
Փաշինյանի վստահեցմամբ՝ նախարարությունների քանակի կրճատման նպատակը փող խնայելը չէ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին, նախարարներ Լիլիթ Մակունցին և Մխիթար Հայրապետյանին՝ գործադիրում ունեցած համատեղ աշխատանքի համար:
Նշենք, որ նրանք այսօրվանից կստանձնեն ԱԺ պատգամավորի լիազորությունները: Կառավարության անդամի պաշտոնում այսօր նրանց վերջին օրն էր: Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ԱԺ-ում կառավարության արդյունավետ գործունեությանը կնպաստեն:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքի փոփոխությանը, մասնավորապես՝ նախարարության թվաքանակի կրճատմանը. «Այս գործընթացի իմաստը և նպատակը փող խնայելը չէ: Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է. բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը, սա թերևս միակ նպատակն է, որը կարելի է և արժե ձևակերպել: Այս առումով մեզ շատ լուրջ աշխատանք է սպասվում»,- նշեց կառավարության ղեկավարը:
Նրա փոխանցմամբ՝ այս հարցերի շուրջ գործադիրում արդեն քննարկումներ են ունեցել: Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը համոզված է, որ պետք է կրճատվի նախարարությունների քանակը, և քաղաքացիներից ստացել են այն իրագործելու մանդատը:
Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձավ սփյուռքի նախարարության գործունեության դադարեցմանը: Ասաց՝ տպավորություն կա, որ իրենք ցանկանում են «խաչ քաշել» սփյուռքի նախարարության վրա: Ընդգծեց՝ հստակ նպատակ ունեն, որ պետք է առավել արդյունավետ դարձնեն սփյուռքի հետ հարաբերությունները.
«Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք սփյուռքի մեր հայրենակիցների հետ, և հույս ունեմ՝ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Մեկնաբանել