
Ես՝ մահէս ետքը պիտի տեւեմ երկար ատեն...եւ մանաւանդ մահէս ետքը պիտի ապրիմ... Ինտրա (մաս 3)
Դամբանակա՛նը նախկին խօլ տարփանքին...
Ամուսնությունից կարճ ժամանակ անց Ինտրան իր Վերժին-Իռենայի հետ տեղափոխվեց Գելիպոլու, քանի որ պաշտոն էր ստացել տեղի վարժարանում: «Խեղճ քաղաք մըն է աս, բարքերը ողորմելի, մարդոց մեծամասնութիւնը տգետ»,- գրում է Միքայել Կյուրճյանին և հայտնում հետադարձ հասցեն՝ Օհաննես Հանըմեանի տուն՝ փուր Չրաքեան (Չրաքեանի համար)՝ ընկերոջից օդուջրի պես անհրաժեշտ նամակներ ստանալու ակնկալությամբ:
«Աշակերտներէս սիրուծ եմ, մէկ քանիսներէն պաշտուած, եւ ատենապէտ աղայէն ատուած»: Աշակերտները նրան սիրել են ամենուրեք, որտեղ դասավանդել է՝ Պոլսի Պերպերյան և ուրիշ վարժարաններից մինչև Գելիպոլուի, հետո՝ Մալակայի, Ադանայի հայոց դպրոցներ... «Իրեն յատուկ ճառագայթող զորութեամբ, երկար ատեն անտեսելով դասը, կխօսէր Հոմէրի, Արիստոտելի ու Դարվինի վարդապետութիւններու մասին.. ապա Արիստոտելի փիլիսոփայութիւնը կվերապրէր մեծ ոգեւորութեամբ...», պատմում էր Ռեմբրանդի և Վան Գոգի մասին... Իսկ առարկաների ցանկը ահռելի էր. Քաղաքակրթության պատմություն, գրաբար, ֆրանսերեն, մարդակազմություն, նկարչություն, կենդանաբանություն հոգեբանություն, գեղագիտություն...
Կրոնական համայնքի կողմից տեղադրված վրանի մոտ, ձախից 2-րդը՝ Տ. Չրաքյան, 1914
Մի խոսքով, այս տխուր քաղաքում մնում են մինչև ուսումնական տարվա ավարտ: Հասցնում են մեկ-երկու հաճելի ճամփորդություն կատարել Էգեյանով: Բայց, ընդամենը մի քանի ամսվա ամուսիններ էին, երբ Վերժինը՝ նեղված , վերադառնում է Պոլիս: Խնդիրը Ինտրայի նվազող կիրքն էր կնոջ նկատմամբ: Ինտրան բացատրում էր Վերժինին, որ դա սպասելի էր, որ ժամանակի մեջ կիրքը վերափոխվում է և, «Սէրը մեծ, խորին բարեկամութիւն կը դառնայ»: Իսկ, որպեսզի նախկինի պես լիներ ամեն բան՝ «ո՛չ նշանվելու էինք, ո՛չ ալ ամուսնանալու»: Եվ, եթե «քեզի համար կիրքը խիստ բնական է, խիստ բնական է ինծի համար ալ հանդարտութիւնը : «...այլևս ընկերուհի ես ինծի, ո՛չ սիրուհի»,- բացատրում էր կնոջը, թեպետ ենթադրում էր, որ կանայք, հատկապես Վերժինի պես կրակոտները, կնախընտրեն սիրուհի մնալ: Ինտրայի մտածումն էր, կամ գիտեր, որ, ի վերջո, մարդը կարող է սիրուհուց ձանձրանալ, բայց ընկերուհուց՝ ոչ: Այնպես որ իրենց պարագային տեղի է ունեցել մտերմության ամրապնդում, իրենց հարաբերություններում մի նոր որակի արձանագրում: Բարեբախտաբար, հեռակա նամակագրությամբ կին-տղամարդ հարաբերութունների մասին դատողությունները երկուստեք օգնեցին իրար հասկանալու և վերամիավորվելու: Բայց, ինչ-որ բան այդուհանդերձ խաթարվել էր:
Օլիմպոսը
Հաղթահարելով միջանձնային, ընտանեկան որոշ անհասկացողություններ, 1904-ին միասին հաղթահարեցին նաև Բուրսայից 35 կմ հարավ վեր խոյացող 2500 մ բարձրությամբ Ողիմպոսի գագաթը՝ որ շատերին «ապշեցուցիչ յանդգնութիւն» թվաց: Իսկ իրենց համար դա մեծագույն բերկրանք էր: Տօրոսը՝ Տավրոսը, մոտիկից տեսնելու, զգալու երանելի սպասումի մեջ էին դեռ. սպասում, որ կիրականանար 2 տարի անց:
Ուրիշ սպասում-երազանք էլ ունեին. զավակ ունենալ: «Կ’երեւի թէ Վերժինին ներքին միջավայրն ալ, եթէ ոչ իմս՝ յարմար չէ առ այժմ ծնողութեան»: Այս՝ «առ այժմ»-ը, հույս էր ներշնչում:
Մյուս սպասումը գրականության Օլիմպոսը գրավելն էր: Բայց «Ներաշխարհ»-ի անտիպ ինքնագիրը դեռ սեղանին էր: Այս մտահոգիչ սպասումներն էին հավանաբար նաև պատճառը, որ մարմնական որոշ անհարմարություններ ունեցավ. «Քիչ մը աւելի գէր եմ կարծեմ...եւ յոգնելու քիչ մը աւելի կարող: Միշտ կը հաւատամ որ պիտի կրնամ թողուլ ծխախոտը, մանաւանդ օղին... Վերջապէս աւելի լաւ առողջութեան եւ աւելի հանգիստ կեանքի մը պէտք ունիմ, թեեւ նաեւ դրամի: Այս վերջին պէտքը հետզհետէ սաստիկ կը դառնայ կոր... : Երբ հոգին չի գոհանար՝մարդ մարմինը գոհացնելու պէտքը կ’զգայ գոնէ...»: Ինտրան երբեմն ուտելիքի և գինովության շոշափելի վայելքի էր տրվում՝ «հոգ չէ թէ անոնք բորբոսի, տիղմի, ճարպի, գինիի, մեզի խոնաւութիւն մը ունին»: Դժգոհ էր, որ առողջության կարևոր 1-ին պայմանը ոչ թե ''hygiène''- ն է,այլ՝ մտքի հանդարտությունը: Եթէ այդպէս է, ապա «առդիստները առողջ կրնա՞ն ըլլալ: Կը զարմանամ, եթէ ըլլան, եւ ես մէրթ անոնց ողջ ըլլալուն ալ կը զարմանամ»:
«Ներաշխարհ»ի փոթորիկը
1906-ին լույս տեսած «ներաշխարհ»-ը ահռելի կրքեր բորբոքեց Պոլսում և այլուր: Ինտրային կոչեցին «տարականոն» տաղանդ, որ վեր է «հասարակ մտքերու ռամիկ սովորականութենէն: Նրա «Ներաշխարհ»-ի էջերին որսացին քնարերգության թռթիռը և «վէտական ու աստուածաշնչական մեծավայելութեան մէջ» զգացին իր արտառոցություններն ու նաև անհեթեթությունները:
Ռեթէոս Պերպերյանը, գովեստի խոսքերի մեջ հիշեց նաև Ինտրայի ողորմած հոգի հորը, որը պիտի հպարտանար իր զավակով և ասաց՝ «Գրքոյկդ շքեղագոյն շիրիմը կ’ըլլայ հէք Գասպար Չրաքեանի»:
Մտերիմ ընկերը՝ Միքայելը, Եգիպտոսից «Ներաշխարհ»-ի մասին գրեց. «Տեսնենք մէյ մը աս նոր աշխարհը , եւ փառաւորենք իր Գոլոմբոսը»: Ինտրան վիրավորվեց՝ հեգնանք համարելով ընկերոջ ակնարկը: Մինչդեռ՝ Միքայելը նկատի ուներ ներաշխարհը բացահայտելու Ինտրայի սխրանքը: Եղան նաև խիստ քննադատություններ, բայց ամենից շատ, կարծես թե նեղված էր Զապել Եսայանից:
Ես կեղծ հանճար մըն եմ եղէր
«Արեւելեան մամուլ»-ում, ապա առանձին գրքով տպագրվում է Զապել Եսայանի «Կեղծ հանճարներ» վիպակը՝ Տաճատ Չարըքեան հերոսով: Դա «իմ խեղաթիւրումս, իմ այլանդակումս է»: Ինտրան ահավոր բարկացած էր: Նամակ գրեց Կյուրճյանին ՝ սիրտը բացելով և լուտանքներ թափելով «հաւի խելքով» վիպակի հեղինակի գլխին: Նույնիսկ անցավ սեռական սանձարձակ վիրավորանքների, անզուսպ, գնահատականներ տալով՝ իր հանճարին կասկածել հանդգնած «կնկան», դիպչելով նրա արժանապատվությանը՝ sexism-ի ակնհայտ դրսևորմամբ. «...որուն բոլոր տաղանդը, բոլոր կարողութիւնը, հրապոյրը, բոլոր մարդկային արժէքը իր կնկնա յետոյքն է միայն...»: Դժվարությամբ պիտի մեջբերեմ որոշ տողեր նամակից՝ խնդրելով կարդալիս վերանալ հրաշալի գրող , բոլշևիզմի նահատակ Զ.Եսայանի անձից և ուշադրություն դարձնել միայն Ինտրայի ցասումի, կատաղության ուժգնությանը և չմոռանալ, որ այս վիճակում արդարի և անարդարի սահմանները հաճախ սրբվում են: «...աւելի լաւ կ’ըլլար եթէ էրիկ մարդոց արնանդամովը զբաղուէր՝ անոր խոշորութեամբ, անոր կարճութեամբն ու երկարութեամբը... , քան թէ անոնց մտաւոր կարողութեան որակովն ու քանակովը:...երէկուան կնիկը կը կարծէ կոր այնքան քոմփէթանս ունենալ տաղանդները, հոգիները դատելու մէջ որքան երկար փորձառութիւն ունի ֆալլօսները դատելու մէջ...»:
Ինչևէ, Զապելը նետել էր ձեռնոցը հրապարակավ, բարեբախտաբար Ինտրան զայրույթը պարպել էր միայն ընկերոջը գրած անձնական նամակով: Բայց մամուլում հրապարակեց «Կարծիքներ և կարծողներ» հոդվածը՝ ի պատասխան մեկ այլ քննադատի: ««Արեւ. Մամուլ»ին մէջ Վէնիւս ստորագրուած գրութիւն մը Ինտրան կը դատէր»,-գրում է Ինտրան: Իրեն պարսավող հոդվածագիրը, որ տղամարդ է սեռով, «ինքզինքը Վէնիւս» է կոչում, այլ կերպ ասած՝ Վեներա: Այս հանգամանքը տարօրինակ է թվում Ինտրային և սարկազմով ասում է, որ հավանաբար այս մարդը իր ընտրած կեղծանվան և իր միջև «առնչութիւն մը գտնուելու է անշուշտ»:
Այս «միրմիդոնը»՝ վարձկանը, ի թիվս այլ «մեղքերի» Ինտրային մեղադրում է հպարտ լինելու համար, նաև ենթադրում, թե նա գուցե «շատ կարդացած է, բայց առանց ընտրութեան»: Ի պատասխան առաջին ամբաստանության, Ինտրան գրում է՝ «Արդ Ինտրա ո՛չ հպարտ է ո՛չ համեստ. ինքզինքին գիտակից է միայն. այսինքն իր կարողութեան սահմաններն ու տեսակը լաւ կը ճանչնայ. ինքզինքը կը տեսնէ այնպէս ինչպէս է իրօք...»: 2-րդ մեղադրանքին հակադարձում է՝ «Իրողութիւնը ճիշդ հակառակն է ասոր, վասն զի Ինտրա քիչ կարդացած է, բայց ընտրանօք» : Ինչևէ՝ Ինտրան՝ կսմթելով, մի լավ «ջարդ» տվեց Վենիւսին:
...Աստուած որ զիս ապականութենէն սրբութեան եւ մահէն կեանքի կոչեց...
1913-ին թողեց կնոջը, արդեն 5 տարեկան որդուն՝ Վրենին, ում այդքան սպասել էր, ատեց իր անցյալը, ուրացավ իր անձը, մերժեց Ինտրա անունը՝ միանալու շաբաթապահ հավատակից իր քույրերին և եղբայրներին: Դարձավ քարոզիչ: Պատերազմի առաջին իսկ տարում զորակոչվեց օսմանյան բանակ: Հրաժարվեց զենք վերցնել: Զինվորական համազգեստի մեջ թարգմանի պաշտոն ստանձնեց միջազգային բարեգործական մի գրասենյակում: Բանակում քարոզչության համար անգամներ բանտարկվեց: Հավատակից քույր Տիամանտոլային նամակով խնդրեց աղոթել իր և կնոջ համար: «Կինս հաշտուած կ’երեւայ ինծի հետ իր նամակին մէջ, վասնզի այլեւս դժուար է իրեն զիս չմեղքնալ եւ չյարգել: Օրհնեա՛լ է Աստուած որ զիս աքսոր ղրկելով կինս ինծի կը դարձնէ: Բաժանումը միջոց կ’ ընէ միացումի: Օրհնեալ աքսոր, որ պիտի ծառայէ մեր այր ու կնոջ սէրը զօրացնելու»: Ինտրան վերստին դարձավ Տիրան Չրաքյան: Շնորհակալ էր Վերժինին իր մասին հոգ տանելու, ճերմակեղեն եւ դրամ ուղարկելու եւ Վրենին՝ «պէպէքին», իր մասին լավ արտահայտվելու համար: «Տէրը զիս կը փորձէ կոր...ինք ինչպէս որ անսահման համբերութեամբ կը հանդուրժէ մարդկային տխմարութիւնները եւ անօրէնութիւնները, կուզէ որ մենք ալ այդպէս հանդուրժենք»:
Հավատակիցների հետ. կանգնած՝ Թեֆրոնիտիս և քույր Տիամանտոլա, նստած՝ ձախից 1-ինը Տ. Չրաքյան
Թվերի գաղտնիքներին խորամուխ
Տիրան Չրաքյանը կանխատեսել էր պատերազմը: Գիտեր, թե ինչպես են ազգերը բարկանալու և թե ինչպես դրան պետք է հաջորդի Աստծո բարկությունը, որ պիտի թափվի մարդկության գլխին և «որմէ պիտի ազատէին անոնք միայն որ ճշմարիտ հաւատացեալներ էին...»: Ժամանակին շատ հետաքրքրված էր և ուսումնասիրել էր տիեզերքը՝ լուսատուները և համաստեղությունները, երկնքի քարտեզն էր գծել: Գրականության և արվեստի թանգարանի իր թղթածրարի մեջ որոշ բաներ կան: Այս կանխատեսումը հիմնված էր տիեզերքում մոլորակների հարաբերությունների՞, թաքնագիտական այլ գիտելիքների, թե՞ Հովհաննու Ավետարանի մեկնության վրա: Գրող, հասարակական-մշակութային գործիչ Գ. Գավաֆյանը հիշում է Ինտրայի հետ հանդիպումը խճողված շոգենավի վրա. «համակ ոսկոր և ջիղ, զինվոր մը եկաւ քովս, անխնամ մօրուքով եւ մազերով... Մաղախի մէջէն խոշոր Աստուածաշունչ մը հանեց և ուրիշ մը ուր գուշակութիւններ կային:
-1928-ին,- ըսաւ,- աշխարհը պիտի կործանուի: Միակ փրկութիւնը ասոր մէջ է:
-Ավարտեցի՞ր , -հարցուցի,- բանաստեղծութիւններու նոր հատորը... «Թզենին»:
-Վառեցի,- ըսաւ,-ամէնքը մէկ կրակը նետեցի:
Հետո Տիրանը ցանկություն հայտնեց հաշվարկել Գավաֆյանի ճակատագիրը՝ հարցնելով ծնած տարին, ամիսը, օրը: Վերապահություն զգալով՝ հարցրեց՝«...կը տարակուսի՞ս տակաւին»:
Օծելով ճամփան իր արյունով
Աքսորական մեկը՝ Օհան Պետիկյան անուն, որ կարողացել էր փախչել ժանդարմներից, պատմել է, թե ինչպես երեք շաբաթապահ, որոնցից մեկը Տիրանը, 1921թ., Կիլիկիայում հակաթուրք ամբաստանությամբ ձերբակալվում են: 2-ին սպանում են, Տիրանին, շատ ուրիշներ հետ, շղթայակապ աքսորում: 53 օր նա անտրտունջ քայլեց ահռելի տարածություններ՝ քարերի և տատասկների միջով ՝ բոկոտն՝ ոտքերն արյուլվա, կոշիկները կրծքին սեղմած՝ խարազանվելով և հրացանի կոթով հարվածներ ստանալով, «հեղեղներու ու տոչորուն արեւներուն տակ, նոր աւերակներու ու նոր ոսկորներու վրայէն դէպի Նիյտէ, Կեսարիա, Բարսամա, Կէմէրէկ...Մալաթիա, ...Խարբերդ, Շավճար, Պաքըր Մատէն: Հուսկ ուրե՛մն Տիգրանակերտ: Ինչ գոռ ահաւոր անուններ, ինչ ճամբայ,- սեւ աշխարհագրութիւն դարերու անբարոյութեանց մրուրով գծուած,անծանօթ նահատակներու ոսկորներով սալարկուած..., արեւուն բոց փոխ տուող անծանօթներու խարույկներ...»:
Շաբաթապահ քույրերի և եղբայրների հետ. նստած՝ ձախից 2-րդը՝ Տ. Չրաքյան, Պոլիս, 1915
Այն վայրերով որտեղով անցնում էին թշվառ աքսորական մեր հայրենակիցները, քրդացած,կամ թրքացած հայերը, հատկապես կանայք, գաղտնի հաց էին բերում նրանց: Տիգրանակերտում ,ուժասպառ, ջերմության մեջ այրվող Տիրանին, որ գրեթե հոգեվարքի մեջ էր, ոստիկանները հրամայում են շարժվել տեղից, առաջ գնալ, իր մահով այդ տարածքը չապականելու համար: Մյուս աքսորականները, շալակած, նրան հասցնում են Տիգրիսի ափ: Քայլել այլևս իսպառ չէր կարողանում: Տիրանի տաբատի և վերարկուի դիմաց ոստիկանը թույլ է տալիս նրան ձի նստեցնել: Բայց ի վիճակի չէր հեծնել, ուրեմն՝ բերանքսիվայր դնում են նրան ձիու թամբին, կապկպում, որ չընկնի: «Մարդիկ, Եղբայրնե՛ր, սաստիկ սիրեցէք զիրար ու Քրիստոսի խօսքերը ձեր սրտի մէջ պահեցէք միշտ: Ահա՛, ես կը բաժնուիմ այս աշխարհէն՝ Քրիստոսով զօրացած.... »,- ցեղասպանված Տիրան Չրաքյանի վերջին խոսքերն էին:
«Առաքեալի մը վախճանը» Սիլվանի կամրջի մոտ. 1921, Հունիս 6
Սիլվանի Տասնաչք կամրջի աջ կողմում, ուր ցորենի արտեր էին (գուցե հիմա էլ կան), ոստիկանը հրամայում է 30-40 սմ փոս փորել: Տիրանին դնում են մեջը: Հաջորդ օրը ցերեկը աքսորականները, որոնց կանգառը մոտակայքում էր, տեսնում են, թե ինչպես մի կին և տղամարդ բացում են հողը, դիակի վրայից հանում ճերմակեղենը և ուրախ-ուրախ հեռանում՝ արևի ու քամու տակ կիսաթաղ թողնելով Տիրանին: Օրեր անց, մի քանի աքսորական, երկար պաղատանքներից հետո, իրավունք են ստանում մոտենալու նրա մերկ ու քարկոծված մարմնին՝ հողով ծածկելու համար...
«...Ոսկի ցորենները կը հասուննան, ընդարձակ յորդ արեւուն տակ, ի՛ր սովամահ աքսորականի հողակոյտի շուրջ: Ի՜նչ հեգնութիւն: Սովի գալարումներ ու հասկերու ծփանքներ քով քովի՜: Թող ցորենները հասուննան այսուհետեւ մեծ Հաղորդութեան համար ու մարդիկ որ կ’անցնին հոնկէ՛ հաղորդուին այն աստուածային սիրոյ հետ որուն անհուն շնորհքովը ու տեսիլքովը անմահացաւ Ինտրա»,- պատանության ընկերոջ՝ Վ. Մելքոնյանի պատգամն է Տիգրանակերտ, Սիլվանի կամուրջ այցելողներին: «Ես՝ մահէս ետքը պիտի տեւեմ երկար ատեն...եւ մանաւանդ մահէս ետքը պիտի ապրիմ...»:
Ոսկե ցորյաններ, նոճիների փոխարեն` իր նահատակված վայրում: Երբ դեռ ողջ էր և չէր թողել աշխարհը, չէր ուրացել Աստծո կողմից իրեն տրված երկրային գանձերը՝ իր տաղանդը, ընկերներին, սիրած կնոջը, զավակին, կարծես իր համար տոտեմ էր ընտրել՝ երկինք սլացող մշտադալար Նոճին՝ շիրմատների տրտմության այս առասպելական ծառը: Նոճին ամենուր էր՝ իր պատուհանից այն կողմ, հեռացած մորն ընծայված «Նոճաստան»-ում, «նոճեդալար եւ նոճեսոսափ» սիրո մեջ, նոճին իր ներաշխարհում էր,իր սիրուն բանաստեղծության տողերում, անգամ իր իղձն էլ՝ «նոճի՜ղձ» էր. անմահությունը գտնելու իղձը՝ հանդերձյալ «մեռելազե՛րծ» աշխարհում :
Եւ մեղաւոր տըղու խռովքով կ’սպասեմ
Որ մեռնելով՝ ես ալ դառնա՜մ նոճ մ’ուրիշ,
Ապաշաւի Եղբայրութեան մէջ նոճեաց:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից և encyclopedia.adventist.org-ից
Մեկնաբանել