
Վոլոդյա Ավետիսյանին ինչի՞ համար են պատժում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներից հետաքրքրվեց, թե մինչեւ երբ քրեական հետապնդման լծակները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով: Օրպես օրինակ պատգամավորը նշեց ազատամարտիկ Վալոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Նիկոլ Փաշինյանը հերթով նկարագրեց դեպքերի զարգացումը: Ըստ այդմ՝ 2013 թ. կեսերին Վ. Ավետիսյանը ակցիաների շարք է սկսել Ազատության հրապարակում, կառավարության շենքի դիմաց, հետո հանդիպել է վարչապետին: Արդյունքը չի գոհացրել ազատամարտիկին եւ նրա ընկերներին, եւ բողոքի ակցիաները շարունակել է: Այնուհետեւ հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, եւ դարձյալ պայմանավորվածությունները նրանց չեն գոհացրել, ու շարունակել են բողոքի ակցիաները հանուն ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման:
Դրանից հետո պաշտպանության նախարարության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ խարդախության մեղադրանքով:
«Մինչեւ ե՞րբ են կառավարությունն ու իշխանությունը շարունակելու այդ գործելաոճը»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ հանրաճանաչ դեպքերից հետո իրոք հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ: Հանդիպումից հետո ձեւավորվել է աշխատանքային խումբ, որպեսզի ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարելավման առումով ուսումնասիրություններ կատարվեն: Սակայն Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ շարունակել է բողոքի ակցիաները:
Նախարարը նշեց, որ այս գործում քաղաքական բաղադրիչ չկա: «Քրեական գործը հարուցվել է տեղին եւ այն ժամանակահատվածում, երբ բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության նախարարությունում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Արձագանքելով նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախարարի պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ Վոլոդյա Ավետիսյանը ոչ թե Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու, այլ քաղաքական էլիտայի հետ պայմանավորվածությունը չպահելու համար է մեղադրվում: Նա նշեց, որ Քրեական օրենսգրքում չկա հոդված, որ Սերժ Սարգսյանի կամ պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածությունը խախտելու համար պատասխանատվության ենթարկվեն:
«Մարդուն շինծու գործով պատժում են Սերժ Սարգսյանի ասածները չանելու համար»,- ասաց Ն. Փաշինյանը:
Նախարարն ասաց, որ Վ. Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոչ թե պայմանավորվածությունը խախտելու համար, այլ խարդախության հոդվածով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել