
Վերջին օրերին նկատվող առատ տեղումները լարված վիճակ են ստեղծել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: Թեեւ մարզպետարաններից մեզ վստահեցնում են, որ «մտահոգվելու առիթ չկա», այնուամենայնիվ նշված մարզերում գետերը շարունակում են վարարել:
Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այս պահին լուրջ վտանգ չկա, քանի որ դեռեւս վաղ գարնանը գետերի վտանգավոր հատվածներում մաքրման աշխատանքներ են կատարվել: Ըստ Ա. Աղաբաբյանի, չանհանգստանալու պատճառներից մեկն էլ այն է, որ այս տարի ձմեռը մեղմ էր, ձյուն չի եկել, եւ հալոցք չի եղել, իսկ անձրեւաջրերը վտանգ չեն կարող ներկայացնել: «Բայց եթե մի քանի օր տեղումները շարունակվեն, հնարավոր է` վտանգավոր իրավիճակ ստեղծվի»,- ավելացրեց փոխմարզպետը:
Մինչդեռ մարզի տարածքով հոսող Քասաղ գետի հարակից գյուղերում ամեն պահի սպասում են, որ գետը կարող է հունից դուրս գալ: Նախորդ տարիներին գետի մաքրման աշխատանքներ են կատարվել Այգեշատ, Դաշտ, Դողս գյուղերի հատվածում, սակայն գյուղերին սպառնացող վտանգը դեռ մնում է:
Հեղեղումների վտանգի տակ են նաեւ Արագածոտնի մարզի Գեղարոտ, Ռյա-Թազա, Վարդենուտ, Արագած, Արայի, Ոսկեհատ, Օշական համայնքները:
Մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Յուրա Ազատյանը նշեց, որ այս տարի գետերի մաքրման աշխատանքներ չեն իրականացվել, սակայն նախորդ տարիների գյուղապետերի կատարած աշխատանքները դեռեւս իրենց զգացնել տալիս են: «Առայժմ մտահոգվելու առիթ չկա, բայց գյուղապետերը զգոն են» ,- ավելացրեց Յու. Ազատյանը: Արագածոտնի մարզում գետերի մաքրում իրականացվել է մոտ 2 տարի առաջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել