
«Մարզպետական» ֆեոդալիզմի և ներքին վերափոխման արանքում
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու միջադեպը բացառապես մեկ` զուտ մարդկայինի ու բարոյականության հարթության մեջ դիտարկվեց: Եվ դա օբյեկտիվորեն պայմանավորված էր առաջին հերթին Խաչատրյանի, ով ավելի շատ հայտնի է իր «Լիսկա» մականվամբ, մարդկային տեսակով, էքսցենտրիկ պահվածքով ու մշտապես իր արարքների համար պատժից խուսափելու կարողությամբ: Սակայն իրականում սա ունի խորը համակարգային ենթատեքստ, որով և պայմանավորվում են առհասարակ նման հարաբերությունների ձևավորումը գործարարի և պետական պաշտոնյայի, տվյալ դեպքում մարզպետի միջև և հաշվների պարզումը նման մեթոդներով:
Սիլվա Համբարձումյանը, անկասկած, հանկարծակի ի հայտ եկած անձնավորություն չէ, չնայած լայն հասարակայնությունը նրան մոտիկից ճանաչելու առիթ մինչ այս չէր ունեցել: Նա գործունեություն է ծավալում հանքարդյունաբերության ոլորտում: Իսկ սա բիզնեսի մի այնպիսի ճյուղ է Հայաստանում, որն ամբողջությամբ վերահսկվում է իշխանության կողմից, որտեղ պատահական մարդիկ չեն լինելում, և որտեղ գործում են բոլոր խաղացողների համար պարտադիր չգրված օրենքներ:
Եթե այսքան ժամանակ Սիլվա Համբարձումյանին հաջողվել է անաղմուկ և բավականին արդյունավետ գործունեություն ծավալել, նշանակում է նա իշխանության համար յուրային է ու վստահելի: Եվ ահա այս գործարարն իսկական ճակատամարտ է սկսում իշխանական համակարգի առանցքային դերակատարներից մեկի դեմ, ով մարզպետ լինելուց բացի նաև գործարար է և նույնպես ներգրավված է Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտում: Այլ կերպ ասած` գործ ունենք ներհամակարգային մի վեճի հետ, որը պարզապես այլևս հնարավոր չի եղել պահել ներսում:
Հատուկ քննչական ծառայությունն արդեն երկու գործ է հարուցել` նախ Խաչատրյանի կողմից թանկարժեք ինչ-որ սարքավորում գողանալու մասին Համբարձումյանի հայտարարությունների և երկրորդ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարզպետի կողմից գործարարի ծեծի ենթարկվելու առթիվ:
Սա աննախադեպ է այն իմաստով, որ նախկինում Սյունիքի մարզպետը երբեք իրավական պատասխանատվության չի ենթարկվել: Նրա գործողությունների, վարքագծի վրա մշտապես աչք է փակվել, ինչն էլ հանգեցրել է Սյունիքում խաչատրյանական ֆեոդալական իշխանության բեսպրեդելի հաստատմանը:
Բայց մյուս կողմից հատկանշական է, որ ոչ միայն գողության մասին Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները, այլև հյուրանոցում տեղի ունեցած խուլիգանական միջադեպը իշխանությունների կողմից հրապարակային արձագանքի չարժանացան:
Չի բացառվում, իհարկե, որ սա Խաչատրյանից ազատվելու նախապատրաստություն է, ինչը, սակայն քիչ հավանական է թվում: Սովորաբար նման դեպքերում անցանկալի, իրենց դարն ապրած և որոշակի ծառայություններ մատուցելուց հետո «անպետքացած» անձանցից ազատվելու օպերացիան իշխանությունն իրականացնում է հնարավորինս մեծ աղմուկով, դրա շուրջ շոուներ սարքելով, որոնք, որպես կանոն, տեղի են ունենում պետական կառավարման համակարգն անորակ կամ վարկաբեկված կադրերից մաքրելու լոզունգների ներքո:
Այդպես էր թե՛ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, թե՛ ինչ-որ իմաստով արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությունների պարագայում: Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկսված այս սկանդալային պատմությունը կարծես դուրս է իշխանության հետաքրքրություններից:
Սա երկու բան կարող է նշանակել: Առաջին` մարզպետին հեռացնելու որևէ ցանկություն հերթական անգամ իշխանությունը չունի ու չի ցանկանում դրա շուրջ աղմուկ ու ավելորդ սպասումներ առաջացնել: Եթե այդպես է, ապա Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի ելքն արդեն վճռված կարելի է համարել, և դրանք պարզապես Խաչատրյանին արդարացնելու խնդիր են լուծելու:
Գործարարին ծեծելու իրողությունը կարող է շրջանցվել ընդամենը նրան նկատողություն հայտարարելու կամ որևէ այլ տույժ կիրառելու միջոցով: Բայց այդ դեպքում ստացվելու է, որ Սիլվա Համբարձումյանը ստում է իր մեղադրանքներով:
Եթե սա Համբարձումյանին խաղից հանելու և նրան սեփականությունից զրկելու նպատակ չի հետապնդում, ապա նշանակում է` առնվազն գործարարի և մարզպետի միջև առաջացած և արդեն իսկ ջրի երես դուրս եկած խնդիրը լուծելու նպատակ է հետապնդում:
Այս իմաստով հատկանշական է, որ հյուրանոցում տեղի ունեցածի հետ կապված գործը հարուցվել է ծեծի որակմամբ, ինչը հնարավորություն է տալիս գործը կարճել կողմերի` փոխադարձ համաձայնությունների հանգելու, Համբարձումյանի կողմից բողոքը հետ վերցնելու պարագայում:
Այսինքն` տվյալ դեպքում գործ ունենք միանգամից մի քանի հիմնախնդիրների կամ գործոնների հետ, որոնք չեն երևում առաջին պլան մղված պարզունակ ինտրիգի ազդեցության տակ:
Նախ` խնդիրն այստեղ հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող գործընթացները գերգաղտնի պահելու և մասնավոր բիզնեսի, սեփականության փաստացի անպաշտպանությունն է տարատեսակ ոտնձգությունների նկատմամբ:
Երկրորդ` մարզպետի դրսևորած և նրան որոշակի վարքագիծ թելադրող բիզնես հետաքրքրությունները, որոնք շահերի բախման սկզբունքի ակնհայտ խախտում են, և միայն դա պետք է բավարար լիներ նրան պաշտոնանկ անելու համար:
Երրորդը արած խախտումների, ապօրինությունների համար պատժի կիրառման, պատասխանատվության ենթարկելու ընտրողականությունն է:
Փաստորեն, միևնույն զանցանքի համար մեկը կարող է պատժվել աշխատանքից ազատմամբ, ինչպես, օրինակ, Գագիկ Բեգլարյանը, իսկ մյուսը, տվյալ դեպքում Սուրիկ Խաչատրյանը, փաստացի պաշտպանության տակ հայտնվել, եթե, իհարկե, հարուցված գործերը ոչ մի արդյունքի չբերեն:
Եվ վերջապես չորրորդ` այս միջադեպը և դրա հետագա զարգացումները առաջին հերթին պատասխանելու են այն հարցին, թե որքանով է իշխանությունը հետևողական` կյանքի կոչելու այն գաղափարները, որոնց մասին սիրում է անընդհատ կրկնել:
Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ, որ խոսել է պետական պաշտոնյաների և նրանց հարազատների զուսպ ու պատասխանատու պահվածքի անհրաժեշտության մասին: Իսկ օրերս Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում ունեցած ելույթում նա խոսում էր արդեն ներքին վերափոխման և փաստացի գործարարությունը պետական իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության մասին:
«Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը և ընդհանուր առմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել և ապահովել յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի շահը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Մնում է սպասել, թե երբ և ումից է սկսվելու այս համընդհանուր վերափոխումը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել