար կարձագանքեն այս արարքին՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կիրառվող բռնության պատժումը որդեգրված քաղաքական կամքի հետևողական դրսևորումն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ 17.30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցի շքասրահում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ֆիզիկական բռնություն է կիրառել գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ:
Հարգանքներով՝
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
http://coalitionagainstviolence.org
Մեկնաբանել