
Ինչպես են քվեարկել քրեակատարողական հիմնարկներում
Քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) կալանավորները նույնպես մասնակցել են դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին։
Նախկինում քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը տեղի էր ունենում շրջիկ արկղով, բայց նոր Ընտրական օրենսգրքի համաձայն ՔԿՀ-ներում ձևավորվում են առանձին ընտրական տեղամասեր։
Ըստ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի` «Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»:
ՀՀ-ում կա 12 ՔԿՀ, և այս բոլոր հիմնարկներում ձևավորվել են ընտրական տեղամասեր։
Ընտրություններին ամենացածր մասնակցության ցուցանիշը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է՝ 64.58 % իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում` 75.94 %։ 12 ՔԿՀ-ներից 7-ում գրանցվել է 100 % մասնակցություն՝ այսինքն բոլոր այն կալանավորները, ովքեր ունեն քվեարկելու իրավունք, մասնակցել են ընտրություններին: Մնացած 3 հիմնարկում մասնակցությունը կազմել է 90 %-ից ավելի։
ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները համահունչ են ընտրությունների վերջնական արդյունքներին։
Այսպես՝ բոլոր 12 հիմնարկների ձայների 47.57 %-ը ստացել է «Իմ քայլը» դաշինքը, երկրորդ տեղում «ԲՀԿ»-ն է` 18.45 %, և երրորդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 11.65 %։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, որի և՛ առաջնորդը, և՛ անդամների մի մասը կալանավորման և ՔԿՀ-ներում գտնվելու փորձ ունեն, ստացել են 3.88 %։
Ներկայացնում ենք նաև ՔԿՀ-ներում ընտրության արդյունքները՝ ըստ կուսակցությունների և դաշինքների ստացած ձայների։
«Նուբարաշեն», «Արմավիր» և «Հրազդան» ՔԿՀ-ներում քվեարկելու իրավունք ունեցող կալանավորներն ավելի շատ են, քան մյուս հիմնարկներում, ուստի ներկայացնում ենք այս երեքում ամենաշատ ձայներ ստացած «ռեյտինգային» թեկնածուներին՝ ըստ առաջադրված կուսակցությունների և դաշինքների։ Կարող եք թերթել գրաֆիկը ՔԿՀ-ները փոխելու համար։
Մեկնաբանել