
Վարդան Ղուկասյանը պատրաստ է մտնել «սրբազան պարտքի» տակ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի Թբլիսիի տունը գնելու են ինքն ու իր եղբայրները:
«Դա ինձ համար մեծ պատիվ է, որ համայն հայության մեծ բանաստեղծի բնակարանը Ղուկասյան եղբայրները գնեն եւ նվիրեն հայ ազգին: Երբ իմացա, որ գնողներ չկան, մեծ ցանկություն հայտնեցի, որ կարող ենք եղբայրներով գնել բնակարանը եւ մտնել այդ սրբազան պարտքի տակ»,- ասում է Վարդան Ղուկասյանը:
Ըստ Գյումրու քաղաքապետի` տունը գնելուց հետո այն հանձնելու են Թիֆլիսի հայ համայնքին, ինչպես որ հայտարարել են կառավարությունն ու գրողների միությունը:
«Ոնց նպատակահարմար գտան, այդպես էլ կանենք: Տալու ենք տունը մեր ազգին, մենք ի՞նչ պիտի անենք»,- ավելացրեց Վ. Ղուկասյանը:
Քաղաքապետը Թումանյանի տան գնի վերաբերյալ տեղեկություն ստացել է հեռուստատեսությունից , այն էլ` իրարամերժ:
«Լսել եմ 70.000 եւ 100.000 դոլար: Երբ պահը գա, որ ասեն X գումար արժե տունը, պատրաստ ենք այդ գումարը հատկացնել»,- ավելացրեց Վարդան Ղուկասյանը:
Մեկնաբանել