
Խոշտանգումները բացահայտելու նպատակով նախատեսվում է ոստիկանության շենքերը կահավորել տեսաձայնագրող սարքերով
Ոստիկանությունն առաջարկում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով:
Նման նախագիծ է ոստիկանությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների և անմարդկային այլ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու համար»,- որպես հիմնավորում՝ հայտնել է ոստիկանությունը։
Ոստիկանությունը նախագծով առաջարկում է նաև կարգավորում ոստիկանության ծառայողների թույլատրելի նկարահանումների մասով։ Ըստ դրան, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է, տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին, գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար և նախազգուշացնել անհրաժեշտ չէ, իսկ եթե ոստիկանության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում ոստիկանը պետք է բանավոր կերպով պարտադիր նախազգուշացնի տեսանկարահանման մասին։
Մեկնաբանել