
Բուսաբանական այգում կբացվի Վարդերի վերականգնված կոլեկցիոն հողամասը
Վաղը ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգում հանդիսավոր կբացվի Վարդերի վերականգնված կոլեկցիոն հողամասը, որի վերականգնումը հնարավոր է դարձել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կ. Օբոլենսկու անմիջական մասնակցության և դեսպանատան 6000 եվրո (3 մլն դրամ) չափի դրամական աջակցության շնորհիվ:
5000 քառ. մ տարածքի վրա, որն ընդգրկում է նաև վարդանոցի հարակից տարածքները, կատարվել են կոճղերից և մացառներից մաքրման աշխատանքներ, բարելավման նպատակով անցկացվել է հողի երեքանգամյա փորում, և ստեղծվել է ոռոգման ցանց:
Տնկվել է վարդի 20 սորտի 1100 տնկի, իսկ շրջապատող լանդշաֆտը ձևավորվել է բարձր գեղազարդ և գեղեցիկ ծաղկող բույսերով:
Այցելուների համար տեղադրվել են մագլցող բույսերով ձևավորված տաղավարներ, նստարաններ և ցայտաղբյուր:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ' 1990-ական թթ. տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով Բուսաբանական այգու տարբեր դենդրոհավաքածուներն այլ կանաչ տնկարկների հետ ունեցան լուրջ կորուստներ, իսկ վարդերի հավաքածուն գրեթե ամբողջովին ոչնչացվել էր:
Մեկնաբանել