
Նշագեղձերի վիրահատությունը՝ մահվան առիթ. ծնողները մեղադրում են բժշկին
«Հրազդան» բժշկական կենտրոնում նշագեղձերի հեռացման վիրահատությունից երկու օր անց` հունվարի 28-ին, ներքին արյունահոսություն ունենալուց հետո մահացել է չորս տարեկան Միլենա Մարտիրոսյանը:
Երեխայի ծնողների` Գևորգ Մարտիրոսյանի ու Նարինե Սարգսյանի կարծիքով, նշագեղձերի հեռացման վիրահատությունն ընդամենն իրենց երեխայի մահվան առիթն էր, իսկ բուն պատճառը դարձել է բուժանձնակազմի անհոգատար վերաբերմունքը: Հայրը` Գևորգը, ասում է, որ վիրահատող բժիշկ Հայկ Աֆյանը՝ իմանալով, որ Միլենան մահացել է, հեռախոսազանգերին չի պատասխանում. «անհետացել» է:
«Միլենա Մարտիրոսյանը հիվանդանոց է ընդունվել ամսի 26-ին պլանային վիրահատության կապակցությամբ,- նշում է «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը,- հետազոտությունները կատարվել են ժամանակին, որից հետո երեխային վիրահատել են ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունը լավ է անցել: Հետվիրահատական շրջանում երեխան լավ է զգացել և ակտիվ է եղել: Հունվարի 27-ին զննվել է վիրահատող բժիշկ Աֆյան Հայկի կողմից: Երեխայի վիճակը եղել է բավարար, այսինքն`ընդհանուր վիճակը համապատասխանել է կրած վիրահատությանը: Ես չեմ մասնակցել երեխայի` հիվանդանոցից դուրս գրման գործընթացին և չեմ կարող այդ մասին ստույգ տվյալներ ներկայացնել, բայց բժիշկ ԱՖյանն ինձ ասել է, որ ծնողներն իրենք են դիմել, որ երեխան շուտ դուրս գրվի: Եվ քանի որ երեխայի վիճակը շատ լավ է եղել, բացի այդ՝ Միլենայի մայրն ունի մեծ հղիություն և անհարմարություններ են եղել գիշերը մնալու համար, բժիշկը համաձայնվել է, քանի որ չի եղել որևէ հակացուցում դուրս գրելու համար: Բժիշկը ծնողներին մանրամասն խորհուրդներ է տվել, թե ինչպես պետք է կերակրել, տվել է նաև իր հեռախոսահամարը, որպեսզի ինչ-որ խնդիր առաջանալու դեպքում զանգեին»:
Գևորգը չի հերքում այն փաստը, որ բժիշկը հետվիրահատական շրջանում` հունվարի 27-ին, ստուգել է իր երեխային, բայց թե ինչպես, հուզմունքը զսպելով է ներկայացնում. «Վիրահատությունից հետո բժիշկը մեզ կանչեց իր կաբինետ, ես ու եղբայրս ենք գնացել նրա մոտ,- պատմում է Գևորգը,- ասաց, որ իրեն պետք վճարենք 30 հազար դրամ: Էդ ժամանակ մեզ մոտ 30 հազար դրամ չկար, 20 հազար դրամ էր: Խնդրեցինք, որ գումարի մնացած մասը` 10 հազար դրամը, հաջորդ օրը տանք: Համաձայնվեց, ասաց, որ հաջորդ օրը ժամը երկուսից հետո է գալու աշխատանքի, և մենք էլ կարող ենք այդ ժամերին փողը տանել»:
Հաջորդ օրը բժիշկ Հ. Աֆյանը, ըստ երեխայի մոր` Նարինե Սարգսյանի, աշխատանքի է եկել պայմանավորված ժամից շուտ` առավոտյան, բացել է այն հիվանդասենյակի դուռը, որտեղ պառկած է եղել Միլենան և Նարինեին հարցրել է. «Ամուսինդ դեռ չի՞ եկել»: Երբ իմացել է, որ Գևորգը դեռ չի եկել, հեռացել է առանց երեխային զննելու:
Գևորգը պատմում է, որ կնոջ զանգից հետո աշխատավայրից անմիջապես շտապել է հիվանդանոց, մտել է բժշկի աշխատասենյակ ու վճարել 10 հազար դրամը:
«Երբ հարցրի` Միլենայիս վիճակը ոնց է, ասաց, որ գնամ, էրեխուն բերեմ իր կաբինետ, որ ստուգի»,- ասում է Գևորգը:
«Եթե երեխան ակտիվ է, իրեն լավ է զգում, ապա ճիշտ է նրան հենց քիթ-կոկորդ-ականջաբանի աշխատասենյակում ստուգելը, ոչ թե հիվանդասենյակում, որովհետև դրա համար անհրաժեշտ են պայմաններ, սարքավորումներ»,- ասում է հիվանդանոցի տնօրեն Ռ. Սահակյանը:
Սակայն ըստ Գևորգի` Միլենան վիրահատության հաջորդ օրը իրեն լավ և «ակտիվ» չի զգացել, ինչպես տնօրենին ներկայացրել է բժիշկ Աֆյանը:
«Ես բժշկին ասում էի, որ էրեխուս փորը ցավում է,- ասում է Գևորգը,- պատասխանեց, թե փորն էլ կցավա, ականջներն էլ կցավան, որ վիրահատությունից հետո դա նորմալ է»:
Գևորգը երեխային հիվանդասենյակից գրկած տարել է Աֆյանի աշխատասենյակ, որտեղ երեխային զննելու համար նրան պետք եկած միակ գործիքը բժշկակական գդալն է եղել:
«Որ էրեխուն պալատից գրկած տանում էի բժշկի կաբինետ,- պատմում է հայրը,- բերանից ուժեղ հոտ զգացի, բայց որ Աֆյանը գդալով էրեխու բերանը բացեց, նայեց, ասաց` ամեն ինչ նորմալ է, կարող եմ դուրս գրել, տանենք տուն»:
Հ. Աֆյանը երեխայի ջերմությունը չի չափել, փոխարենը ծնողներին է հարցրել «տաքություն ունի՞»:
«Բուժքույրն էլ չէր մտել պալատ ու էրեխու ջերմությունը չէր չափել: Հենց որ գնում էինք, իրենցից ջերմաչափ էինք ուզում, ասում էր՝ «առ, տար չափի»: Էդ ջերմաչափն էլ չէր աշխատում, ինչքան թափ էինք տալիս, 35-ի վրա էր: Դուրս գալիս էրէխու փորը ցավում էր, խնդրեցի բժշկին գոնե դիմեդրոլ-անալգին սրսկի, սրսկեց, բերեցինք տուն»,- պատմում է Գևորգը:
Տանը Միլենայի փորացավն ու սրտխառնոցը շարունակվել է, բայց ծնողները չեն անհանգստացել` մտածելով, որ դա հետվիրահատական նորմալ գործընթաց է, ինչպես հանգստացրել էր նրանց Հ. Աֆյանը: Հայրն ասում է, որ իրենք երեխային տանը պահել են այնպես, ինչպես բժիշկն է նախազգուշացրել. չեն տվել շատ տաք, սառը և կոշտ կերակուր:
Աֆյանի հանձնարարությամբ` Միլենան բժշկական զննության պետք է տարվեր հաջորդ շաբաթ: Աղջիկը, ըստ ծնողների, գիշերը հանգիստ քնել է:
«Հաջորդ օրն արդեն աշխատանքի էի գնացել,- պատմում է Գևորգը- կինս զանգեց ու ասաց, որ Միլենաս, երբ հողաթափերը հագնելիս կռացել է, լյարդացած սև արյուն է փսխել, հետո քթից ու բերանից սկսել է ուժեղ արյունահոսել, մայրս ու կինս էրեխուն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել»:
Ըստ Նարինեի, երբ Միլենային հասցրել են հիվանդանոց, այնտեղ եղել են Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Էդուարդ Մելիքյանը և մի քանի բուժքույրեր, «բայց օգնություն չեն ցուցաբերել», բուժքույրերից մեկն էլ ասել է. «էրեխուն մեռած հասցրել եք էստեղ, ուզում եք փրկե՞նք»:
Էդուրադ Մելիքյանը հաստատեց, որ երեխային հիվանդանոց բերելու ժամանակ ինքը ընդունարանում է եղել. «Մայրը երեխային գրկած բերեց, սկեսրոջ հետ էր: Ես անմիջապես ընդառաջ եմ գնացել, պառկեցրել եմ մահճակալին: Երբ նայեցի, բբերը հավասարաչափ լայնացած էին, սրտի աշխատանքը դադարել էր, այսինքն` արդեն մահացած էր: Սրտի արհեստական մերսում արեցի: Չնայած շուտով դատաբժշկական քննությունը ցույց կտա իրականությունը, բայց ինձ թվում է, որ այս դեպքում արյունահոսող մեծ անոթ չէր կարող լինել, և զանգվածային արյունահոսություն չի եղել, արյունը կաթ-կաթ է հոսել: Դիահերձումը ցույց է տվել, որ արյունը լցվել է երեխայի ստամոքսը, որը առաջացրել է փսխման ռեֆլեքս, արդյունքում արյունը լցվել է երեխայի շնչափողը և հանգեցրել շնչուղիների փակմանը` ասֆիքսիայի»:
Բժիշկ Մելիքյանի խոսքով` իրենք ամեն ինչ արել են երեխային փրկելու համար, բայց արդեն շատ ուշ է եղել: Իսկ Գևորգը համոզված է, որ իր երեխան հիվանդանոց հասցնելու առաջին րոպեներին մահացած չի եղել:
«Շատ շուտ եմ հասել հիվանադանոց, էրեխես ընդունարանում պառկած էր, բերանում փրփուր չկար, թեթևակի արյուն էր գալիս, որ ձեռքով մաքրեցի, զգացի, որ էրեխես տաք է, բժիշկ ու բուժքույր էինք փնտրում, որ ասեինք` էրեխեն կենդանի է, փրկեն: Ես ու եղբայրս մի ժամ կռիվ ենք տվել, զայրույթից ամեն ինչ ջարդուփշուր էինք անում, ոչ բժիշկ կար, ոչ քույր, դուրս չէին գալիս կաբինետներից, կինս հղի է, ուշաթափվեց ընկավ, ոչ մի քույր չէր մոտենում, օգնություն ցույց չէր տալիս»:
Միլենան մահացել է ընդունարանում:
Ինչի՞ց կարող էր երեխայի վիճակը վիրահատությունից հետո կտրուկ վատանալ: Տնօրեն Ռոբերտ Սահակյանը կարծում է, որ նրան կոշտ սնունդ են տվել. «Չնայած պատճառները պարզ կլինեն դատաբժշկական փորձաքննությունից հետո, բայց ինձ թվում է՝ երեխան կոշտ սնունդ է ընդունել, առաջացել է փառի թեթևակի վնասում և սկսվել է դանդաղ արյունահոսություն: Դա տևել է երկար ժամանակ, քանի որ արյան քանակությունը, որ նա հետ է տվել, եղել է բավական շատ»:
Ծնողները հերքում են բժշկի կարծիքը և ասում, որ նախորդ օրը Միլենան նույնիսկ ջուրն էր դժվարությամբ խմում, և նրան փափուկ սննդով են կերակրել:
Բժիշկ Մելիքյանն ասաց, որ նման վիրահատություններից հետո նորմալ չէ սրտխառնոց և փորացավ ունենալը. «Սրտխառնոցը տվյալ վիրահատության հետ բացարձակ կապ չունի, կամ փորը ինչո՞ւ պետք է ցավի»:
Իսկ թե ինչպես է Հայկ Աֆյանը Միլենայի փորացավը, թուլությունն ու սրտխառնոցը համարել բնական՝ նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո, չկարողացանք ճշտել. նա աշխատավայրում չէր և հեռախոսազանգերին չէր պատասխանում: Տնօրեն Ռ. Սահակյանն ասում է, որ «նրան քննչական վարչությունը այս օրերին կանչել, քննում է. ընթանում է լուրջ քննություն»:
Դեռևս չկա Միլենա Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Հ.Գ. Միլենայի ծնողները նշում են, որ իրենց երեխայի տարիքը լրատվամիջոցները սխալ են ներկայացրել: Աղջիկը չէր հասցրել դառնալ հինգ տարեկան. նա չորս տարեկան էր: Բացի այդ՝ վիրահատության ժամանակ հեռացվել են երեխայի ոչ միայն նշագեղձերը, այլև քթի պոլիպը:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել