
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ Հայաստանում խոհրդարանական ընտրությունների վերաբերյալ
ԱՄՆ պետական դեպարտամենտն արձագանքել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ շնորհավորելով հայ ժողովրդին:
Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք ողջունում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) գնահատականն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային և թեկնածուները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել:
«Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ-ի նախնական եզրակացություններին, որ ընտրական գործընթացը վայելել է լայն հանրային վստահություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Մենք կոչ ենք անում իշխանություններին հետագա ընտրություններում խորհուրդների համար դիմել ԵԱՀԿ-ին և Վենետիկի հանձնաժողովին»,- ասվում է հայտարարությունում:
Պետդեպը ընդգծում է, որ 2018 թվականը Հայաստանում ուշագրավ փոփոխությունների տարի էր:
«27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը: Մենք ակնկալում ենք Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ համատեղ աշխատանք՝ խորացնելու համար մեր երկկողմանի գործընկերությունը և համագործակցությունը՝ օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարիի, առևտրի և ներդրումների զարգացման, ինչպես նաև տարածքային և համաշխարհային անվտանգության ապահովման նպատակով»,- եզրափակում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը (70.43 %), «Բարգավաճ Հայաստան» (8.27 %) և «Լուսավոր Հայաստան» (6.37 %) կուսակցությունները:
Մեկնաբանել