
Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ազգային անվտանգության ծառայության քննիչ Սուրեն Նավոյանը ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Միջնորդության հիմքում այն հանգամանքն է, որ Վարդանյանը չի վճարել իր նկատմամբ սահմանված գրավի 60 մլն դրամ գումարը:
«Չենք վճարել պարզ պատճառով՝ չենք կարողացել»,- ասում է Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը: Սա 2020 թվականի նոյեմբերի 10-ի գործի շրջանակներում Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ 4-րդ միջնորդությունն է: Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին, միջնորդության քննությունը նշանակվել է այսօր` ժամը 20:00-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Նավոյանի միջնորդությունը, որից հետո քննիչը Վարդանյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց է ընտրել գրավ՝ 60 մլն դրամի չափով: Այս չափի գումար, փաստորեն, Վարդանյանը հնարավորություն չի ունեցել վճարելու: Գրավի գումարը չվճարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց ընտրելու անձի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդման մարմինները կարող են դիմել դատարան` անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ, ինչը, փաստորեն, արվել է, հաշվի առնելով, որ Վարդանյանը չի վճարել գրավի գումարը:
Բենիկ Գալստյանը կասկածի տակ է դնում գործով քննիչ Նավոյանի անաչառությունը, հիշեցնում է, որ Նավոյանը այն քննիչն է, որը 2018 թվականին միացել է հեղափոխությանը, ինչից հետո պաշտոնի բարձրացում է ունեցել:
Նշենք, որ որպես խափանման միջոց ընտրված գրավը չմուծելու հետևանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացվելու դեպքում դատարանն իրավասու է նաև նվազեցնելու գրավի չափը:
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով:
Պաշտպանի խոսքով՝ նախկինում նույն գործով Վարդանյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնք մերժվել են, այժմ վարույթն իրականացնող ԱԱԾ-ն կոսմետիկ փոփոխություններ է կատարել մեղադրանքում ու կրկին կալանքի միջնորդություն ներկայացրել:
Մեկնաբանել