
Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու աճյուն
Հայկական կողմը վերջին մեկ տարում Ադրբեջանին է վերադարձրել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի աճյուն, առաջիկա օրերին կփոխանցվի ևս երկու մարմին: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին:
Նրա խոսքով` Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորածներ:
«Ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորածներ ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների:
«Մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` Հայաստանն այդ աշխատանքը սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են հարցը, և ինքը հանձնարարականներ է տվել, որ այդ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն:
«Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն Ղարաբաղյան առաջին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,- ասաց Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց, որ օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռավար հանդիպումը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք այդ հանդիպման ընթացքում ձե՞ռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կործաների խնդրի լուծման ուղղությամբ: Փաշինյանն արձագանքեց` քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը, ապա հիշեցրեց, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան:
Փաշինյանն իր գնահատանքի խոսքը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել