
Արտյոմ Գասպարյանին Լոս Անջելեսի դատարանում 20 նոր մեղադրանք կառաջադրվի
Լոս Անջելեսի փաստաբանական գրասենյակը հայտնում է, որ հոսպիտալացված Արտյոմ Գասպարյանին այսօր դատարանում սպասվում է 20 նոր մեղադրանք: Արտյոմ Գասպարյանը Լոս Անջելեսի ոստիկանությունում անցնում էր մի շարք քրեական գործերով, այդ թվում` սպանություն, սպանության փորձ և մեքենաների գողություն:
Լոս Անջելեսի ոստիկանությունը Արտյոմ Գասպարյանին հայտնաբերեց մի քանի օրվա պարբերական հետախուզումից հետո: Հունվարի 4-ին, նկատելով Գասպարյանին, ոստիկանները փորձել էին կանգնեցնել նրան: Դատախազությունն ավելի ուշ հայտնեց, որ հետապնդումն ավարտվել է վթարով, իսկ ամերիկյան մամուլը լուսանկարներ էր տարածում համայնքի կաթվածահար երթևեկությունից: Երբ Գասպարյանը ենթադրաբար դուրս էր թռել մեքենայից և փորձել փախչել, ոստիկանությունը կրակել էր նրան, ինչի պատճառով էլ նա հոսպիտալացվեց:
«Նա շատ վտանգավոր մարդ է, նաև անկանխատեսելի»,- ասել էր Գասպարյանին հետապնդած ոստիկան Չառլի Բեքը` ավելացնելով, որ նա փախուստի է դիմել այն մեքենայով, որ պարբերաբար ներգրավված է եղել նված քրեական գործերում:
Մինչև Գասպարյանին հայտնաբերելը Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որով խնդրում էր հանրության աջակցությունը` նրան գտնելու հարցում: 32-ամյա հայազգի երիտասարդին նկարագրելուց հետո, դատախազությունը, որպես հուշում, ավելացնում էր` Գասպարյանը համարվում է «վտանգավոր և զինված»:
Հանցագործությունների շարքը, ըստ այդ հայտարարության, սկսվել էր դեկտեբերի 6-ից Լոս Անջելեսի հյուսիսային հատվածում, իսկ որպես վերջին թարմ դեպք նշվում էր Քարսոն քաղաքում հունվարի 1-ին տեղի ունեցած ավտոմեքենաների գողությունը: Հանցագործությունների կատարման վայր էին նշվում Լոս Անջելեսի Բուրբանք, Հյուսիսային Հոլիվուդ և Քարսոն քաղաքները:
Դատախազությունը հայտնում էր նաև, որ Գասպարյանը ենթադրյալ հանցանքների մի մասը գործել է Դանիել Ռամիրեզի հետ, ով դեպքի վայրում ոստիկանության հետ առճակատումից հետո կրակել էր երկու անձի, հարձակում գործել մեկ ուրիշի վրա, ապա կրակել ինքն ինեն: Ռամիրեզը կալանքի մեջ է:
Այսօրվա հաղորդագրությամբ դատախազությունը տեղեկացնում է, որ Արտյոմ Գասպարյանի առաջին քրեական գործը հարուցվել է ավելի վաղ` դեռևս 2015թ. օգոստոսի 5-ին: Այդ ժամանակ, ըստ հաղորդագրության, նա ձերբակալվել է Լոս Անջելեսի Վան Նույս քաղաքում` դարձյալ մահափորձ կատարելու կասկածանքով:
Այսօր դատախազները կներկայացնեն Գասպարյանի դեմ փոփոխված բողոքը` առաջադրելով նրան երկու տասնյակ նոր մեղադրանք, որոնցից են դիտավորյալ սպանությունը ավտոմեքենայի միջից, երկրորդ կարգի կողոպուտը, փախուստը ոստիկանությունից, հրազեն ունենալը:
Լուսանկարը` dailymail.co.uk
Մեկնաբանել