
Հայ աստվածաբանն ու հնդիկ գործարարը պատահաբար հանդիպեցին սոցիալական ցանցում. հաջորդիվ՝ համագործակցություն, մշակութային ցնցում և ամուսնություն
Հնդիկներն ասում են, որ ամեն անգամ, երբ օտարերկրացիները գալիս են Հնդկաստան, երկու շոկ են ապրում: Առաջինը մշակութային շոկն է, քանի որ Հնդկաստանը ամբողջովին քաոսային է, և դու պետք է ինքդ քեզ այդ օվկիանոսում իրացնես՝ ըստ քո սեփական սահմանման: Բայց հենց օտարերկրացիները սկսում են ապրել Հնդկաստանում ու բացահայտել այն, նրանք ամբողջովին մերվում են երկրին: Երկրորդ շոկը նրանք ապրում են, երբ պետք է վերադառնան իրենց երկրներ, բայց չեն ուզում, նույնիսկ եթե չգիտեն, թե ինչ պատճառով են այդպես կապվել Հնդկաստանին:
Սակայն հայ աստվածաբան Ռուզաննա Աշուղյանն ուրիշ զգացմունքներ ուներ, երբ 2011թ.՝ Դելիում 2 ամիս ուսանելուց հետո, լքում էր Հնդկաստանը, քանի որ գիտեր, որ վերադառնալու է մշտական բնակության:
2012թ. երևանաբնակ Ռուզաննա Աշուղյանն ամուսնացավ դելիաբնակ գործարար Ռանանջայ Անանդի հետ: Դելիում Ջավահարլալ Ներուի անվ. համալսարանում գերմաներեն սովորելուց հետո Ռանանջայը շարունակել էր կրթությունը՝ ստանալով բիզնեսի ոլորտում մագիստրոսի կոչում: Նրանք պատահաբար հանդիպել էին դեռ 2009-ին սոցիալական ցանցում:
Ռանանջայը, ինչպես շատ այլ հնդիկներ, երբեք չէր լսել Հայաստանի մասին: Նա նույնիսկ կարծում էր, թե Հայաստանը կարող է քաղաք լինել մեկ այլ երկրում: Ռուզաննան, ինչպես շատ այլ հայեր, տեղեկացված չէր նորօրյա Հնդկաստանի մասին: Ռանանջայը զարմացել էր, երբ Ռուզաննան հարցրել էր, թե արդյոք Հնդկաստանում մարդիկ շատ աղքատ են:
«Ուստի մենք սկսեցինք քննարկել մեր երկրները, ժողովուրդները, փիլիսոփայությունը, մշակույթը, կրոնը, ամեն ինչ, քանի որ այդ ամենը նոր էր մեզ համար: Այդ ընթացքում մենք իմացանք, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև եղել են շատ հատուկ հարաբերություններ, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց նախկին փայլը»,- ասում է Ռանանջայը:
Երբ 2011թ. Ռանանջայ Անանդն առաջին անգամ եկավ Հայաստան, ինքն և Ռուզաննա Աշուղյանն արդեն որոշել էին ամուսնանալ:
Ռանանջայը երբեք չի մոռանա Գեղարդում հանդիպած ծերունու հյուրընկալությունը
Ռանանջայն ասում է, որ ինչ էլ փորձում էր անել Հայաստանում, մարդիկ դրական էին արձագանքում: Նա հաճույքով է վերհիշում մի դեպք, որը տեղի ունեցավ, երբ իրենք պիկնիկ էին անում Գեղարդի վանքի մոտ: Մի ծերունի, ջրով լցված 10-12 շիշ գրկած, անցնում էր գետը: Ռանանջայը պահեց շշերի մի մասը՝ նրան օգնելու համար: Երբ Ռանանջայը վերադարձրեց բոլոր շշերը, ծերունին շշերից մեկը տվեց Ռանանջային և ասաց. «Այս մեկը քեզ պահիր, արևոտ օր է, և հետո կարող է ծարավես: Դու մեր հյուրն ես, և մենք քեզ կուզեինք լավ տեսնել»:
«Ես սա կյանքումս երբեք չեմ մոռանա, և ես մեծ սեր եմ զգում Հայաստանի նկատմամբ: Դրանից ես շատ մեծ տպավորություն ստացա երկրից, և այս պատմությունը միշտ պատմում եմ Հնդկաստանում ընկերներիս, այն մեծ հյուրասիրության և մարդկանց մասին, որ մենք ունենք Հայաստանում»,- ասում է Ռանանջայը:
Ինչ վերաբերում է Ռուզաննային, ապա երբ նա առաջին անգամ գնաց Հնդկաստան, անակնկալի եկավ՝ տեսնելով այդքան բազմազանություն, այդքան բնակչություն: Մյուս կողմից նրա համար անակնկալ էր՝ տեսնել այդքան զարգացածություն այն երկրում, որի մասին կարծում էր, թե թերզարգացած է:
Հնդկաստանն աշխարհի ամենամեծ և ամենաարագ աճող տնտեսություններից: Միևնույն ժամանակ Հնդկաստանը համագոյության և պարադոքսի երկիր է: Ռանանջայի խոսքով՝ Հնդկաստանում կան շատ ճոխ շենքեր ու 5 աստղանի հյուրանոցներ, որոնց հենց մոտակայքում ապրում է աղքատությունը: Հնդկաստանում կա շատ լավ կազմակերպված ենթակառուցվածք, որով կողք կողքի քայլում են մեծահարուստներն ու չքավորները:
«Հնդկաստանում կարող ես գտնել ամեն ինչ: Հունիսին մենք Քաշմիր գնացինք: Քաշմիրը Հիմալայան լեռներում է: Երբ ես անտառապատ լեռներում էի, ինձ թվում էր, թե Դիլիջանում կամ Իջևանում եմ: Հետո ես այցելեցի հարավ: Եվ դա բացարձակապես ուրիշ բան էր: Զարմացել էի, որ սա նույն Հնդկաստանն է»,- ասում է Ռուզաննա Աշուղյան Անանդը:
Ռանանջայը ևս չի կարող ասել, թե գիտի ողջ Հնդկաստանը: «Սա հսկայական երկիր է: Հնդկաստանն օվկիանոս է, և Հնդկաստանում ապրելը նման է օվկիանոսում ապրելուն: Ամբողջ կյանքը բավական չէ Հնդկաստանը բացահայտելու համար»,- ասում է նա: Ամեն անգամ, երբ Ռանանջայ Անանդը Հայաստանում է, փորձում է բացահայտել նաև Հայաստանը: Նա եղել է Խոր վիրապում, Գառնիում, Էջմիածնում ու Ծաղկաձորում: Հիմա նա և Ռուզաննան ծրագրում են այցելել Դիլիջան, Իջևան և Արցախ:
Ռանանջայը ծրագրում է ամբողջությամբ սովորել հայերեն, իսկ Ռուզաննան՝ հինդի
Զույգը Դելիում է ապրում արդեն 8 ամիս: Նրանք Ամանորը նշեցին Հայաստանում: Անցյալ տարի Երևանում տեղի ունեցած նրանց հարսանիքին ներկա էր Հայաստանում հնդկական ամբողջ փոքրիկ համայնքը: Աչալ Կումար Մալհոթրան՝ Հայաստանում Հնդկաստանի այն ժամանակվա դեսպանն, ու իր կինը սիրով համաձայնեցին զբաղեցնել Ռանանջայի ծնողների տեղը: Քանի որ չափազանց քիչ ժամանակ կար, Ռանանջայի ընտանիքից ոչ ոք չէր հասցրել Երևան գալ հարսանիքին մասնակցելու համար:
Հարցին, թե ինչ են անում, որ օգուտ քաղեն իրենց տարբեր ազգային ինքնություններից, մշակույթներից և կենսակերպերից, և ոչ թե թույլ տան դրանց խանգարել իրենց կյանքը, Ռանանջայը պատասխանում է, որ ամեն ինչ կախված է իրար ազատ տարածք տալուց ու հարգելուց:
«Ամուսնությունը մի բան է, որը կախված է ոչ միայն մշակույթից: Որևէ ամուսնություն կարող է հաջող կամ անհաջող լինել աշխարհի որևէ վայրում՝ անկախ նրանից հնդիկների, թե հայերի ամուսնություն է: Հենց հասկանում եք իրար, խնդիր չի լինում: Մենք միշտ միասին ենք դիմակայում դժվարություններին ու մարտահրավերներին»,- ասում է Ռանանջայը: Ռուզաննան հավելում է, որ առանց կողակցի աջակցության գրեթե անհնար կլինի գոյատևել, երբ քո հայրենիքից դուրս ես և նոր հանգամանքներում:
Ռանանջայի ծնողներն ապրում են Բիհար նահանգում՝ Դելիից բավականին հեռու: Ամեն անգամ, երբ տոնվում են «Դիվալին» ու «Չհաթհը», Ռանանջայն և Ռուզաննան այցելում են ծնողներին: «Դիվալին»՝ լույսերի փառատոնը, տոնվում է արևի պաշտամունք «Չհաթհից»՝ Բիհարում գլխավոր և ամենասրբազան փառատոնից, 6 օր առաջ: Հնդկաստանում ավանդույթ կա այս փառատոները տոնել ընտանիքով:
![]() |
![]() |
«Չհաթհ» փառատոնը | «Դիվալի» փառատոնը, լուս.՝ wikipedia.org-ից |
Ռանանջայն ու Ռուզաննան իրար հետ խոսում են հիմնականում անգլերենով և երբեմն հինդիով՝ Հնդկաստանի պաշտոնական լեզվով: Հնդկաստանում հաստատվելուց հետո Ռուզաննան սկսեց սովորել հինդի, քանի որ Ռանանջայի ընտանիքը նրան միշտ խնդրում է իրենց հետ հաղորդակցվել իրենց մայրենի լեզվով: Իր հերթին Ռանանջայը սովորում է հայերեն, քանի որ Ռուզաննայի ընտանիքն ուզում է Ռանանջայի հետ հաղորդակցվել՝ առանց թարգմանչի:
«Մեր ծրագիրն այն է, որ ես ամբողջությամբ կսովորեմ հայերեն, իսկ նա ամբողջությամբ կսովորի հինդի, քանի որ սա մեր ընտանիքների միջև հաղորդակցության հիմնական խնդիրն է»,- ասում է Ռանանջայ Անանդը:
Ռանանջայի և Ռուզաննայի հիմնադրած «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն գործում է և Հայաստանում, և Հնդկաստանում
2009-ին՝ Ռուզաննային ծանոթանալուց հետո, Ռանանջայը ֆեյսբուքում ստեղծեց «Հնդկաստան-Հայաստան բարեկամություն» խումբը, որպեսզի այդ երկրներում մեծացնի տեղեկացվածությունը միմյանց մասին: Ֆեյսբուքի խումբը հիմա ունի մոտ 2000 անդամ Հայաստանից ու Հնդկաստանից, ինչպես նաև ուրիշ երկրներից որոշ մարդիկ, ովքեր ուղղակի ուզում են ավելին իմանալ Հայաստանի ու Հնդկաստանի մասին:
2011-ին Ռանանջայը և Ռուզաննան հիմնադրեցին «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն և գրանցեցին Հայաստանում: ՀԿ-ի հիմնական թիմը մոտ 20 հոգի է, ովքեր իրականացնում են ծրագրերը: Հայաստանում Հնդկաստանի այն ժամանակվա դեսպան Աչալ Կումար Մալհոթրան հենց սկզբից օգնում էր ՀԿ-ին իր խորհուրդներով ու խրախուսանքով:
Ռուզաննա Աշուղյան Անանդն ասում է, որ Կալկաթայում դարեր առաջ եղած համայնքից այժմ մի բուռ հայեր են մնացել: Կալկաթայում հայերի կյանքն ընթանում է հայկական եկեղեցու շուրջ: Բայց Դելիում կարելի է հանդիպել Հայաստանից եկած ուսանողների ու զբոսաշրջիկների, ինչպես նաև հնդկահայ նորաստեղծ ընտանիքների, որոնցում հիմնականում կանայք հայ են: «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն փորձում է նպաստել, որ Հնդկաստանի հայերը կապվեն իրար: 2011-ին ՀԿ-ն Հնդկաստանում փոքր մասշտաբով նշեց Հայաստանի անկախության օրը:
Հայաստանում հնդկական համայնքը ևս շատ փոքր է՝ բաղկացած հիմնականում Երևանի պետական բժշկական համալսարանում սովորող ուսանողներից, Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցներից և գործարարների փոքրիկ խմբից: ՀԿ-ն սերտ կապեր ունի բժշկական համալսարանի հնդիկ ուսանողների ու Դելի վերադարձած շրջանավարտների հետ: Հայաստանի հնդիկ ուսանողներն ամեն տարի տոնում են «Դիվալին»: 2010թ. նոյեմբերին նրանք «Դիվալին» տոնեցին «Հնդկաստան-Հայաստան բարեկամություն» ֆեյսբուքի խմբի աջակցությամբ: Ռանանջայը հուսով է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա «Դիվալին» Երևանում կտոնեն ոչ միայն հիմնականում հնդիկ ուսանողները, այլև ավելի շատ հայեր կկարողանան գալ ու վայելել փառատոնը:
Հնդկաստանի գլխավոր բուհում՝ Ջավահարլալ Ներուի անվ. համալսարանում, ամեն տարի՝ Հնդկաստանի Հանրապետության օրը, կազմակերպվում է ուտեստների միջազգային փառատոն: Տվյալ երկրից եկած ուսանողների պարտականությունն է հավաքվել, պատրաստել իրենց երկիրը ներկայացնող ուտեստներ ու վաճառել իրենց սեղանիկներում: Ջավահարլալ Ներուհի անվ. համալսարանում հայաստանցի 3 ուսանող է սովորում: 2011-ին նրանք կազմակերպեցին հայկական ուտեստների համտես՝ ներկայացնելով լավաշ, տոլմա ու մածնաբրդոշ: Ռանանջայն ասում է, որ իրենք աջակցեցին, որ մարդիկ տեղեկանան, որ հայկական սեղանիկ կա: Նրա խոսքով՝ հայկական ամբողջ ուտեստը վաճառվեց:
2012թ. հունվարին Երևանում կազմակերպվեց «Հնդկաստանը հայերի աչքերով» խմբակային ֆոտո ցուցահանդեսը՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության 63-ամյակին: Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ Ռանանջայը ցուցահանդեսը կազմակերպեց Հնդկաստանից, իսկ Ռուզաննան՝ Հայաստանում: Բացման արարողությանը հնդիկ ուսանողները կատարեցին Հնդկաստանի ազգային պարը՝ «Բհարաթանաթյամը»:
Ավելի քան 50 լուսանկար էր ցուցադրված: Լուսանկարներն արել էին հայեր, ովքեր այցելել էին նոր Հնդկաստան և պարզապես չխկացրել իրենց ֆոտոխցիկները. նրանք ամենևին էլ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ չէին: Ցուցադրված էր նաև Հնդկաստանի հայերի ընտանիքների պատմության մեջ մասնագիտացած անգլիաբնակ հետազոտող և «Հնդկաստան-Հայաստան բարեկամություն» ֆեյսբուքի խմբի անդամ Լիզ Չեյթրի արած 2 լուսանկար: Նախատեսված էր, որ ցուցահանդեսը պետք է տևի 3 օր, բայց մարդիկ այնքան ջերմ արձագանքեցին, որ ՀԿ-ն այն երկարաձգեց մինչև 10 օր:
Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի, Սայդաբադ |
Էդվարդ 7-րդի կամար, Կալկաթա, «Հնդկաստանը հայերի աչքերով» ցուցահանդես, լուս.՝ Լիզ Չեյթրի |
«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի վերջին ծրագիրը Դելիում էր 2012-ի դեկտեմբերին, երբ ՀԿ-ն կազմակերպեց ինտերակտիվ հանդիպում իր անդամների և Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Թ. Սուրեշ Բաբուի միջև: Նախկին դեսպան Մալհոթրան ևս հրավիրված էր: Նորանշանակ դեսպանը դեռ չի ժամանել Հայաստան:
ՀԿ-ն ուզում է Հայաստանից մշակութային խմբեր տանել Հնդկաստան, որպեսզի հայկական մշակութային միջոցառումներ կազմակերպի այնտեղ: ՀԿ-ի համար ամենամեծ մարտահրավերը այս ծրագրերը ֆինանսավորելն է: Մինչ այժմ ՀԿ-ն ինքն է ֆինանսավորել այս ծրագրերը Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
«Մենք ուղղակի ուզում ենք, որ երկու երկրները մոտենան իրար այնքան, որքան հնարավոր է: Հենց մենք դա հաջողենք, շատ բան կփոխվի: Մենք այնքան մեծ կազմակերպություն չենք, որ կարողանանք այդ ամենն անել ինքնուրույն: Առանց ուրիշների և մեր կառավարությունների աջակցության՝ մենք չենք կարող իրականացնել մեր տեսլականը: Բայց մենք միշտ պետք է փորձենք՝ փոխանակ նստենք և ոչինչ չանենք»,- ասում են Ռանանջայն ու Ռուզաննան:
Ռանանջայի խոսքով՝ անհատների միջև կապեր հաստատելը եղել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի ամենամեծ նվաճումը հիմնադրումից ի վեր: Նա վստահ է, որ մարդկանց իրար կապելն ու դիմացինի երկրի մասին նույնիսկ ամենատարրական մակարդակում կրթելը շատ կարևոր աշխատանք է:
Մեկնաբանություններ (28)
Մեկնաբանել