
Տարեց կինը քվեարկեց ՀՀԿ թեկնածուի մասին հուշող թղթով (տեսանյութ)
Չարենցավանի թիվ 27/28 ընտրատարածքում քիչ առաջ միջադեպ գրանցվեց:
Տարեց կինը ընտրասենյակ մտնելուց առաջ` մանկապարտեզի շենքի միջանցքում ծալած լրագրի միջից թուղթ հանեց, կարդաց, թուղթը դրեց լրագրի մեջ և մտավ ներս:
Մոտենալով քվեախցին` նա նորից գրպանից հանեց թերթը, դրա միջից հանեց մի թուղթ, կարդաց և կատարեց ընտրությունը: Հրապարակում ենք տեսանյութը:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Նալթակյանը հետաքրքվեց, թե ում և ինչու ենք նկարահանում, որից հետո խնդրեց, որ դեպքով զբաղվեն ոստիկանները:
Ընտրասենյակից դուրս գալուց հետո տատիկից փորձեցինք ճշտել, թե ինչ թուղթ էր պահել թերթի մեջ` գրպանում: Նա սկզբում ասաց, որ իր մոտ որևէ թուղթ չկա, ապա զայրացած գրպանից հանեց թուղթը ու ասաց, որ «շտաբից են տվել»: Որ շտաբից, ով է տվել, տատիկը հրաժարվեց պատասխանել` վրդովվելով ու զայրանալով հարցերից:
Թուղթը քվեաթերթի նմուշ էր, որի վրա կարմիր գրիչով նշան էր դրված ՀՀԿ թեկնածու Մնացական Մարատի Պողոսյանի անվան առջև: Տատիկն ասաց, որ ինքն է կարմիր գրիչով վրան նշել, որ կարողանա ընտրել:
Ընտրատեղամաս են ժամանել ոստիկաններ: Նրանք քաղաքացուն հարցեր տալուց հետո հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Մեկնաբանել