
Ալավերդցիներն ընդդեմ «Հայէկոնոմբանկ»-ի․ «Մենք պետք է ատամներով պահենք Ալավերդու պատկերասրահի շենքը»
Բանկն ընդդեմ մշակութային օջախի. կարճ՝ այսպես կարելի է բնութագրել Ալավերդու պատկերասրահի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կառավարության որոշմամբ պատկերասրահին տրամադրվել է տարածք։ Այն այժմ Սուքիասյան ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» սեփականությունն է։
Դեկտեմբերի 22-ին Ալավերդու պատկերասրահում հավաքվածներն իրենց դժգոհությունը հայտնեցին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի կողմից համայնքի սեփականության գույք հանդիսացող պատկերասրահի շենքը յուրացնելու համար:
«Պատկերասրահն իր հիմնադրման օրվանից տարածաշրջանի նկարիչներին միակ կապող օղակն է: Եթե այսօր այն փակեն, մեր կապն ընդհանրապես վերանալու է: Բայց փաստը մնում է փաստ, որ պատկերասրահը խիստ անհրաժեշտություն է մեր բնակչության կյանքում»,- ասաց նկարիչ Վարդան Վարդանյանը:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը հավաքվածներին առաջարկեց՝ խնդրին հանրային հնչեղություն տալու համար Հայաստանի մշակութային հայտնի գործիչներին նույնպես ներգրավել պատկերասրահի շենքի համար սկսված պայքարում:
«Մենք՝ որպես առանձին իրավաբանական անձ, գրություն կուղարկենք նաև կառավարությանը»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։ Նա առաջարկեց պատկերասրահի շենքի հարցը քննարկել նաև համայնքի ավագանու նիստում:
Ռեժիսոր Հրաչյա Պապինյանը հիշեց, թե ինչպես էին նախորդ դարի 80-ական թվականներին Ալավերդիում վերանում տնակային խանութները:
«Այդ ժամանակ քաղաքում կառուցեցին հանրախանութ, մի տեսակ Ալավերդին վերափոխվում և ուրիշ տեսք էր ստանում: Ու մեկ էլ միանգամից Ալավերդիում ազգային պատկերասրահի մասնաճյուղ բացվեց, ոգևորիչ էին այդ տարիները: Բայց ով կսպասեր, որ վերջում այսպիսի վիճակ կստեղծվի: Պատկերասրահը պետական միակ վերաբերմունքն է, որ Ալավերդիում ստեղծագործող մարդու համար ինչ-որ բան արվել է: Սա եզակի դեպք է»,- ասաց Հ. Պապինյանը:
Պատկերասրահի շենքը փրկելու համար Հ․ Պապինյանն առաջարկեց ալավերդցիների ստորագրությամբ դիմում ուղարկել կառավարություն՝ 1997թ.-ի մարտի 14-ի N51 որոշմամբ Ալավերդի համայնքի սեփականության գույք հանդիսացող պատկերասրահի շենքից «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղը հանելու և այլ տարածք հատկացնելու համար: «Նաև խնդրենք ավագանուն՝ այդ մասին ուղերձ հղի կառավարությանը»,-ասաց Հ. Պապինյանը:
Ավագանու անդամ Արտուշ Աբելյանի ասելով՝ համայնքապետ Սասուն Խեչումյանը պատկերասրահի շենքի հարցն անցած 8 ամիսներին չի ներկայացրել ավագանու քննարկմանը:
«Պատկերասրահը մեր ինքնադրսևորվելու միակ հնարավորությունն է: Կարող եմ ավելացնել, որ Ալավերդին հանրապետությունում եզակի քաղաքներից է, որն ունի ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Վախենամ` կորցնենք բարձր կարգավիճակ ունեցող մեր պատկերասրահը: Շենքը «Հայէկոնոմբանկի» ձեռքում հայտնվելու նախապատմությանը ես տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ, որ այս շենքը 32 տարի մեր պատկերասրահն է եղել: Եթե նկատում եք` անգամ տանիքն այնպես է վերանորոգվել, որ լուսավորությունը վերևից լինի: Սա հատուկ է արված»,- ասաց նկարիչ Արսեն Գրիգորյանը:
Քննարկման մասնակիցները որոշեցին պատկերասրահի շենքի հետ կապված անօրինությունը կանխելու համար տարածաշրջանի բնակիչների 300 ստորագրություններով բողոք ներկայացնել կառավարությանը: Որոշեցին նաև ավագանուն խնդրել ուղերձով դիմել կառավարությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին «Հետքը» ներկայացրել է, թե ինչպես է Ալավերդու պատկերասրահի շենքը դարձել «Հայէկոնոմբանկի» սեփականությունը։
Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը գրություն է ուղարկել ոստիկանության Թումանյանի բաժին՝ հրապարակման փաստերն ուսումնասիրելու և քրեական գործ հարուցելու նյութեր նախապատրաստելու համար: Հրապարակումից արդեն անցել է 23 օր, սակայն համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը և ավագանին պատկերասրահի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ չեն հայտնել իրենց դիրքորոշումը: «Հետք»-ը փորձել է պարզել, թե համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը տեղյա՞կ է կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի N51 որոշումից, ըստ որի՝ Ալավերդու պատկերասրահի շենքն առ այսօր համայնքի սեփականության գույք է, ինչպես Ալավերդու կամուրջները, աղբավայրը, մարզադպրոցը, երաժշտական դպրոցները և այլն:
«Երբ թեման շոշափվել է, ես ինքս էլ եմ տեղյակ եղել «Հետք»_ի հրապարակման մեջ նշված փաստերից մի քանիսին: Բայց հրապարակմամբ շատ ավելի փաստերի եմ տեղեկացել: Ես ընդամենը պատկերասրահի շենքի սեփականության տեխնիկական անձնագիրն էի տեսել, որը շենքի սեփականության գույքաթերթն է: Հիմա հոդվածում նշված իրավական հիմքերի առկայության պայմաններում գտնում եմ, եթե անգամ այս պահին կա պատկերասրահի շենքի ապօրինի սեփականատեր, դա կարող է չեղարկվել միայն դատական կարգով»,- ասաց Ս. Խեչումյանը:
Վերջինս Ալավերդու քաղաքապետարանում նաև իրավաբան է աշխատել: Ս. Խեչումյանի խոսքով՝ որևէ համայնքապետ չի կարող փոխել ՀՀ կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի N51 որոշումը: Իրավական առումով կառավարության որոշումը, կարգադրությունը և իրավական նորմատիվ այլ փաստաթուղթ կարող է փոփոխության ենթարկել միայն որոշումն ընդունող մարմինը, այս դեպքում` կառավարությունը:
«Բայց ես չգիտեմ` համայնքն ինչ սկզբունքով և ինչ իրավական հիմքով է շենքը տվել այլ իրավաբանական անձի»,- ասաց Ս. Խեչումյանը, որից էլ պարզվեց, որ Ս. Խեչումյանը հոդվածն ուշադիր չի կարդացել: Պատկերասրահի շենքը ոչ թե համայնքն է տվել «Հայէկոնոմբանկին», այլ համայնքի սեփական գույք պատկերասրահի շենքը «Քաղառի» 3 մլն դրամ վարկի դիմաց Վանաձորի առաջին ատյանի դատարանի վճռով՝ որպես խանութ պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղի անունով: Ալավերդու այդ տարիների համայնքապետերն առանձնակի շահագրգռություն են ցուցաբերել շենքը «Հայէկոնոմբանկ»-ին հանձնելու գործում: Թե որն է եղել նրանց շահագրգռության պատճառը, դա պետք է պարզեն իրավապահ մարմինները:
Իսկ համայնքի ղեկավար Ս. Խեչումյանը, ով 8 ամսվա ընթացքում որեւէ բան չի արել «Հայէկոնոբանկ»-ի մեքենայնությունները կանխելու համար, մեզ հետ զրույցում հայտնեց, որ «իր դիրքորոշումը պատկերասրահի կողմն է»:
«Ես տեղյակ չեմ եղել, որ կառավարության որոշումով պատկերասրահն իր շենքով Ալավերդի համայնքի սեփականության գույք է: Սա հրաշալի է, որովհետև այդ շենքը ինքնին շատ լավ շենք է, շատ լավ դիրք ունի և պատկերասրահի համար շատ հարմար է: Այսօր, ցավոք սրտի, քաղաքի մշակութային կյանքն անկում է ապրում, բայց ալավերդցին մշակութային մարդ է։ Մենք պետք է ատամներով պահենք պատկերասրահի շենքը»,- ասաց ավագանու անդամ Հարութ Ձավարյանը:
Մեկնաբանել