HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է

2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև Ազգային ժողովի պատգամավորից ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՆԳՆ Ոստիկանության բաժին։ 

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մ. Սահակյանի հետ։ 

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։ 

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է Ազգային ժողովի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter