
Ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով
Ազգային ժողովի դիմաց շարունակվում է ինքնաբուխ բողոքի ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները մուտք են գործել ԱԺ շենք՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով։ Ցուցարարները ՔՊ-ական պատգամավորներին տվել են 1 ժամ ժամանակ, որ իրենք էլ գան և անվստահություն հայտնեն։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր խոսքում ասաց․ «Հենց հիմա «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները պատգամավորական մուտքով մտնում են ԱԺ ու սպասում են ՔՊ-ի պատգամավորներին»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտնեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ստորագրությունները կան։ Չկա ՔՊ-ական 18 պատգամավորի ստորագրություն։
«ՔՊ պատգամավորները պետք է իմանան, որ այս ժողովուրդը չի գնալու, եթե այդ ստորագրությունները չլինեն»,- նշեց Վարդևանյանը։
Ավելի վաղ ակցիայի ընթացքում ելույթով հանդես էր եկել «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նա դիմել էր ԱԺ պատգամավորներին՝ ասելով․
«Ես հիմա դիմում եմ բոլոր պատգամավորներին և ասում՝ դուք ասում էիք՝ երբ որ կլցնեք հրապարակները, մենք անվստահություն կհայտնենք։ Այսօր, այս պահին այստեղ 40 հազար մարդ կա, հենց հիմա գալիս եք այստեղ և հայտնում եք անվստահություն։ Հարգելի պատգամավորներ, ձեզ ընտրել է ժողովուրդը, դուք շատ լավ գիտեք, որ ժողովրդի մեծ մասը ձեզ ընտրել է միայն նրա համար, որ Նիկոլը չընտրվի։ Հիմա դուք այդ ժողովրդի կամքը պիտի կատարեք։ Պիտի այս պահին այստեղ գաք, մտեք ձեր աշխատասենյակները, բացեք այս դռները, ստորագրեք վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը և մեզ ցույց տվեք»։
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը տևական խաղաղություն և անվտանգություն կապահովի Հայաստանի համար 29,800 կմ քառակուսի տարածքում։
«Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի․ չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քառ․ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- ասել էր Փաշինյանը։
Վերջինիս այս հայտարարությունն էլ առիթ հանդիսացավ Կառավարության և Ազգային Ժողովի շենքերի դիմաց քաղաքական ուժերի և քաղաքացիների կողմից իրականացվող ակցիաների։
Մեկնաբանել