
Գանձակի ընտրատեղամաս ով ուզում, հանգիստ ելումուտ է անում
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղն ունի երկու ընտրատեղամաս՝ 19/29 և 19/28։
19/29 ընտրատեղամասում ընտրողների թիվը 1806 է, ժամը 18։00-ի դրությամբ այստեղ քվեարկել է 826 ընտրող։ Տեղամասում քվեախցիկների դասավորությունը բավականին անհաջող է։
Հարցին, թե ինչու են այդպես դասավորված քվեախցիկները, հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Աղվան Հովհաննիսյանը պատասխանեց. «Միշտ տենցա էղե»։ Ընտրատեղամասը միջանցքում է, ու ցանկության դեպքում ով ուզում, հանգիստ ելումուտ է անում, ոչ ընտրողները հեռանում են միայն չնկարվելու համար։ Հանձնաժողովի նախագահը կարծես նրանց չի նկատում, դուրս է հրավիրում միայն մեր ճշտող հարցից հետո, թե ինչ են անում նրանք տեղամասում։
Տեղամասում ներկա «Աբովյանի ուսանողական խորհուրդ» կազմակերպության դիտորդ Նազելի Սարգսյանը, սակայն, նշում է, որ ամեն ինչ հարթ է ընթանում այստեղ։
Գանձակ գյուղի մյուս ընտրատեղամասում՝ 19/28-ում, ընտրողների ընդհանուր թիվը 1538 է։ Ժամը 18։50-ի դրությամբ քվեարկել է 707 հոգի։ Գրանցամատյանում գրանցված օգնողների թիվը, նույն ժամի դրությամբ, 23 է։ Տեղամասի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը դժկամությամբ պատասխանեց անգամ իր անուն, ազգանունը ճշտող հարցին։ Իսկ այն, որ տեղամասի՝ դպրոցի մուտքերից մեկը փակ է գազելով, առհասարակ չմեկնաբանեց։ Դիմեցինք տեղամասում վերահսկողություն իրականացնող ոստիկանության աշխատակցին, ով շտկեց խնդիրը։
Մերի Սարգսյան
Մեկնաբանել