
Տարոն Մարգարյանը մի անգամ գոնե պետք է գնա հոսանքին հակառակ
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խոսելով Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակատերերին փոխհատուցում տալու տարբերակի մասին, նշել է, որ փոխհատուցումն այնքան մեծ գումար է կազմում, որ չի քննարկվել:
Նշենք, որ առայսօր հնարավոր չի եղել ձեռք բերել Աբովյան փողոցի կրպակների համար Երևանի նախկին քաղաքապետներից որևէ մեկի որոշումները: Ո՞վ և ե՞րբ է կայացրել Աբովյան փողոցի մայթերի վրա կրպակներ տեղադրելու որոշումը, եղե՞լ են արդյոք պայմանագրեր այդ կրպակատերերի ընկերությունների հետ:
Եթե եղել են, ապա դրանք ապօրինի են, և ավելորդ է Աբովյան փողոցի կրպակատերերին փոխհատուցելու մասին ընդհանրապես խոսել: Իսկ եթե փոխհատուցում պետք է լինի, ապա դա պետք է վճարեն որոշում կայացրած քաղաքապետը և Երևանի այն ժամանակվա և այսօրվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Պաշտոնավարման տարիներին նրանց ձեռք բերած կարողությունները կբավարարեն Երևանի բոլոր կրպակատերերին փոխհատուցելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի բավականին բարձր հեղինակություն, որը վաստակել է Ավան թաղամասում թաղապետ աշխատած տարիներին: Եվ այսօր քաղաքապետի առաջ դրված է իր կարիերայի համար որոշիչ նշանակություն ունեցող մի հարցադրում. կկարողանա՞ Տարոն Մարգարյանը կայացնել հոսանքին հակառակ գնալու որոշում:
Եթե քաղաքապետը կարողանա դա անել, ապա ձեռք կբերի համակիրների հսկայական բանակ, ակտիվ երիտասարդների այդ բանակով նա կարող է միշտ հպարտանալ: Բայց դրա համար պետք է կատարի այդ քայլը՝ հոսանքին հակառակ գնալու որոշումը կայացնի: Նրանից կնեղանա ընդամենը երկու օլիգարխ: Այս երկուսից ոչ մեկը հասարակության մեջ ոչ մի հեղինակություն չունի, նրանց պաշտպանելու համար փողոց դուրս չի գա նույնիսկ երկու մարդ:
Այդ օլիգարխները նույնիսկ քաջություն չունեն, որ ասեն. «Այդ «բուտիկները» մերն են»: Արժե՞ նրանց համար ինչ-որ զոհողության գնալ, արժե՞ նրանց համար դուրս գալ այսքան երևանցիների դեմ, այսքան երիտասարդների դեմ:
Մի կողմ թողնենք Մաշտոցի այգու այս պատմությունը: Արժե՞ պահել մի գլխավոր ճարտարապետի, որը մշտապես խաբում է երևանցիներին: Ես համոզված եմ, որ նույն հաջողությամբ նա խաբում է նաև քաղաքապետին:
Աբովյան փողոցի այդ կրպակները տեղադրվել էին Նարեկ Սարգսյանի համաձայնությամբ և այն ժամանակ էլ ապօրինի էին: Ինչպե՞ս է քաղաքապետարանն այն ժամանակ թույլատրել տեղադրել այդ կրպակները մայթերին, ինչո՞ւ պիտի շարունակական ապօրինությունների համար չպատժվեն ապօրինի որոշումներ կայացրած պաշտոնյաները:
Հիշենք, թե ինչպես Նարեկ Սարգսյանի «օրհնությամբ» օպերայի շրջակայքը վերածվեց սրճարանակույտի: Իսկ հիմա նա խոսում է հին Երևանը վերականգնելու մասին: Եվ Հանրային խորհրդում այնքան հեշտությամբ էր խաբում մարդկանց, այնքան բնական է դարձել սուտը Նարեկ Սարգսյանի մասին, որ մարդիկ գլուխները կախ «հավատում էին» նրան:
Նա ասում էր, թե Մաշտոցի այգու կրպակները տերեր չունեն: Ուրեմն «անտերի» համա՞ր եք այդ ամենն անում: Ասում էր, թե ինքը չգիտի՝ ովքեր են այդ կրպակների տերերը: Կա՞ մեկը այս քաղաքում, որ հավատա Նարեկ Սարգսյանի ասածին: Իհարկե, ոչ: Նա շատ լավ գիտի ամեն ինչ, հենց նրա ձեռքի տակով են անցել այդ կրպակների նախագծերը, հենց նա է հաստատել նաև նորից հանրության ուշադրության կենտրոնում հայտնված, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ կառուցվելիք առևտրի կենտրոնի ծրագիրը:
Այնպես որ, Տարոն Մարգարյանը պետք է չեղյալ համարի իր որոշումը, որը ընդունել է 2011թ. դեկտեմբերի 30-ին: 7373-Ա որոշումն ունի այս վերնագիրը. «Աբովյան փողոցի հ.21/3 հասցեում գտնվող վարձակալությամբ տրամադրված հողամասի վրա գտնվող շինությունները ապամոնտաժելու և 247,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով «Արևելյան օազիս» ՍՊԸ-ին տրամադրելու մասին»: Այս ՍՊ ընկերությունը պատկանում է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրի Բեգլարյանին:
Ահա այդ որոշման 3-րդ կետը. «Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգու Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված /195.0քմ+52.0քմ/247.0 քմ մակերեսով հողամասը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցապատման իրավունքով տրամադրել «Արևելյան Օազիս» ՍՊԸ-ին»:
Առայժմ չենք պարզել, թե ում է պատկանում երկրորդ ընկերությունը, որին Աբովյան փողոցից հանելով՝ նորից Մաշտոցի այգում են «բուտիկի» տարածք հատկացրել:
Այս որոշումը չեղյալ հայտարարելով՝ քաղաքապետը երևանցիներին մասնակից կդարձնի որոշումներ կայացնելուն, դրանով ավանդույթ կդարձնի, որ քաղաքում հանրային տարածքներում որևէ բան կառուցելուց առաջ պետք է լսել հանրային կարծիքը, խոսել երևանցիների հետ:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել