
Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման
Հենց նոր Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ այժմ գնում է Սերժ Սարգսյանի մոտ՝ վերջինի հետ հանդիպման՝ «լուծում տալու այդ համազգային ճգնաժամի՝ հակաօրինական, հակաիրավական, հակասահմանադրական, որի մեջ գտնվում են մեր ազգը և պետությունը»:
Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Սերժ Սարգսյանի խոսնակի հրավերն այն մասին, որ նախագահը ցանկացած պահի պատրաստ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Սերժ Սարգսյանը չեկավ Ազատության հրապարակ՝ չնայած երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը նրան կոչ էր արել գալ հրապարակ և իշխանությունը փոխանցել ժողովրդին: ՀՀԿ-ն նաև հրաժարվեց իր այն հանրահավաքից, որը նախատեսել էր անցկացնել այսօր Ազատության հրապարակում:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում կրկնեց, որ ինքն ընտրված նախագահ է, և Սերժ Սարգսյանը պարտվել է փետրվարի 18-ի ընտրություններում:
«Ժառանգության» առաջնորդը նաև ասաց, որ վաղը՝ ժամը 17-ին, Ազատության հրապարակում դարձյալ անցկացվելու է հանրահավաք, որը թույլատրել է Երևանի քաղաքապետարանը:
Անդրադառնալով նրան, որ վեհափառ հայրապետներ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն, ինչպես նաև Ռուսաստանի և «կանխակալ շնորհավորանքով»՝ Թուրքիայի նախագահը շնորհավորել են Սերժ Սարգսյանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կարևորը հայ ժողովուրդն է, հայ զինվորը, հայ ոստիկանը, հայ դատավորը, հայ մարդը իր երկրում:
«Ուրիշ ոչ մեկը՝ ոչ վեհափառ, ոչ նախագահ, ոչ օտար ներկայացուցիչ, որքան էլ հարգելի, պիտի չորոշի Հայաստանի քաղաքացու անունից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա ելույթից հետո քաղաքացիական ակտիվիստներից մեկը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 13-ին, Բաղրամյան փողոցում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ, քաղաքացիական նախաձեռնություններն անցկացնելու են բողոքի ակցիա, որի նպատակն է պահանջել այդ դիտորդների հեռացումը Հայաստանից:
«Մենք բոլորս պետք է մեր բողոքը արտահայտենք դիտորդներին, որոնք իշխանությունների հետ մեկտեղ կեղծում են մեր ընտրությունները: Մեր հասարակությունը պետք է ինքը ոտքի կանգնի, ու մենք բոլորս պետք է մեր քվեին տեր լինենք՝ առանց միջնորդների, առանց լեգիտիմացման»,- ասաց ակտիվիստը:
Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանել