
«Ամեն ինչ հսկողության տակ է, ամեն տեղ` նորմալ: Դեռևս էդպիսի լուրջ դեպք չենք նկատել, չենք դիտել: Աշխատում են բոլորը»,- ասաց Երևանի քաղաքապետի ընտրություններում Օրինաց երկիր կուսակցության ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը` պատասխանելով «Հետքի» այն հարցին, թե արդյո՞ք կուսակցության վստահված անձինք կամ դիտորդներն իրեն ահազանգել են խախտումների մասին:
Հեղինե Բիշարյանի խոսքերով` «դեռևս լուրջ ինչ-որ խախտումներ չեն եղել: Տեխնիկական բաներ լինում են, բայց ոչ էնպիսի խախտում, որ համարեմ լուրջ խախտում»:
Որպես տեխնիկական խախտման օրինակ` Հեղինե Բիշարյանը նշեց հասցեների հետ կապված սխալները. «Հասցե է փոխվել: էսպիսի բաներ են ասում: Դե, հիմա ես վստահ չեմ, որովհետև ինքս չեմ նայել: Ուղղակի զանգահարում, ասում են. «Մեր հասցեն փոխվել է: Էստեղ պիտի քվեարկեինք: Հիմա էս ինչ տեղում ենք: Մենք էստեղ գալիս ենք` հասցե չկա»: 89 դպրոցում ինչ-որ Տիչինայի փողոցի մարդիկ ասել են, որ «մենք պիտի 89-ում ընտրենք, բայց հիմա եկել ենք` մեր հասցեները չկան»: Էսպիսի խոսակցություն: Թե դա որքանով է ճիշտ` 100 % չեմ կարող ասել, բայց էսպիսի զանգ է եղել շտաբում»:
ՕԵԿ խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ դեռևս օրվա առաջին կեսն է, և վաղ է ընտրությունների ընթացքը մեկնաբանելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել