
Ու՞մ օգտին է դատարկվում պետական բյուջեն
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն այս տարվա մարտի 1-ին «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ կնքել է վառելիքի մատակարարման պետական գնման պայմանագիր: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է ընդհանուրը 130 մլն 240 հազար դրամ արժեքով: Քանի որ նախատեսված են եղել ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, մարտի 31-ի համաձայնագրով որոշվել է գնում կատարել 112 մլն 843 հազար դրամի սահմաններում: Ըստ պայմանագրի՝ գնման մնացած մասը կկատարվի ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
Ընկերությունը Ազգային ժողովին պետք է մատակարարի «Ռեգուլյար», «Սուպեր» բենզին և դիզելային վառելանյութ լիտրը, պայմանագրի կնքման օրվա դրությամբ համապատասխանաբար՝ 410, 460, 410 դրամով: Կնքված համաձայնագրով մատակարարման ամիսներին վառելանյութի գինը նվազելու է:
Նշենք, որ խորհրդարանի ծառայողական ավտոմեքենաները սպասարկում են ԱԺ նախագահին, ԱԺ նախագահի երկու տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին, տեղակալներին, խմբակցություններին և Ազգային ժողովի աշխատակազմին: Հավանաբար, այդ բենզինն օգտագործվելու է նրանց սպասարկելու համար:
Խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը եւ որակը պարբերաբար քննարկման առարկա է դարձել մամուլի էջերում: Այս մարմնին հատկացվող յուրաքանչյուր միջոց ընկալվում է որպես գումարների վատնում: Պատճառը ոչ միայն մականունավոր, օլիգարխ պատգամավորներն են, որոնք այս տարիների ընթացքում այդպես էլ օրենսդրական աշխատանքով չզբաղվեցին, այլեւ ընդունվող օրենքները, նախաձեռնությունները, կառուցողական քննարկումների բացակայությունը, խորհրդարանի ցածր հեղինակությունը:
Վառելանյութից բացի պատգամավորների վրա պետությունը այլ ծախսեր է կատարում: Վճարում է բարձր աշխատավարձ, լույսի, ջրի վարձավճարներ, սպասարկման այլ ծախսեր: Պատգամավորներն այդ ծախսերը պետք է «հատուցեն» իրենց աշխատանքով: Օրինակ՝ բացի հայհոյելուց ու պատգամավորին անհարիր բառապաշար օգտագործելուց, ի՞նչ օգուտ են տալիս Առաքել Մովսիսյանը (Շմայս), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) և այլք խորհրդարանին ու պետությանը, ինչո՞վ է արդարացվում նրանց ներկայությունը խորհրդարանում:
Առաքել Մովսիսյան |
Կամ՝ պատգամավորներ Մարինե Մարաբյանը, Նահապետ Գևորգյանը (Նավո), Սպարտակ Մելիքյանը, Կարեն Սարիբեկյանը, Արթուր Ստեփանյանը, Մուրադ Գուլոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մուշեղ Պետոյանը և այլք չեն հայհոյում, բայց նրանց ձայնը խորհրդարանում չի էլ լսվում: Լուռ գալիս են (իհարկե, եթե գալիս են), սեղմում են իրենց հանձնարարված «բաժին» կոճակը և հեռանում: Բայց նրանց կենսագրության մեջ նշվելու է, որ եղել են պատգամավորներ:
Թեև իշխանական թևի պատգամավորները բնական են համարում, որ օրենսդրական նախաձեռնությունների զգալի մասի նախաձեռնողը գործադիր մարմինն է, սակայն ընդդիմադիրները ճիշտ հակառակ կարծիքն ունեն: Ազգային ժողովի «դակող մարմին», իսկ պատգամավորներին՝ «կոճակ սեղմողներ» պիտակավորումը հենց այդ համատեքստում է: Պատգամավորները համերաշխորեն քննարկում ու քվեարկում են կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը: Քանի որ շահերի բախում չկա, և ընդունվող նախագծերն էլ ինչ-որ չափով ձեռնտու են քվեարկող պատգամավորներին (հիմնականում՝ իշխանությունը ներկայացնող), դրանք ընդունվում են:
Պետական միջոցների ծախսումն ուղիղ համեմատական չէ կատարված աշխատանքին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ընտանեկան բիզնեսին «Հետքն» արդեն անդրադարձել է: Նրա կինն ու որդիները փայլուն տիրապետում են բիզնեսի կանոններին և զգալի եկամուտներ ապահովում: Բայց միևնույն է, Գալուստ Սահակյանը երազում է, որ ինքն էլ բիզնես ունենա: ԱԺ նախագահի ընտանիքը ոչ միայն հետաքրքրված է առողջապահական ոլորտով, այլև քաղաքային երթուղիների բիզնեսով:
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ևս տիրապետում է բիզնես-կանոններին: Օրինակ՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասը պատկանում է Հերմինե Նաղդալյանին, մասնակցում է կառավարության հրատապ ծրագրերին: Չնայած Հերմինե Նաղդալյանի ղեկավարած պատվիրակությունն անընդհատ ձախողումներ է գրանցում Եվրոպական խորհրդարանում, նրան վստահվում են այնպիսի կարեւոր նախագծեր, ինչպիսին է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետություն միջպետական նշանակության ճանապարհահատվածի «վերանորոգումը»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր «հեքիաթային հարսանիքի» մասին մամուլը մի քանի օր գրում էր: Նման հարսանիք կարող է անել միայն հարուստ մարդը:
Այս ցանկը կարելի է շարունակել: Նրանք են օգտվում պետական բարիքներից և ծախսում պետական միջոցները: Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ կապ ունի վերը նշված պաշտոնյաների անձնական ունեցվածքը խորհրդարանի սպասարկման կամ բենզինի գումարների հետ: Գուցե արդարացի հարց է՝ իսկ ի՞նչ կապ ունեն այդ պաշտոնյաները երկրի իմիջի բարձրացման և միջազգային հարթակում երկիրը ներկայացնելու հետ: Ինչո՞ւ են հարստանում, բիզնեսը ծաղկեցնում միայն պաշտոնավարման տարիներին:
Իհարկե, բոլոր խորհրդարաններում էլ գումարներ ծախսում են: Գերմանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ խորհրդարաններում մոմի լույսի տակ չեն աշխատում, կամ՝ ծառայողական ավտոմեքենաները վառելանյութի փոխարեն կոյուղաջուր չեն այրում: Այստեղ հարցն այն է, թե ծախսած գումարները, որն ուղիղ համեմատական է կատարված աշխատանքին, ինչպես են նպաստում, կամ նպաստո՞ւմ են առհասարակ երկրի հեղինակության բարձրացմանը, ներքին խնդիրների կարգավորմանը: Այդ ծախսերն ինչպե՞ս են կրճատում արտագաղթը, սոցիալական անհավասարությունը, գործազրկությունը: Ինչպե՞ս են մատչելի դարձնում առողջապահությունը, բարձրացնում ծառայությունների որակը:
Հայաստանի դեպքում դժվար է գտնել այդ ուղիղ համեմատականը: Հաշվետվողականության ցածր մակարդակը կամ բացակայությունը հնարավորություն է տալիս պաշտոնյաներին նորանոր բարձունքներ «գրավել» և, օրինակ, լավ աշխատելու փոխարեն վիճել, թե ով պետք է ընդգրկվի միջազգային պատվիրակությունների կազմում և պետության հաշվին մի քանի օր արտասահման մեկնի:
Քանի դեռ պետական մարմինների ծախսած միջոցները չեն արդարացվում կատարված աշխատանքների արդյունավետությամբ, հանրությունը միշտ էլ այդ միջոցների օգտագործումը համարելու է վատնում: Գումար ծախսելու շատ տեղ կա, պարզապես պետք է հասկանալ առաջնահերթությունները: Ոչինչ, որ մի քանի պատգամավոր վատ կզգա, որ իր բաժին գումարները կրճատվել են, փոխարենը իրենց լավ կզգան սովորական քաղաքացիները, երբ այդ միջոցներն ուղղվեն աշխատավարձների, թոշակների բարձրացմանը, բանակի եւ զինծառայողների պայմանների բարելավմանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել