
2010 թվականի պետական բյուջեով Տրանսպորտի եւ կապի նախարարությանը հատկացված է մոտ 34 մլրդ դրամ, որը մոտ 12 տոկոսով պակաս է այս տարվա հատկացումից: Չնայած սրան` նախարարությունը բավականին լուրջ ծրագրեր պետք է իրականացնի հաջորդ տարի: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
«Պետական բյուջեով նախատեսված գումարներով նախատեսված է հիմնանորոգել 63 կմ-ից ավելի ճանապարհներ, մոտ 430 միլիոն դրամով էլ կվերականգնվեն Հանրապետության մոտ 8 կամուրջներ»,- հայտնեց նախարարը:
2010 թվականին շարունակվելու է նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող գյուղական ճանապարհների վերականգման ծրագիրը: «Եկող տարի շահագործման են հանձնվելու մոտավորապես 120 կմ գյուղական ճանապարհներ, Համաշխարհային բանկի` կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը նույնպես շարունակվելու է, նախատեսվում է 100 կմ-ից ավելի գյուղական ճանապարհներ վերականգնել»,- հայտարարեց Գուրգեն Սարգսյանը:
Նախարարաը տեղեկացրեց, որ 60 մլն դոլար գումար է ուղղվելու հարավ-հյուսիս ճանապարհային միջանցք կառուցելու առաջին փուլի իրականացմանն ու 2-րդ եւ 3-րդ փուլերի նախագծմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել