
Ռումբի ահազանգ. Կենտրոնի դատարանում շները որոնում են
Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքից տարհանվել է ողջ անձնակազմը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անգամ ոստիկանական ավտոմեքենան դատարանից քննչական մեկուսարան է տեղափոխել դատարան բերված կալանավորներին:
Անհայտ անձը զանգահարել է դատարան եւ հայտնել, որ դատարանի շենքում ռումբ կա եւ այն պետք է պայթի:
Դեպքի վայր են ժամանել ԱԱԾ աշխատակիցները` շներով եւ արդեն սկսել են շենքի ներսում որոնողական աշխատանքները:
Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Կնետրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այստեղ են նաեւ Հայաստանի փրկարար ծառայության, Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ, նաեւ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորները:
Որոշ ժամանակ անց պարզվել է, որ ահազանգը կեղծ է, և դատարանը շարունակել է իր բնականոն աշխատանքը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել