
Երեխան պնդում է հոր կողմից բռնության ենթարկվելու փաստը
Երբ դեռևս այս տարվա մայիսին մամուլում առաջին հրապարակումները եղան այն մասին, որ հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ, միանգամից մի քանի լրատվամիջոցների քննարկման թեման դարձավ` ճիշտ էր արդյոք տուժողի կամ մեղադրվողի անունների կամ անգամ նրանց բնակության վայրի մասին տեղեկություններ հրապարակելը: Մի կողմ դնելով այն, թե որքանով է դա համապատասխանում լրագրողական էթիկային (որն անշուշտ, այս պարագայում իսկապես կարևոր է)՝ խնդիրն ըստ էության դրանից չի փոխվում: Թե որ լրատվամիջոցը որին կմեղադրի անուններ թվարկելու կամ թաքցնելու մեջ, դա ևս այս պարագայում անկարևոր է, որովհետև, միևնույն է, բռնության ենթարկված երեխայի ոչ հոգեբանական, ոչ էլ ֆիզիկական վիճակը դրանից չի փոխվում, քանզի նա այս օրերին հազիվ թե կարողանա կամ անգամ ցանկություն ունենա տեղեկանալ, թե իր կամ ծնողների անունները հրապարակվել են, թե ոչ:
Նույն անտարբերությամբ թեմայի հրապարակայնության մասին խոսում է նաև երեխայի մայրը՝ ասելով, որ իր համար միևնույն է արդեն ամեն ինչ, միայն թե մեղավորը պատժվի: Եվ չնայած ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տեղեկությամբ՝ 14-ամյա Ա.-ի հղիությունն արհեստականորեն ընդհատելուց հետո իրականացված պտղի դատագենետիկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ աղջիկը հորից չի հղիացել, այնուամենայնիվ, մոր կարծիքով՝ «մեղավորը հենց նա է», և ինքը պատրաստվում է դիմել «նոր անալիզներ վերցնելու համար»:
Մոր այս մտադրությունն անտեղի են համարում Գորիսի դատախազությունում, ասելով, որ փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են և, նկատի ունենալով քննության շահերը, առայժմ այլ տեղեկություններ չեն կարող տրամադրել: Նշեցին միայն, որ, տուժողի ցուցմունքների վրա հիմնվելով, արյան անալիզներ են վերցնում նաև այլ անձանցից:
Տուժողի շահերի պաշտպան Նոնա Գալստյանի խոսքով՝ այն, որ անչափահաս աղջիկը հղիացել է ոչ սեփական հորից, այդ փաստը պատճառ չէ, որ հայրը պատասխանատվության չենթարկվի, քանի որ երեխան պնդում է հոր կողմից բռնության ենթարկվելու փաստը: Փաստաբանի կարծիքով՝ նախաքննությամբ անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվում են, և չնայած այն ինքը միանշանակ չի գնահատում, այնուամենայնիվ, համոզված է, որ անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն գործադրած մարդիկ, առավել ևս հայրը պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Այն, որ երեխան մշտապես բռնության է ենթարկվել, ծեծվել, քննության ընթացքում հայրը չի առարկել՝ նշելով, թե «ինքն այդպիսով փորձում էր աղջկան կտրել փողոցից»: Հետաքրքրական է, որ հոր այս վարքագիծը նորմալ գնահատեցին նաև Գորիսի դատախազությունում. ոչ պաշտոնական զրույցի ընթացքում՝ նշելով, թե «բա ի՞նչ պիտի աներ կապը կտրածին` խելքը գլուխը հավաքելու համար»: Իզուր փորձեցի պաշտպանել աղջկան, քանի որ, ծանոթ լինելով նրանց ընտանիքին, նաև երեխայի մտավոր կարողություններին, գիտեի, որ անցյալ տարվա սեպտեմբերից (այս ժամանակն, ի դեպ, նշվում է նաև աղջկա կողմից տրված ցուցմունքում, երբ առաջին անգամ բռնության է ենթարկվել), աղջիկը փողոցում հաճախ էր հայտնվում կապտուկներով: Հետաքրքրական է, որ դատախազության աշխատակիցները վերապահումով են վերաբերվում նաև աղջկա մասին դպրոցի տված տեղեկություններին, թեպետ չեն ժխտում, որ այստեղ ևս նշվել է աղջկա վարքագծի փոփոխության ժամկետ` 2010 թվականի սեպտեմբեր:
Չեմ կարող կասկածել, որ իրավապահ մարմինները ցանկություն չունեն կամ ջանք չեն թափում երեխայի դեմ բռնություն կատարող անձին կամ անձանց պատասխանատվության ենթարկելու համար, բայց նաև վստահ չեմ, որ նախաքննությունն իրականացվում է առանց նախնական տրամադրվածության` ընտանիքի հայրը փորձել է պաշտպանել ընտանքի պատիվը… ումի՞ց:
Իսկ մինչ այդ բռնության ենթարկված երեխայի մայրն օրերն է հաշվում, քանի որ տանտերը, որի բնակարանում ապրում են, 20 օր ժամանակ է տվել. «Գլուխ չունեմ մարդուդ հետ, ազատի տունս»:
Աղջիկներից մեկին սոցիալապես անապահով ընտանիքների այլ երեխաների հետ մայրը ամառային ճամբար է ուղարկել, բռնության ենթարկված աղջիկը շարունակում է գտնվել ՀՕՖ-ի վերականգնողական կենտրոնում: Իսկ մինչ այդ մայրը հավատում է, որ դատ կլինի, մեղավորը կպատժվի, գուցե տանտերն էլ միտքը փոխի: «Ո՞նց կարա դատ չլինի»,- ասում է մայրը:
Ի՞նչ իմանաս…
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել