
Ինչպե՞ս հաղթահարել գրագողությունը. առաջարկ հայաստանյան բուհերին
Մի քանի օր առաջ փողոցում Արմենին հանդիպեցի: Հին ընկերներիցս է Արմենը: Անհանգիստ էր ու մտահոգ: Շուտով մագիստրոսական թեզ է գրելու, բայց գիտական աշխատանք անելու փորձ չունի: Այն, որ բակալավրիատը հասարակագիտական մասնագիտությամբ ավարտած ուսանողը դեռ ոչ մի գիտական հոդված չի գրել, միջազգային ստանդարտներով՝ անհավանական, իսկ ահա մեր կրթական միջավայրում՝ սովորական բան է:
Ինչու՞ են ուսանողներն առհասարակ դժվարանում
Ի տարբերություն գրական-գեղարվեստական ստեղծագործությունների, որոնց ստեղծման համար խոշոր հաշվով հերիք են բնատուր ձիրքը, օժտվածությունն ու ներշնչանքը, գիտական աշխատանք անելու համար հատուկ գիտելիքներ են պետք, անհրաժեշտ է բովանդակայինից մինչև երկրորդական թվացող տեխնիկական առանձնահատկությունների իմացություն: Կան օրենքներ, որոնք գիտական աշխատանքը տարբերակում են, ասենք, շարադրությունից կամ ակնարկից:
Առանց այդ ստանդարտների հստակ իմացության, ուսանողն ունի երկու ընտրություն. կա՛մ գրել վատ աշխատանք կա՛մ դիմել գրագողության: Երկու տարբերակն էլ լայն տարածված են հայաստանյան բուհերում:
Իրավիճակը Գերմանիայում. համառոտ անդրադարձ
Բրեմենի համալսարանում, ինչպես նախորդ հոդվածում էի ներկայացրել, ուսանողը բացարձակ ազատ է ու ինքն է դասացուցակ «հավաքում»: Բայց մի առարկա կա, որը հենց առաջին կիսամյակում բոլոր ուսանողների համար ՊԱՐՏԱԴԻՐ է: Խոսքը «Propädeutik» նախապատրաստական դասընթացի մասին է: Առարկայի նպատակն ակադեմիական հիմնային հմտություններ սովորեցնելն է:
Այնպիսի տարրական բաներ, ինչպիսիք են օրինակ՝ գրադարանից օգտվելը կամ գիտական հոդվածներ կարդալը (հատկապես ինչը կարդալ, ինչը բաց թողնել), սովորում ես հենց այդ դասընթացի ժամանակ: Անցնելով այս առարկան՝ ձեռք ես բերում համակարգված, քննադատական ու տրամաբանական մտածողություն, սովորում ես փաստարկել, ինչպես նաև մեկ թեմայի շուրջ համակարգային աշխատել:
Լուսանկարը՝ Universität Bremen / Matej Meza
Դասընթացը գործնական բնույթ ունի․ կոնկրետ Բրեմենի համալսարանում այս առարկայից հավաքում ես ընդամենը երեք կրեդիտային միավոր: Մոտ 90 ժամվա ընթացքում ուսանողը սովորում է գտնել գիտական աշխատանքի թեմա, նկատել կոնկրետ խնդիր, հարցադրում անել, զեկույց գրել, սովորում է ինչպես գրականություն փնտրել, ինչպես փաստագրել աշխատանքը, ճիշտ հղում անել, ծանոթանում է գիտական ոճի առանձնահատկություններին և այլն: Դասընթացի ամենակարևոր բաղադրիչը, որ ես կառանձնացնեի, գիտական էթիկայի մասին քննարկումներն են: Հուզական առումով էլ այս դասընթացը հարգանք ու պատասխանատվություն է առաջացնում գիտական աշխատանքի նկատմամաբ:
Երբ երկրորդ կիսամյակում առաջին գիտական աշխատանքը պետք է անեի, ես ու համալսարանի բոլոր երկրորդ կիսամյակի ուսանողները, տիրապետում էինք ակադեմիական հիմնական պահանջներին ու չափանիշներին: Այսօրվա նման հիշում եմ տասը էջանոց աշխատանք ունեի՝ «Ատելության խոսքը ցանցում» թեմայով: Հուզված էի, որովհետև աշխատանքին բոլորը շատ լուրջ էին վերաբերվում, ուզում էի լավ հոդված գրել: Բայց այն վախն ու շփոթվածությունը, որ այժմ Արմենն է ապրում, հաստատ չունեի: Ինչու՞: Որովհետև համալսարանն ինձ նախապատրաստել էր, ես ունեի հստակ քայլերի հստակ հաջորդականություն, պլան, աշխատանքի մեթոդ:
Որպես հասարակագիտական մասնագիտութուն սովորող, երրորդ և չորրորդ կիսամյակներում հանգամանալից ծանոթացանք նաև հետազոտության նախ որակական, ապա՝ քանակական մեթոդներին: Քանի որ այս ծրագրերը ոչ բոլոր ֆակուլտետների ուսանողներն են անցնում, չեմ անդրադառնա դրանց:
9 քայլ դեպի առանց գրագողություն Հայաստան
1.Դասացուցակներում ներառել վերոնշյալ դասընթացի նման որևէ առարկա, օրինակ՝ «Գիտական աշխատանքի մեթոդներ»:
Տվեք ուսանողին գործիքներ, սովորեցրեք՝ ինչպես աշխատեն, ու կթեթևանա բոլորի գործը: Իհարկե, կարելի է հակադարձել, որ ինֆորմացիայի դարում լավ ուսանողը կարող է ցանկացած տեղեկատվություն գտնել համացանցում, բայց ինքնուրույն ձեռք բերած ինֆորմացիան դեռ գիտելիք չէ, այն չի կարող համակարգված ակադեմիական կուրսին փոխարինել: Բացի այդ, կարևոր է միասնական համակարգ ունենալը:
- Համալսարանների կայքերում ունենալ գիտական աշխատանքի մանրամասն ուղեցույց
Բրեմենի համալսարանում գոյություն ունեն ուղեցույցեր, որոնք, կարելի է ասել, վերոնշյալ դասընթացի համառոտագրությունն են: Ուղեցույցը անդրադառնում է ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական հարցերի, ինչպես, օրինակ՝ ընդունված տառաչափ կամ էջերի լուսանցքի չափ:
Սա հնարավորություն է տալիս ուսանողին աշխատանքը սկսելուց առաջ կամ ընթացքում ևս մեկ անգամ վերանայել այս կամ այն կետը: Առանձին բուհերում ուղեցույցեր մշակելուց հետո կարելի է աստիճանաբար կատարելագործել համակարգն ու հայաստանյան բոլոր բուհերում միասնական համակարգ ներդնել:
- Թեմայի ինքնուրույն ընտրություն
Գերմանիայում ուսումնառությանս վեց կիսամյակների ընթացքում ինձ որևէ թեմա չի պարտադրվել: Այստեղ ուսանողն ինքն է ընտրում թեմա՝ ըստ հետաքրքրությունների ու նախասիրությունների: Եթե ուսանողին «վերևից» հանձնարարվում է թեմա, դժվար թե ուսանողի գլխում կայծ առաջանա՝ հետազոտելու, խորանալու, բացահայտելու իրեն ոչ հոգեհարազատ թեման:
- Խորհրդատվության ժամեր
Սա, թերևս, ամենադժվար իրագործելի քայլերից է, որովհետև համալսարանների համար ֆինանսական լրացուցիչ բեռ է ենթադրում: Ընդհանրապես, հայաստանում լրացուցիչ խորհրդատվությունը դասախոսների բարի կամքի շնորհիվ է տեղի ունենում: Օրինակ՝ Գերմանիայում չես կարող դասախոսին պատահական տեսնել ու մոտենալ, հարց ուղղել: Դա անքաղաքավարի, անհարգալից քայլ է: Անհրաժեշտ է նախ՝ գրանցվել խորհրդատվության, նշել հարցերդ, որ դասախոսը պատրաստվի, որից հետո նշանակված ժամին գնալ խորհրդատվության: Խորհրդատվությունը սովորաբար 15-20 րոպե է տևում, բայց այդ կարճ ժամանակն էլ արդյունավետ օգտագործվում է՝ շնորհիվ կոնկրետության և երկու կողմերի նախապատրաստվածության: Բնականաբար, Գերմանիայում դասախոսը վարձատրվում է այդ աշխատանքի համար:
- «Ես՝ Արմինե Հովհաննիսյանս, հաստատում եմ, որ աշխատանքը կատարել եմ ինքնուրույն….»
Շաբաթների լարված աշխատանքից հետո գրում ես վերջին էջը՝ եզրահանգումը: Քեզ թվում է, թե դու ավարտեցի՞ր աշխատանքը: Ոչ, դու ամենակարևորը դեռ չես արել: Հոդվածը հանձնելիս նաև փաստաթուղթ ես հանձնում, որը մոտավորապես այս տեքստն ունի. «Ես, Արմինե Հովհաննիսյանս, հաստատում եմ, որ աշխատանքը կատարել եմ ես: Ուրիշի մտքերն ընդգծված են և նշված՝ որպես այդպիսին: Ես տեղյակ եմ, որ գրագողությունը հանցանք է ու գրագողության դեպքում կարող եմ հետևանքներ կրել, ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը»:
Երբ դու ստորագրում ես այս տեքստի տակ, գիտակցում ես քո ամբողջ պատասխանատվությունը, հասկանում, որ գիտական էթիկան չհարգելու դեպքում՝ բարոյականից բացի նաև իրավաբանորեն լուրջ խնդիրներ կունենաս:
- Թափանցիկություն
Գիտական աշխատանքը էլեկտրոնային փոստով ուղարկելիս՝ ոչ միայն դասախոսիդ հասցեն ես նշում, այլև՝ ֆակուլտետի դեկանի կամ որևէ ասիստենտի հասցեն: Այս քայլը մի կողմից թափանցիկություն է ապահովում, ու բացառում դասախոսի ցանկացած բացասական մտադրություն, մյուս կողմից էլ կազմակերպչական բնույթ ունի:
- Թեմայի «երկար-բարակ» քննարկում
Երբ կիսամյակի սկզբում ընտրեցի գիտական հոդվածիս թեման, թվաց՝ արագ կաշխատեմ, կգրեմ, հաջորդ շաբաթներում կհանձնեմ: Բայց արի ու տես, որ նախ պետք է ներկայացնեի ռեֆերատ՝ թե ինչպես է Պլատոնը քննադատում դեմոկրատիան: Այնուհետև դասախոսին ու կուրսի բոլոր մասնակիցներին ուղարկեցի ներկայացրածս տեքստը: Սա հետաքրքիր քայլ է, որովհետև բանավոր ներկայացրած բովանդակությունը գրավոր ներկայացնելիս ևս մեկ անգամ խմբագրում ես տեքստը, փաստերը և դատողություններդ ստուգում ու կատարելագործում ես:
Բնականաբար, ամեն մի օղակում թե ղեկավարից, թե մյուս ուսանողներից հետադարձ քննադատություն, խորհուրդներ ես ստանում, լրացումներ կատարում: Ու երբ հոդվածը սկսում ես գրել, աշխատանքի զգալի մասն արդեն կատարված է: Մնում է միայն ի մի բերել տեքստը, որոշ լրացումներ կատարել ու ստանդարտ տեսքով հանձնել:
Այսպիսով՝ մի վախեցեք թեմայի երկար-բարակ քննարկումից: Ուզու՞մ եք, որ որևէ մեկը գրագողության չդիմի, թույլ տվեք աշխատանքը քայլ առ քայլ կիսամյակի ընթացքում կատարի:
- Փաստագրում
Այս քայլը նույնպես հայաստանյան և արտասահմանյան բուհերի սկզբունքային տարբերություններից է: Բանավոր աշխատանքի ժամանակ երբեմն անճշտություններ են լինում: Վտանգ կա, որ ասվածն արագ կմոռացվի:
Իսկ գրածը ամրապնդվում է, հետագայում էլ, երբ անհրաժեշտ է, այս կամ այն բանը վերհիշել, միանգամից բացում ես տվյալ թեմայի պրոտոկոլը: Ընդ որում, փաստագրելու տարբեր ձևեր կան՝ «reading diary», «mind map», սովորական փաստագրում և այլն: Կարևորն այն է, որ ոչ մի աշխատանք չի մնում «օդում»:
- Խրախուսեք ուսանողներին՝ սեփական օրինակով
«Մշակութային հիշողություն» առարկան դասավանդողը, որն ինքն էլ մագիստրատուրայի ուսանող էր, հետազոտում էր Բեռլինի վիետնամական համայնքը: Մենք՝ դեռ ոչ մի լուրջ հեազոտության մեջ չներգրավված ուսանողներս, կլանված հետևում էինք նրա աշխատանքին: Չէ որ մի բան է, երբ դասագրքային ոճով ներկայացվում է թեման, մեկ այլ բան, երբ դասախոսն ինքն է գլխավոր դերում, պատմում է, թե աշխատանքի ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում, լուծման մեր տարբերակները լսում և այլն: Հավատացեք, դա ոչ միայն հետաքրքիր է, այլև մոտիվացնող:
….
Արմենն աշխատանքը մի կերպ գլուխ կբերի: Չնայած հետազոտության ոչ մի գործիքի ու մեթոդի չի տիրապետում: Սակայն բոլորը չէ, որ այսպես են վարվում: Անվիճելի է, որ մեր երկրի բուհերում գրագողությունը լուրջ խնդիր է: Լուրջ ու միաժամանակ՝ անտեսված: Գիտական աշխատանք կատարելու դժվարությունների մասին ահազանգում են ոչ միայն ոլորտի փորձագետներ, այլ նաև դասախոսներ ու ուսանողներ: ԶԼՄ-ներում էլ պարբերաբար քննարկումներ են ծավալվում գրավոր ինքնուրույն աշխատանքի կազմակերպման թեմայով, սակայն այդ քննարկումները խնդրի լուծման չեն հանգեցնում: Ավելին, գրագողությունը կարծես թե Հայաստանում չի ընկալվում որպես կրթությանը խոչընդոտող, հրատապ լուծում պահանջող խնդիր: Հակառակ դեպքում՝ չէինք ունենա գրագողության բացահայտ առաջարկ անող տասնյակ գրասենյակներ, ու խնդիրն էլ օրակարգային կդառնար ԿԳՆ-ի և համալսարանների ղեկավարների համար: Ի դեպ՝ այս տարվա նոյեմբերի 7-ին հարևան Ռուսաստանում արգելվեց գիտական աշխատանքներ գրելու ծառայությունների գովազդը:
Կարևո՞ր է ակադեմիական գրագրությունը
Բնականաբար, բոլոր ուսանողները հետագայում գիտնականներ, հետազոտողներ չեն դառնալու: Ուսանողների չնչին տոկոսն է շարունակում ակադեմիական կարիերան: Սակայն գիտական աշխատանք անելը մի շարք որակներ է ձևավորում ուսանողի մոտ, որոնք նաև հետագա մասնագիտության մեջ են կիրառվում, դարձնում նրան ավելի համակարգված, զարգացնում քննադատական մտածողությունը:
Մեկնաբանել