
«Օրինական» թալան. ովքե՞ր են արտոնյալները
Իրավաբանական ֆակուլտետի ուսանող, 25-ամյա Սերգեյ Գրիգորյանը ՀՀ այն հազարավոր քաղաքացիներից է, ով ավտոմեքենա ներկրելիս ՀՀ մաքսատանը բախվել է «օրինական» թալանին, բայց միաժամանակ նա այն քչերից է, ով դրա դեմ պայքարում հասել է մինչեւ դատարան:
6 ամիս առաջ Սերգեյը «TRUST Company» ընկերությունից անձնական օգտագործման համար 10 հազար ԱՄՆ դոլարով գնել է 2004թ. արտադրության «Mercedes-Benz CLK 320» մակնիշի ավտոմեքենա: Ձեռքբերման վայրից՝ Ճապոնիայի Յոկոհամա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ ավտոմեքենան տեղափոխելու համար Սերգեյը վճարել է 300 դոլար, իսկ «Georgian Cargo Group» տրանսպորտային ընկերությունը 1265 դոլարի դիմաց հուլիսին մեքենան հասցրել է Վրաստանի Բաթումի նավահանգիստ, որտեղից էլ Սերգեյն անձամբ այն վարելով բերել է Երեւան:
Մինչ այդ, սակայն, նա ծախսել է նաեւ 203 վրացական լարի, որից 100-ով ավտոմեքենան բենզին է լիցքավորել, իսկ մնացած 103 լարին էլ նրանից պահանջել են նավահանգստում ավտոմեքենան ստանալու եւ դրա հետ կապված ծառայությունների դիմաց:
Բոլոր վճարումների համապատասխան փաստաթղթերը Սերգեյն ունի: Նա անգամ պահել է «TRUST Company»-ին եւ «Georgian Cargo Group»-ին ուղարկված գումարների համար բանկային միջնորդավճարների հանձնարարականները:
«Երբ գնացի մաքսատուն, միջանցքում փակցված գնացուցակներում իմ մեքենայի այսպես կոչված «հսկիչ գինը»՝ կողմնորոշիչ արժեքը, նույնիսկ չկար: Աշխատակիցներն էլ իբր համակարգչում փնտրեցին ու գտան, որ հայաստանյան շուկայում այն արժե 17 հազար 500 դոլար, եւ ես մաքսազերծման համար պետք է վճարեմ դրա 34 տոկոսը,- հիշում է Սերգեյը,- ներկայացրի բոլոր փաստաթղթերը եւ խնդրեցի, որ օրենքի համաձայն՝ այդ 34 տոկոսը գանձեն ավտոմեքենայի համար փաստացի իմ կատարած ծախսերից, այսինքն՝ կիրառեն «գործարքի գնի» մեթոդը: Ասացին՝ բացառվում է, դիմեք ՊԵԿ նախագահին, եթե թույլ կտա, կկիրառենք»:
Մի քանի տարի առաջ ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծմանը վերաբերող փոփոխություններով սահմանվեց, որ մինչեւ 5 տարեկան մեքենաների մաքսազերծման համար պետք է գանձվի մեքենայի արժեքի 32%-ը, մինչեւ 10 տարվա մեքենաների դեպքում՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներից՝ 42%-ը, իսկ 15 տարուց ավելի մեքենաներինը՝ 52%-ը։ Նման բարձր գների սահմանումը պաշտոնապես մեկնաբանվեց հետեւյալ կերպ՝ խրախուսում ենք նոր ավտոմեքենաների ներմուծումը: Սակայն իրականում հենց պաշտոնական տվյալներով տեղի է ունեցել հակառակը: Սա առանձին թեմա է, եւ հայկական ԶԼՄ-ները դրան բազմիցս անդրադարձել են՝ նշելով, որ մաքսազերծման նման բարձր գների պատճառով Հայաստանը վերածվում է հին ավտոմեքենաների գերեզմանոցի:
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի (ՄՕ) 87-րդ հոդվածի՝ եթե ներմուծողը ներկայացնում է ապրանքի գնման եւ այն Հայաստան հասցնելու համար կատարած բոլոր ծախսերի համապատասխան փաստաթղթերը, ապա կիրառվում է մաքսային արժեքի որոշման «գործարքի գնի» մեթոդը: Այսինքն՝ կոնկրետ ավտոմեքենայի դեպքում կախված նրա տարիքից 32, 34, 42 կամ 52 տոկոս գանձվում է դրա վրա փաստացի ծախսված գումարից: Իսկ այն դեպքերում, երբ ապրանքի գնման եւ մաքսատուն հասցնելու փաստաթղթերն ամբողջական չեն, մաքսազերծումն իրականացվում է կողմնորոշիչ՝ «հսկիչ գների» մեթոդով, երբ ներկրողից համապատասխան տոկոսները գանձվում են` ելնելով նրանից, թե տվյալ ավտոմեքենան, ըստ մաքսայինի, Հայաստանում ինչ արժե:
Ըստ երեւույթին, ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը «թույլ չի տվել» Սերգեյի ներկրած «Mercedes-Benz CLK 320»-ի նկատմամբ կիրառել «գործարքի գնի» մեթոդը: Գագիկ Խաչատրային ուղղված դիմումին պատասխանել է վերջինիս առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աֆրիկյանը՝ մերժումը հիմնավորելով նրանով, որ « …ներկայացված փաստաթղթերում բացակայում են Վրաստանի Փոթի նավահանգստում ավտոմեքենայի բեռնաթափման եւ մինչեւ ՀՀ մաքսային սահման տեղափոխման համար կատարված հիմնավոր ծախսերը»:
«Նրանք այնքան են տարված մերժումով, իրենց համար ամեն ինչ այնքան ձեւական բնույթ է կրում, որ անգամ չեն էլ ուսումնասիրել դիմումին կից ուղարկածս փաստաթղթերը,- ասում է Սերգեյ Գրիգորյանը,- այլապես այդ փաստաթղթերը նույնիսկ հպանցիկ թերթելիս կտեսնեին, որ մեքենան ներկրվել է ոչ թե վրացական Փոթի, այլ Բաթումի նավահանգիստ»:
Եթե ավտոմեքենան Հայաստան ներկրելուց հետո 10-օրյա ժամկետում չես մաքսազերծում, գործի է դրվում տույժ-տուգանքների մեխանիզմը: Դրանից խուսափելու համար Սերգեյը «Mercedes-Benz CLK 320»-ը հանձնել է ՊԵԿ-ի պատասխանատու հսկողությանը եւ հուլիսից մինչ օրս մաքսատան ավտոկայանատեղիում դրա կանգառի յուրաքանչյուր օրվա համար վճարում է 1300 դրամ:
Նա Գագիկ Խաչատրյանին երկրորդ դիմումն է գրել՝ դրան դարձյալ կցելով «բացակայող» հիմնավոր փաստաթղթերը: Սակայն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Աֆրիկյանը, մոռանալով մերժման համար բերած իր նախորդ հիմնավորումները, այս անգամ էլ նշել է, թե «ներկայացված փաստաթղթերում բացակայում է ճապոնական Յոկոհամա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ եւ նավահանգստում նավի տախտակամածի վրա տեղադրելու համար կատարված վճարները»:
«Ներկայացված թիվ 133342 հաշիվ-ապրանքագրում բացակայում են նաեւ փաստաթուղթը տրամադրող պաշտոնատար անձի տվյալները (անուն-ազգանուն, պաշտոն): Թիվ 11135 հաշիվ-ապրանքագրում «Georgian Cargo Group» կազմակերպության հասցեն է Թբիլիսի, Ճավճավաձե 80, սակայն թիվ MSCUJ0859399 Bill of Landding (հասցեն նշված է) Կոստավա 67, որը հակասություն է առաջացնում ներկայացված փաստաթղթերում»,- գրել է գեներալ-մայոր Աֆրիկյանը՝ միաժամանակ նշելով, որ թիվ MSCUJ0859399 Bill of Landding փաստաթուղթը «ստորագրված չէ, բացակայում է ստացողի բնակության հասցեն եւ ստորագրված է ոչ այն սուբյեկտի կողմից, որը փաստացի իրականացրել է ավտոմեքենայի տեղափոխումը»:
![]() |
![]() |
«Ես Գագիկ Խաչատրյանին երրորդ դիմումը գրեցի՝ մանրամասն հիմնավորելով, որ արդեն իսկ իրենց տրամադրած հաշիվ-ապրանքագրում հատուկ տողով ընդգծված է Յոկոհամայից Նագոյա ավտոմեքենայի տեղափոխման ծախսը (300 դոլար), որ ավտոմեքենայի տեղափոխումը Վրաստան փաստացի իրականացրել է հենց «Georgian Cargo Group» ընկերությունը, կրկին ներկայացրի 133342 հաշիվ-ապրանքագիրը՝ փաստաթուղթը տրամադրող պաշտոնյայի տվյալներով հանդերձ... Ուղարկեցի նաեւ այս ընկերությունից ստացված մեր հարցման պաշտոնական պատասխանը, որ հասցեների հակասության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ընկերությունը գրասենյակ ունի եւ Ճավճավաձե 80, եւ Կոստավա 67 հասցեում»,- պարզաբանում է Սերգեյը:
Այս երրորդ դիմումին ի պատասխան՝ ՊԵԿ առաջին տեղակալը նշել է, որ մերժման հիմնավորումները ներկայացվել են նախորդ 2 գրություններում: Վերջ, ՊԵԿ-ը հարցը փակված է համարում եւ Սերգեյից պահանջում է մաքսազերծման համար, ի հեճուկս ՄՕ 87-րդ հոդվածի, վճարել մոտ 1/3-ով ավելի գումար:
Առհասարակ, ՄՕ 87-րդ հոդվածը, կարելի է ասել, որ արտոնյալների համար է: 2010թ. հունվարից մինչեւ 2012թ. օգոստոս ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների միայն կես տոկոսն է մաքսազերծվել այս հոդվածի կիրառությամբ՝ «գործարքի գնի» մեթոդով: Ըստ երեւույթին, այս կես տոկոսի մեջ են մտնում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, մեր երկրի օլիգարխ-չինովնիկներն ու նրանց մերձավոր շրջապատը:
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանի հարցման առնչությամբ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալը հայտնել է, որ նշյալ ժամանակահատվածում ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրված 55 հազար 747 մարդատար ավտոմեքենայից ընդամենը 314-ն է մաքսազերծվել ՀՕ 87-րդ հոդվածի կիրառությամբ: Զավեշտն այն է, որ այսքանով հանդերձ՝ գեներալ-մայոր Աֆրիկյանը նշել է, թե «գործարքի գնի» մեթոդով դիմումների համատարած մերժման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Իսկ ովքե՞ր են այդ 314 ավտոմեքենաները ներկրել, եւ ի՞նչ մակնիշի ու գնի ավտոմեքենաներ են դրանք: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը հրաժարվել է հարցին պատասխանել՝ դրանք համարելով գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Սերգեյ Գրիգորյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՊԵԿ-ին իր ներկրած «Mercedes-Benz CLK 320»-ի մաքսային արժեքը որոշել «գործարքի գնի» մեթոդով եւ փոխհատուցել ՊԵԿ-ի կամայականության արդյունքում իր կրած վնասները: Դատավարությունը դեռ չի սկսվել: Սերգեյն ասում է, որ դատարանի միջոցով պահանջելու է նաեւ գաղտնազերծել արտոնյալների ցուցակը:
Մեկնաբանություններ (34)
Մեկնաբանել