
Լրագրողները ստորագրահավաք են սկսել` ընդդեմ Սամվել Նիկոյանի կարգադրության
Մի խումբ լրագրողներ ստորագրահավաք են սկսել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի երեկվա կարգադրության վերաբերյալ: Լրագրողները նշել են, Սամվել Նիկոյանի քայլը «մեծ վրդովմունք» է առաջացրել:
«2011թ. դեկտեմբերի 6-ի Ձեր նախընտրական ելույթում հայտարարել էիք, որ անկախության 20 տարիների ընթացքում օրենսդիր մարմնում ձեւավորվել են օրինակելի ավանդույթներ, որոնց պահպանման եւ զարգացման նախանձախնդիր պաշտպանը կդառնամ ընտրվելու պարագայում: Այսօր, սակայն, ցավով պետք է արձանագրենք հակառակը: Գոհար Պողոսյանն ավելի քան 20 տարի աշխատել է խորհրդարանում: Իր պաշտոնավարման ընթացքում մշտապես աչքի է ընկել իր բարեխղճությամբ, պրոֆեսիոնալ բարձր ունակություններով, հայրենիքին, պետությանը իր նվիրվածությամբ»,- ասված է ԱԺ նախագահին հասցեագրված նամակում:
Տեքստում նշված է, որ հավասարապես, առանց խտրականություն դնելու, Գ. Պողոսյանը շփվել է լրագրողների հետ՝ անկախ վերջիններիս քաղաքական հայացքներից ու ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունից, ինչի արդյունքում վայելում է լրագրողների սերն ու հարգանքը:
«Գոհար Պողոսյանի նկատմամբ կատարվածը մենք համարում ենք անթույլատրելի: Եվ կոչ ենք անում Ձեզ անհապաղ վերանայել ու չեղյալ հայտարարել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի աշխատանքից ազատելու կարգադրությունը»:
Հայտարարությանն արդեն միացել են տասնյակ լրագրողներ: Այժմ էլ ստորագրահավաքը շարունակվում է եւ լրագրողների նամակը Սամվել Նիկոյանին կփոխանցվի առաջիկայում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել