
«Քննարկվել է ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությունը, այս պահին նման որոշման չպետք է գնանք»․ Փաշինյան
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին մնում է լարված։
Անվտանգության խորհրդում քննարկվել է Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմությունն ու անհրաժեշտությունը։ Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս կողմից բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաև կան քաղաքացիներ, որոնք ասում էին, որ ռազմական դրությանն էին սպասում, որպեսզի մասնակցեն մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։
ԱԽ նիստում դա էլ ենք քննարկել, և եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով՝ կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի, առավել ևս, որ հիմա նախկինում կայացված որոշումների շրջանակում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է»,- նշեց վարչապետը։
Մեկնաբանել